Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Աթոյան. «Վերջին մեկ տարում մեր ձեռք բերած իրավախախտումները կշռում են 35 կիլոգրամ»

Մայիս 15,2018 17:02

«Իրավազրկության առկայությունը չարիք է: Մենք Հայաստանի իրականության մեջ բախվում ենք իրավազրկության ունիվերսալ տեսակների հետ, որոնք կան բազմաթիվ երկրներում: Մեր կազմակերպության արխիվը ես որոշել եմ անվանակոչել «Իրավախախտումների հայտնաբերման սուպերմարկետ»: Մեր արխիվում կան սեփական երկրում ազգաբնակչության բազմաբովանդակ իրավազրկության հետ կապված տարբեր տեսակի իրավախախտումները եւ փաստերը», – այսօր «Փաստարկ» ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:

Արթուր Աթոյանն իր հետ բերել էր փաստաթղթերի մի ամբողջ տրցակ, որը նրա խոսքով՝ վերջին մեկ տարում իրենց արձանագրած իրավախախտումների արձանագրությունների ընդամենը հինգ տոկոսն է: «Մենք մեկ տարվա ընթացքում ձեռք ենք բերել մոտ 35 կիլոգրամ իրավախախտում: Այսինքն, մեր պաշտոնական գրագրությունները, փաստաթղթաշրջանառությունը եթե կշռում ենք, կազմում է 35 կգ իրավախախտում, ինչը մեր փոքրիկ երկրի համար վատ առումով շատ մեծ ցուցանիշ է: Ուզում եմ հայտարարել, որ Հայաստանում իրավազրկություն առաջացնող, իրավախախտումներ իրականացնող կազմակերպություններ շարքում չեմպիոնը Երեւանի քաղաքապետարանն է, «Վեոլիա ջուր» ընկերությունը, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը եւ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունը»:

Արթուր Աթոյանն ասաց, որ նոր իշխանությանն այս ամենի դեմ պայքարում չպետք է միայնակ թողնել, պիտի ամբողջ հասարակությունը աջակցի իրավախախտումների դեմ պայքարում եւ իրենց կազմակերպությունը նոր կառավարությանը ներկայացնելու համար ունի ձեւակերպված մոդել: Նա անցյալից նաեւ հիշեց, երբ լրագրողի վրա հարձակում էր գործվում, դրա բացահայտման գործընթացը խիստ դանդաղ էր շարժվում առաջ կամ տեղում դոփում էր: «Լրագրությունը չորրորդ իշխանությունն է: Այսինքն, իշխանության ներկայացուցչի վրա հարձակում է կատարվել, սակայն դրան որեւէ անդրադարձ կամ արդյունավետ լուծում չի տրվել: Սա անտրամաբանական երեւույթ է: Ինչպե՞ս է, որ առաջին երեք իշխանությունների վրա հարձակում գործելիս անձն անմիջապես քրեական պատասխանատվության է ենթարկվում, իսկ չորրորդ իշխանության համար սահմանազատում կա»:

Արթուր Աթոյանը ներկայացրեց իր նշած կազմակերպությունների իրականացրած բազմաթիվ խախտումներ եւ ասաց, որ դրանք պատրաստվում է ներկայացնել նոր կառավարության առաջին դեմքերին եւ ԱԱԾ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031