Իշխանությունները փոխվել են, որպես նախկին գլխավոր դատախազ՝ պատրա՞ստ եք պատասխանատվություն կրել նրա համար, որ ինքներդ ոչինչ չեք արել Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ: Այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանին: Նա պատասխանեց. «Երբ որ այդ հարցը տալիս եք, դուք փաստում եք, որ ոչինչ չեմ արել: Դուք նման հարց տալու ոչ միայն բավարար հիմք չունեք, այլեւս ոչ մի հիմք չունեք: Ես ինչ հանձնարարություններ եմ տվել, այդ հանձնարարությունների վրա ինչ գործողություններ են կատարվել, Նիկոլ Փաշինյանի հրավիրած լսումներին հետեւում էիք, տեսաք, թե ի՞նչ գործողություններ են արվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում»:
Հարցին՝ այդ դեպքում ունե՞նք որեւէ բացահայտում, մենք հիմա գիտենք այն, ինչ գիտեինք Մարտի 1-ին՝ Կոստանյանը պատասխանեց. «Բացահայտված լինելու եւ բացահայտման ուղղությամբ որեւէ գործողություն չկատարելը տրամագծորեն տարբեր բաներ են: Եթե ինչ-որ մի բանը դեռեւս չի բացահայտվել, չի նշանակում, որ դրա բացահայտելուն ուղղված բավարար միջոցներ չեն ձեռնարկվել»:
Կոստանյանը հայտարարեց. «Ես իմ պաշտոնավարման ժամանակահատվածում չեմ տեսել եւ չեմ կարդացել որեւէ վկայի ցուցմունք կամ ինչ-որ հաղորդում, որ ինչ-որ մեկը տեսել է, թե ոնց մահացավ այս կամ այն անձը: Ես չեմ տեսել նման բան: Թեեւ ակնհայտ է, որ այդ դեպքերը տեղի են ունեցել հազարավոր մարդկանց ներկայությամբ, բայց դեռեւս որեւէ մեկը չի ասել, թե ինչ է տեսել, որտեղ ու ինչ պայմաններում»:
Ինչ վերաբերում է պատասխանատվություն կրելուն, որ իր գլխավոր դատախազ եղած ժամանակ բավարար ջանք չի թափել ու վկաներ, նոր մարդկանց չի ներգրավել գործում՝ Կոստանյանն ասաց, որ ինչ պաշտոն էլ զբաղեցրել է, բոլոր պաշտոնավարումների ժամանակ իր կատարած ամեն քայլի համար պատասխան է տվել, տալիս է ու տալու է՝ անկախ քաղաքական կամ այլ իրավիճակներից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ