«Հոդված 3 իրավունքի փառատոնի» բացման արարողությանը նվիրված տոնական համերգը տեղի կունենա մայիսի 16-ին, ժամը 19:00-ին ՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։ Համերգին ելույթ կունենան «Լավ էլի» և «Որդան Կարմիր» ռոք խմբերը, մարդու իրավունքներին նվիրված stand- up ելույթով հանդես կգա նաև դերասան Շաֆի Ալ Կապրիոն։
Փառատոնի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը։
Համերգի մեկնարկից առաջ կներկայացվեն նաև փառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումները։ 18։00 Շառլ Ազնավուրի անվան հրապարակի տարածքում կմեկնարկի նաև փառատոնի շրջանակում հայտարարված մարդու իրավունքներին առնչվող ուղերձների, գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների, լուսանկարների շարժական ցուցադրությունը։
Հայաստանում առաջին անգամ անցկացվող փառատոնը կազմակերպել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն։ Մայիսի 16-մայիսի 24-ն անցկացվող փառատոնը կրում է «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագիրը՝ նպատակ ունենալով հասարակության, մասնավորապես երիտասարդների շրջանում բարձրացնել մարդու իրավունքների մասին իրազեկվածության մակարդակը, դառնալ նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակ, ձևավորել մարդու իրավունքների գնահատման և վերարժևորման մշակույթ։
Փառատոնի օրերին իրականացվելու են իրավունքների վերաբերյալ հանդիպումներ և քննարկումներ Երևանի համալսարաններում, այգիներում, »Հոդված 3 » ակումբում, լուսանկարների և գեղանկարների ցուցահանդես-մրցույթ, քաղաքային QUEST մրցույթ-խաղ, թատերական ներկայացում, թեմատիկ STREET ART, որի ընթացքում Երևանի Թումանյան-Սպենդիարյան խաչմերուկի մոտ գտնվող շենքերից մեկի կամարանցումը նկարազարդվելու է արևմտահայ հրապարակախոս, գրող Զապել Եսայանի պատկերով։
Զապել Եսայանը իր հրապարակախոսական հոդվածներում և ստեղծագործություններում բազմիցս է անդրադարձել կնոջ ինքնադրսևորվելու հնարավորությունների կարևորությանը՝ ընդգծելով հասարակության կյանքում կնոջ կարևոր գործոն դառնալու անհրաժեշտությունը, ինչը բավականին համարձակ քայլ է եղել 20-րդ դարասկզբին։ Պատահական չէ, որ սույն թվականի մարտի 8-ին Փարիզի Հանրապետություն պողոտայի և Տլիսմեն ու Սպինոզա փողոցների հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվել է նրա անվամբ։
Նախատեսված է նաև երկօրյա միջոցառումներ Գավառում՝ մայիսի 20-21։
Միջոցառումների մանրամասները փառատոնի ֆեյբուքյան էջում՝ https://www.facebook.com/Article3HumanRightsFest/։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի մասին
«Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է»:
ՀՀ Սահմանադրություն Հոդված 3
Մեր առաքելությունն է ՝
· ՆՊԱՍՏԵԼ քաղաքացիական գիտակցության, իրավունքի գերակայության վրա հիմնված արժեքների բարձրացմանը, բանավեճերի ու քննարկումների մշակույթի ձևավորմանը՝ մեծացնելով խոսքի ազատության ու բազմակարծության հնարավորությունները:
· ԽԹԱՆԵԼ երիտասարդների, քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը հասարակական, քաղաքական գործընթացներում, նպաստել որոշումների կայացման վրա ազդեցության մեծացմանը և պետական կառույցների հաշվետվողականության բարձրացմանը:
· ՍՏԵՂԾԵԼ կրթական այլընտանքային երկխոսության հարթակ քաղաքացիական հասարակության, երիտասարդության, քաղաքական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչների, լրագրողական համայնքի հանդիպումների, քննարկումների ու բանավեճերի համար:
· ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ հասարակությանը հուզող խնդիրները և օրակարգային հարցերի շուրջ ձևավորել բազմակողմանի քննարկումների լայն դաշտ:
· ԶԱՐԳԱՑՆԵԼ երիտասարդների, քաղաքացիական ակտիվ խմբերի ու լրագրողների կարողությունները և այլընտրանքային կրթական ծրագրերի միջոցով նպաստել իրավագիտակից, պահանջատեր քաղաքացիական հասարակության ձևավորմանը:
Մեր ծրագրերին կարող եք ծանոթանալ ՀԿ կայքում՝ https://forequalrights.org/
Արթուր Հարությունյան
Մեդիա հարաբերությունների համակարգող