Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են կառավարության դռները օմբուդսմենի առաջ փակում, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նիստերը դռնբաց են

Մայիս 15,2018 20:33

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծով առաջարկեց, որ հաշվի առնելով միջազգային պարտավորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, ՄԻՊ-ի վրա դրվի հաշմանդամությանը վերաբերող հարցերով մշտադիտարկման իրականացումը. «Հստակ լիազորություններ են տրվում՝ կոնվենցիայի դրույթների մշտադիտարկում, անարգել այցելել այն հաստատություններ, որտեղ պահվում են հաշմանդամություն ունեցող անձինք, հանդես գալ զեկույցներով, առաջարկներ ներկայացնել եւ այլն: Երկրորդ հարցը, որ լուծվում է նախագծով՝ պաշտպանին դիմող անձանց շրջանակների ընդլայնումն է»:

Ուշագրավ է, որ այս նախագիծը դեռ նախորդ կառավարությանն է եղել, բայց արդարադատության նոր նախարար Արտակ Զեյնալյանը համաձայնել է նախագիծը ներկայացնել՝ որպես նոր կառավարության առաջարկ: Իսկ նախագծում նշվում է, որ օմբուդսմենը կառավարության նիստերին կարող է մասնակցել վարչապետի թույլտվությամբ, երբ նիստին քննարկվում է մարդու իրավունքներին առնչվող հարց:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հարցրեց՝ ի՞նչ հիմնավորմամբ է, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է կառավարության նիստերին մասնակցի վարչապետի հրավերով: Ես հիմքեր չունեմ պնդելու, որ նոր վարչապետը պաշտպանում է այն տեսակետը, որ նիստերը կառավարության լինեն պարփակված: Նա նախկինում այն տեսակետին էր, որ կառավարության նիստերը պետք է բաց լինեն այն պաշտոնատար անձանց համար, ում հիմնական առաքելությունը ՀՀ-ում օրինական պետական շահը պաշտպանելն է:

Փոխնախարարը պատասխանեց, որ քանի որ կառավարության նիստերը օրենքով արդեն նշել են, որ փակ են անցկացվում, միայն օմբուդսմենին թույլ տալով, որ անարգել մասնակցի նիստերին, նրան կարող էր մոտարկել գործադիրին:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն ասաց՝ դժվար է պատկերացնել մի որոշում, որը մարդու իրավունքներին չի առնչվում, հետեւաբար ինչո՞ւ սահմանափակել օմբուդսմենի՝ նիստին մասնակցությունը. «Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, ոչ թե հրավերքով: Պատկերացրեք, մարդու իրավունքներին առնչվող մի հարց է քննարկվում ու վարչապետը նրան չի հրավիրում: Ես գտնում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է մասնակցի՝ անկախ հրավերքից»:

Գեւորգ Պետրոսյանը հարցրեց՝ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը կոնկրետ ո՞ւմ իրավունքներն է խախտում, որովհետեւ, եթե արգելքներ են սահմանվել, պետք է հասկանալի լինի, թե ի՞նչ վտանգ կա դրա մեջ. «Չեմ կարծում, որ մարդու իրավունքների պաշտպանն այնքան պարապ է, որ ինքնանպատակ մասնակցի այդ նիստերին: Չեմ գտնում, որ պաշտպանը պետք է կախվածության մեջ լինի որեւէ մեկից, այդ թվում՝ վարչապետից՝ նիստին մասնակցելու համար»:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ ասաց, որ քանի որ կառավարության նիստերը որոշել էին դռնփակ անել, ինքն էլ որոշել էր, որ այդ կառավարության նիստերին չի մասնակցելու. «Եթե անկախ ոչ մի մարմին չի լինում այնտեղ, ես գնամ այնտեղ ի՞նչ անեմ: Դա սխալ տպավորություն կստեղծի կառավարության հետ իմ առնչության վերաբերյալ: Իսկ հիմա, եթե կառավարության նիստերը դռնբաց են լինելու, որեւէ խնդիր չկա, սահմանադրական կարգավորումն է գործելու»:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը առաջարկեց, որ մինչեւ առաջին ընթերցում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում» համապատասխան փոփոխություն արվի եւ նորից փոխվի, որ կառավարության նիստերը դռնբաց են, հակառակ դեպքում հակասություն է լինելու օրենքների մեջ:

Ի վերջո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց՝ պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ մատնանշած կարգավորումներն արվեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031