Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն և նախարարության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին՝ ընդգծելով, որ իր` վարչապետ նշանակման օրը Վարդան Արամյանի և Ատոմ Ջանջուղազյանի կողմից իրեն ներկայացված պետական բյուջեի եկամուտների հավաքագրման և աշխատավարձերի ճիշտ ժամկետներում վճարման մասին տեղեկատվությունն ամենահաճելին և կարևորն էր, քանի որ փաստում էր, որ համակարգը շարունակում է իր աշխատանքը՝ անկախ ներքաղաքական իրավիճակի առանձնահատկություններից:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ատոմ Ջանջուղազյանին նախարարության աշխատակազմին ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ նա երկար տարիներ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ կարևոր դերակատարում ունենալով նախարարության կայացման և զարգացման գործում:
«Տվյալ դեպքում նախարարի նշանակման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այն առաջնահերթությունը, որի հիմքում համակարգի կայունության և պետության համար կարևոր նշանակություն ունեցող, արդեն մեկնարկած բարեփոխումների ընթացքի ապահովումն է: Մենք առաջիկայում խնդիր ունենք պատշաճ կերպով ներկայացնել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաև պետք է սկսվեն ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծման բավականին ծանր և պատասխանատու աշխատանքները: Ես համոզված եմ, որ պարոն Ջանջուղազյանը կկարողանա պատշաճ մակարդակով իրականացնել այդ ամենը»,- ասել է վարչապետ Փաշինյանը՝ հաջողություն մաղթելով նախկին նախարար Վարդան Արամյանին և ընդգծելով նրա կատարած կարևոր դերը ՀՀ պետական ֆինանսների կառավարման գործում:
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատանքի խոսքերի համար, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Արամյանը պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտական կարողություններով աջակցել նախարարությանը առաջիկա ծրագրերի իրականացման գործում և վստահեցրել, որ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ ՀՀ ֆինանսների նախարարության թիմը կշարունակի իր աշխատանքը նույն ջանասիրությամբ և նվիրումով:
ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին ֆինանսների նախարարի պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար և շեշտել, որ ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնած բոլոր ծրագրերը կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին: Ատոմ Ջանջուղազյանը հավաստիացրել է, որ ՀՀ ՖՆ-ն կանի հնարավորը ՀՀ տնտեսական կայունության ապահովման և զարգացման համար:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասա րակայնության հետ կապերի բաժին