Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխացավ ունեի». Ինչու էր Կոստանյանը գլխավոր դատախազի խոսքերի ժամանակ բռնել գլուխը

Մայիս 15,2018 17:42

Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանին լրագրողները հարցրեցին՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու, այնուհետեւ միջնորդությունը հետ վերցնելու որոշումները իրավակա՞ն էին, թե՞ քաղաքական: Նա պատասխանեց. «Ես չեմ մեկնաբանի գլխավոր դատախազի հայտարարությունը՝ էթիկայից ելնելով, բայց կարծում եմ, ինքը շատ պարզ դիրքորոշում հայտնեց, թե ինչ հիմքով է միջնորդություն հայտնել եւ ինչ հիմքով հետ վերցրել: Մեկնաբանություն չունեմ: Ես ունեմ իմ գնահատումը, անկեղծ ասած, բայց թույլ տվեք իմ կարծիքը չարտահայտել: Անկեղծ ասած, երբ ձերբակալվել էին պատգամավորները, ես ասացի՝ երբ գլխավոր դատախազը կբերի միջնորդությունը եւ կներկայացնի հիմքերը, ես կկայացնեմ իմ որոշումը: Եթե հիմքեր չլիներ՝ միանշանակ դեմ էի լինելու, եթե հիմքեր լիներ՝ միանշանակ կողմ էի լինելու»:

Aravot.am-ի հարցին՝ գլխավոր դատախազն ասաց, որ նրանց ձերբակալել են Քրօրի 225 պրիմ հոդվածով, Նիկոլ Փաշինյանի գործողությունները բոլորի աչքի առաջ են եղել, նաեւ ձեր աչքի առաջ, այդտեղ կա՞ր այդ հոդվածի խախտում, գլխավոր դատախազը ի՞նչ նոր հիմք պետք է բերեր, երբ ներկայացրեց՝ հիմքը դա է, դուք տեսնո՞ւմ եք խախտում, թե՞ չէ, մենք նկատեցինք, որ երբ գլխավոր դատախազը պատասխանում էր Էդմոն Մարուքյանի հարցերին, դուք ձեր գլուխն առել էիք ձեռքերի մեջ ու տպավորություն էր, որ դուք էլ եք տեսնում՝ իրավական հիմք այս ամենում չկա: Գեւորգ Կոստանյանը երկար լսեց, լսեց ու պատասխանեց. «Չմեկնաբանեմ»:

Ավելի ուշ նա ասաց, թե գլուխը ցավում էր, դրա համար էր դատախազի խոսքերի ժամանակ գլուխը բռնել:

Գեւորգ Կոստանյանն ասաց, որ թե կոնկրետ որ հանրահավաքն է գլխավոր դատախազը համարում անօրինական ու որ հավաքի կազմակերպման փաստով է քրեական գործ հարուցվել՝ ինքը չգիտի: Նա նշեց, որ հավաքի խաղաղ լինելը դեռ չի նշանակում, որ սահմանափակումներ չկան: Հանրահավաքների ազատությունը ենթակա է սահմանափակման այլոց իրավունքների խախտման դեպքում, ազգային անվտանգության եւ այլ դեպքերում: Այսինքն, անգամ խաղաղ ցույցը սահմանափակման ենթակա է:

Հարցին՝ եթե պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է այդ օրենքը, դուք կհետեւե՞ք, որ Փաշինյանն ու մյուս պատգամավորները օրենքի առջեւ պատասխանատվություն կրեն, թե՞ քաղաքական իրավիճակից ելնելով՝ ոչ՝ նա պատասխանեց, որ որեւէ անձի քրեական պատասխանատվություն ենթարկելու հանգամանքը պայմանավորված է դրա հիմքերով. «Հիմքեր կան՝ ենթակա է պատասխանատվության, հիմքեր չկան՝ ով ուզում է լինի»:

Կոստանյանը վստահեցրեց, որ ինքը չգիտի, թե մեղադրանքի հիմքում ինչ է դրված ու չի կարող ասել, թե Փաշինյանը ապօրինի հանրահավաքներ արե՞լ է, Քրեական օրենսգրքի 225 հոդվածով նախատեսված արարք արե՞լ է, թե՞ ոչ: Նա ասաց, որ համենայնդեպս, այն, որ գլխավոր դատախազը իր միջնորդությունը հետ է վերցրել, դրանով իսկ պատասխանները տրված են ու կապ չունի, թե բացատրությունը հետ վերցնելու որն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031