Հարգելի ընթերցողներ, կարդալով ձեր բազմահազար մեկնաբանությունները «Առավոտի» ֆեյսբուքյան էջում, նկատելի դարձավ, որ անհրաժեշտություն կա ներկայացնել որոշ փաստեր, որոնք գուցե դուք չգիտեիք կամ որոնց մասին առիթ չեք ունեցել մտածելու:
21-րդ դարում, Ֆեյսբուքի միջոցով տարածվող տեղեկատվությունը կամ լրատվությունը, կախված դրանք տարածողներից, լինում է բազմատեսակ` անաչառ, աչառու, քարոզչական նոտաներով, կացնային քարոզչությամբ, հիմնավորված, չստուգված, վստահելի, անվստահելի, սեփական աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա, «ականջի ծայրով լսած» եւ այլն:
Տեղեկատվության տարածման ձեւերն էլ են լինում տարբեր` պաշտոնական հաղորդագրություն, բաց նամակ, հարցազրույց, ռեպորտաժ, ասուլիս, հանդիպում, մամուլի տեսություն, վերլուծություն եւ այլն:
Տեղեկատվությունը կարող է տարածվել հոդվածի տեսքով` միայն տեքստ, լուսանկարների միջոցով, տեսանյութերի միջոցով (Youtube), ուղիղ եթերների միջոցով: Երբեմն լինում է այդ բոլորի համադրությունը` հոդված, որի մեջ եւ տեքստ կա, եւ լուսանկարներ կան եւ տեսանյութեր:
«Առավոտի» կայքում դուք կարող եք գտնել մամուլի տեսության միջոցով ներկայացվող տեղեկատվություն: Այդ դեպքում վերնագրի կողքը դրվում է այն թերթի անունը, որտեղից արված է մեջբերումը: Ասենք` «Տեսար ի՞նչ եղավ. «Հայոց աշխարհ» կամ «Այսքան ուրախ կյանքը մեր տեսնես մեզ ով է տվել. «Իրատես» եւ այլն: Մամուլի տեսության մեջ ՉԻ ընդգրկվում միայն այն տեղեկատվությունը, որին «Առավոտը» համաձայն է: Ընդգրկվում են այն հոդվածները, որոնք, ըստ «Առավոտի»` կարող են հետաքրքրել նաեւ մեր ընթերցողներին, ինչպես նաեւ տարբեր բաների շուրջ կատարելապես տարբեր կարծիքներ, որպեսզի մեր ընթերցողը հնարավորություն ունենա տեղեկանալ, թե ինչ տեսակետներ, ինչ մտքեր, ինչ հակադրություններ կան հայկական մամուլում ընդհանրապես:
Երբեմն դրվում են այլ կայքերից վերցված լուրեր: Դա արվում է հիմնականում այն դեպքում, եթե «Առավոտի» թղթակիցները չեն լուսաբանել տվյալ կարեւոր իրադարձությունը, եւ մենք տեղեկությունը վերցնում ենք գործընկերներից: Ասենք` «Քիչ առաջ տեղի ունեցավ պայթյուն. shamshyan.com» կամ «Քանդում են, փրկեք. «Ա1+» եւ այլն:
Ինչպես մամուլի տեսության դեպքում, այնպես էլ այլ կայքերից վերցրած լուրերի դեպքում, հետեւելով օրենքի տառին ու ոգուն, մենք տալիս ենք ոչ թե ամբողջական հոդվածը, այլ միայն մի հատվածը, եւ հղում ենք անում, թե որտեղ կարելի է կարդալ տվյալ հոդվածը ամբողջությամբ, իսկ վերնագրում պարտադիր նշում ենք, թե որտեղից է վերցված այդ մեջբերումը:
Հաճախ «Առավոտը» հրապարակում է տարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված հաղորդագրություններ: Հաղորդագրությունների դեպքում վերնագրում երբեմն չենք նշում, թե որտեղից է ստացվել այդ հաղորդագրությունը մի պարզ պատճառով` շատ երկար է ստացվում վերնագիրը: Սակայն պարտադիր նշում ենք, թե ով է հաղորդագրության հեղինակը` հոդվածի ներքեւում: Օրինակ, եթե կա նման վերնագրով նյութ` «Ցուցարարները օրենքի համաձայն բերման ենթարկվեցին», մի շտապեք «Առավոտին» մեղադրել ցուցարարների հանդեպ չարակամության մեջ, բացեք հոդվածը եւ կարդացեք, որ դա, ասենք, ոստիկանության ուղարկած հաղորդագրությունն է: Կամ եթե տեսնում եք «Վթարային ջրանջատում Երեւանում» վերնագիրը, պետք չի անմիջապես անիծել «Առավոտին»` ձեր ջուրը կտրելու վիշապային ցանկության մեջ, մենք ընդամենը փոխանցում ենք «Վեոլիա ջուր» ընկերության հաղորդագրությունը: Եվ այսպես` շարունակ:
Կարո՞ղ եք հարցնել` իսկ ինչո՞ւ եք տարածում այդ հաղորդագրությունները, եթե համաձայն չեք դրանց հետ: Պարզ պատճառով` կարծում ենք, որ մեր ընթերցողների մեջ միշտ կան մարդիկ, որոնց հետաքրքիր է տեղեկանալ ամեն ինչի մասին, եւ մենք մեզ իրավունք չենք վերապահում մեր ընթերցողներին զրկել որեւէ տեղեկատվությունից միայն այն պատճառով, որ չենք հավանում այդ աղբյուրը:
«Առավոտի» սեփական հոդվածները գրեթե միշտ ունեն հեղինակ, որի անունը գրվում է հոդվածի տակ, իսկ համակարգչի կամ հեռախոսի աջ անկյունում կարող եք տեսնել նաեւ այդ հեղինակի լուսանկարը: Եթե հեղինակը արտահաստիքային լրագրող է կամ պարզապես «Առավոտի» հիմնական աշխատող չէ, աջ անկյունում նրա անունը եւ լուսանկարը չկա, այլ միայն` հոդվածի վերջում: Այդպես հիմնականում «Հայդ պարկ», «Գրական առավոտ» էջերում դրվող նյութերն են ներկայացվում:
«Հայդ պարկը» ընդհանրապես մի բաժին է «Առավոտում», որտեղ ցանկացած մարդ, եթե «ֆեյք» չէ, իրական է, կարող է իր կարծիքը կամ տեսակետը հայտնել ցանկացած հարցի շուրջ: Դա չի նշանակում` անեծքներ կամ հայհոյանքներ գրել: Դա նշանակում է փաստարկված, գրագետ ձեւակերպված միտք, գաղափար, վերլուծություն:
«Առավոտի» լրագրողները սովորաբար իրենց հոդվածներում սեփական կարծիքը չեն ներկայացնում, այլ ներկայացնում են փաստերի, տեղեկատվության շարադրանք, հարցազրույց, տարբեր գործիչների կարծիքներ: Սակայն մեր կայքում կա «Նոթատետր» էջը, որտեղ «Առավոտի» լրագրողներին հնարավորություն է տրված ցանկացած բանի վերաբերյալ անձնական տեսակետ եւ կարծիք հայտնել:
Եվ վերջում` «Առավոտը» որեւէ քաղաքական ուժ չի ներկայացնում, հետեւաբար պարտավորություն չունի որեւէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի հանդեպ անզուսպ սեր կամ խելահեղ ատելություն տածել` անկախ մեր ընթերցողների պահանջից: Հակառակը` մենք փորձում ենք հնարավորինս հավասարակշռված ներկայացնել հայ հասարակական եւ քաղաքական կյանքի հիմնական դերակատարներին` կախված նրանց ծավալած գործունեության չափից:
Մեզ համար չկան «զզվելի», «յախք», «արա էսի ո՞վ ա» կամ հակառակը` «աշխարհի ամենա…», «քո նմանը չկա», «ոչ մեկդ նրա ոտի կեղտը չարժեք» տիպի գործիչներ: Այդ իսկ պատճառով` մեր էջերում դուք կարող եք կարդալ ինչպես ձեր սիրած, այնպես էլ` չսիրած գործիչների մտքերը: Ծանր մի տարեք, չե՞ք սիրում, պարզապես մի կարդացեք, անցեք մեկ այլ հոդվածի: Բարեբախտաբար` «Առավոտի» ներկայացրած ներկապնակն առատ է` մեզ մոտ չկան «սեւ եւ սպիտակ ցուցակներ», թե` ում կարելի է խոսեցնել, ում` ոչ:
Թերեւս այսքանը, սիրելի ընթերցողները:
Վերջում` մի շատ կարեւոր խնդրանք: Երբ որեւէ վերնագիր եք տեսնում` մի շտապեք մեկնաբանել, մի հատ բացեք` գոնե մի թեթեւ աչքի անցկացրեք, նոր հայտնեք ձեր հեղինակավոր կարծիքը: Այլապես, տարօրինակ է, երբ, ասենք «Սիրուշոն` նախընտրական հավաք-համերգին» վերնագրով նյութի տակ 50-ից ավելի մեկնաբանություն է, որում բոլորը միաբերան պնդում են, որ չի կարելի Սիրուշոյին թույլ տալ մոտենա Երեւանի Հանրապետության հրապարակի բեմին, այն դեպքում, երբ հոդվածում սեւով սպիտակի վրա գրված է, որ համերգը Լիբանանում էր:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ.Գ.- Կարո՞ղ եմ նաեւ խնդրել` եթե հնարավոր է մի թեթեւ զսպեք սեռական հայհոյանքներ եւ տատական անեծքներ գրելու ձեր անկեղծ մղումները: Դրանք, միեւնույն է, ի վերջո, ջնջվում են, սակայն մինչ այդ շատերն են հասցնում կարդալ, այդ թվում` կանայք եւ երեխաներ: Հայհոյանքը փաստարկների բացակայությունն է: