Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազը Մարտի 1-ը բացահայտելու համար հանրության աջակցության կարիքն ունի

Մայիս 15,2018 16:53

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ անելու է, որ Մարտի 1-ը բացահայտվի: Այսօր ԱԺ-ում լրագրողները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեցին՝ մինչ օրս այդ գործում տեղաշարժ չկա, դուք մտահոգություններ չունե՞ք, որ գործը կարող է բացահայտվել՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես շատ ուրախ կլինեմ, կունենանք այն հարցերի պատասխաններն այդ գործով, որոնց պատասխանները մինչեւ այսօր չունենք»:

Նա ասաց, որ քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է, մեթոդները կատարելագործվում են, տեխնիկական հնարավորություններն են զարգանում. «Ես երբեւէ ասե՞լ եմ, որ մենք սպառել ենք այդ հանցագործությունը բացահայտելու հնարավորությունը»:

Լրագրողները հարցրեցին՝ Ռոբերտ Քոչարյանին քննելո՞ւ եք՝ նա պատասխանեց. «Երբ որ լինի դրա հիմքերը, անպայման քննվելու է ցանկացած մեկը՝ ով ուզում է լինի»:

Նա ասաց՝ նկատի ունեցեք, որ քրգործով վկային հարցաքննելը երկու կարեւոր բաղադրիչ ունի՝ դրա համար անհրաժեշտ հիմքերը եւ մյուսը՝ վարույթն իրականացնող մարմինն ինքն է գնահատում՝ տակտիկական իրավիճակից ելնելով, թե որ պահին հարցաքննի՝ այսօր, վաղը, նյութեր ձեռք բերի՝ հետո՞, թե՞ երբ:

Հարցին՝ քաղաքական իրավիճակի փոփոխությունը կարո՞ղ է ազդել նյութի բացահայտման վրա՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես քաղաքական իրավիճակի փոփոխության հետ տենց չեմ կարող կապել, բայց տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում ավելի շատ եմ ակնկալում անկեղծ ասած հանրային աջակցություն: Մեր հանրությունը՝ ցանկացած եւ այդ եւ նոր կամ վաղ կատարվող դեպքերով առավել անհանդուրժողական է»:

Հարցին՝ հանրությունը Մարտի 1-ի կրակոցների հետ ի՞նչ կապ ունի, հանրության աջակցության պակասի՞ց է, որ չի բացահայտվում՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ասեմ՝ երբ դու հրավիրում ես հարյուրներով, հազարներով վկաների, ում հարցաքննում ես ու ինքն ասում է՝ ես տեղեկություն չունեմ, կոնկրետ դեպքում, երբ ընդհուպ մինչեւ տուժողի կողքին է գտնվել, բա վկան, տուժողը, մյուսը, հանրության ներկայացուցիչներ չե՞ն: Հանրությունը հանդես է գալիս որպես վկա, տուժող: Վարույթը հո կախարդական փայտի՞կ չի՝ վկաների ցուցմունքներ են»:

Նա ասաց, որ իրենք հանրային աջակցության մեխանիզմներ եթե ունենան, դա իրեն կուրախացնի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031