Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը անդրադառնում է Գրիշա Վիրաբյանի հայտարարությանը:
– Պարոն Կարապետյան, Գրիշա Վիրաբյանի այսօրվա հայտարարությունը արդյոք ինչ-որ բանի դիմաց ձեռք բերված փոխհամաձայնություն է ձեզ հետ:
– Հայտարարությանը նայելով՝ չէի ասի ինչ-որ բանի դիմաց, հակառակը կասեի՝ արդարության գաղափարով տարածված հայտարարություն է, իր մեջ խոսել է արդարությունը, ու ինքը հայտարարություն է արել արդարության ներքո: Տարիներ ի վեր իմ լռությունը, որ նախաքննության փուլում չի կարելի հայտարարություններ անել, վերջը հաղթանակեց: Արդարությունը միշտ էլ հիվանդանում է, բայց չի մահանում: Վերջապես մարդկային խիղճն իր մեջ արթնացավ, ու ինքը արդարացի ձեւով ներկայացրեց, որ օրենքով պետք է խոսենք: Իհարկե, ՄԻԵԴ-ի որոշումը Աշոտ Կարապետյանի հետ կապ չունի, իհարկե, քրեական գործ հարուցվեց, իհարկե, օբյեկտիվ նախաքննություն իրականացվեց, իհարկե, մեղավորներ գտնվեցին:
– Գրիշա Վիրաբյանը հայտարարում էր, որ Աշոտ Կարապետյանից իր արյան վրեժը լուծելու է, ի՞նչ փոխվեց:
– Դուք իր իսկ խոսքերից մեջբերումներ եք անում, բայց դրանք ծիծաղելի են ու քմծիծաղ է տվել այդ արտահայտությունը, արյան վրեժը ինչ է, վենդետա՞ է, վանդալի՞զմ է, ինչի՞ մասին է խոսքը, ինչ արյան վրեժի մասին է խոսքը:
– Եթե հաշվի առնենք, որ ձեր պաշտոնավարման տարիներին մամուլը պարբերաբար գրում էր ձեր բռնությունների, ցույցերի ժամանակ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու մասին լուրեր, հիշենք Խորենացիի դեպքերը, երբ նույնիսկ խիստ նկատողություն ստացաք, արդյոք երեկվա ձեր հայտարարության եւ Վիրաբյանի այսօրվա հայտարարության նպատակը ձեզ մաքրագործելը չէր:
– Դուք այնպիսի հարց եք տալիս, երկար ու ծավալուն հարցազրույց եք ուզում, պատասխան է պահանջում, ավելի լավ կլինի՝ կարճ պատասխանեմ: Երբեւիցե իմ պաշտոնավարման ընթացքում օրենքի տառը չեմ խախտել, ծառայել եմ ժողովրդին, ծառայել եմ օրենքին: Ոստիկանության լրատվական ծառայությունից հարցում կատարեք, իմ անձնական գործերում ես նկատողություն չունեմ:
– Վիրաբյանի հայտարարությունը կմեկնաբանե՞ք ձեր՝ նոր պաշտոնի հավակնելու լուրերի ֆոնին:
– Ես նոր պաշտոնի անցնելու հետ կապված ոչ մի առաջարկություն չեմ ստացել, ես, որպես զինվորական, համբերատար անձ, այդ ամեն ինչին ըմբռնումով եմ մոտենում:
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ 2016 թվականի օգոստոսի հինգին Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ 14 բարձրաստիճան ոստիկան կարգապահական պատասխանատվության է ենթարկվել։ Հուլիսի 19-ին Երևանի Խորենացի փողոցում և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ծառայողական քննության նախնական արդյունքների հիման վրա, ոստիկանապետի հրամանով, նրանք նկատողություն են ստացել։ Մասնավորապես, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին հայտարարվել է խիստ նկատողություն։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Նշենք, որ Գրիշա Վիրաբյանը այսօր տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Հաշվի առնելով երկրում հաստատված համերաշխության մթնոլորտը, ընդառաջ գնալով նորընտիր Վարչապետի հայտարարություններին առ այն, որ երկրում առողջ մթնոլորտ պետք է ստեղծվի ու ոչ ոք իրեն չպետք է զգա հաղթողի կամ պարտվողի դերում, միևնույն ժամանակ հաշվի առնելով ներկայումս Հայաստանի Հանրապետության վարկանիշի աննախադեպ բարձր լինելը, որպես երկրի քաղաքացի ինձ ստիպում է խնդիրներ չստեղծել Հայաստանի Հանրապետության համար միջազգային դատական ատյաններում և քաղաքական հարթակում: Բազմաթիվ տարիների իմ պայքարը մի մասնիկն է եղել այսօրվա մեր հաղթանակին: Բավարարված լինելով իմ պայքարի հետևանքով հասած արդյունքներին, ցանկանում եմ ստեղծված մթնոլորտին ներդաշնակ հայտարարել, որ ներում եմ բոլոր այն ոստիկաններին, ովքեր խախտել են օրենքներ, մարդու հիմնարար իրավունքներ և քաղաքական դրդապատճառներով հալածել են ինձ և պայքարի ելած իմ ընկերներին:
Հավատալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, որ երկրում այլևս լինելու է օրինականության ու իրավունքի գերակայունություն, ինքս էլ դրանում նպաստ բերելու համար չեմ ուզում ավելորդ խնդիրներ ստեղծել: Հայտարարությունս հիմնականում կապված է վերջին մի քանի օրերին համացանցում ու մամուլում տարածված Աշոտ Կարապետյանին պաշտոնի նշանակելու լուրերին:
Նախ հիշեցնեմ,որ ՄԻԵԴ-ը իմ գործով կայացրել է աննախադեպ վճիռ ընդդեմ ՀՀ-ի: Նախկին իշխանությունների օրոք պետական մարմինները պատշաճ քննություն չէին իրականացնում ինձ խոշտանգման ենթարկելու փաստի հիմքով: Իմ և փաստաբաններիս շնորհիվ Հատուկ քննչական ծառայություններում հարուցվել է քրեական գործ, կատարվել է նախաքննություն ի հայտ է եկել ու հարցաքննվել հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք, ըստ այդմ մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների,ի սկ Աշոտ Կարապետյանի ու մնացած աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ՄԻԵԴ-ի որոշումը այս պահի դրությամբ պատշաճ կարգով իրականացնում են ու նշված ոստիկանների մասով ընթանում է դատաքննություն: Հաշվի առնելով ՄԻԴ ի կոնվենցիայի 8,և 6 հոդվածով սահմանված հիմնարար իրավունքները (անձնական կյանքի հարգման իրավունքը և անմեղության կանխավարկածը) չեմ ցանկանում Կարապետյանի ու մյուս ոստիկանների մասին ապատեղեկատվություն տարածվի»: