Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը (ԿՔՆ) 2017թ․ ապրիլին ձևավորված բաց հարթակ է կրթության ոլորտի բոլոր շահառուների համար: 2017թ. ապրիլ ամսից սկսած ԿՔՆ-ն նախաձեռնել է մի շարք քաղաքացիական ժողովներ և փորձագիտական քննարկումներ, ինչպես նաև ուսումնասիրություններ է կատարել կրթության ոլորտին և կրթական քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ: Նախաձեռնությունն առաջնահերթ է համարում կրթական համակարգում հետևյալ սկզբունքների ապահովումը.
- Կրթության իրավունք
- Սոցիալական արդարություն
- Մասնակցություն
- Քննադատական մտածողություն
Առաջնորդվելով այս սկզբունքներով և հիմնվելով ԿՔՆ անդամ կազմակերպությունների, անհատ փորձագետների և քաղաքացիների փորձի, գիտելիքի ու հետազոտությունների վրա՝ ԿՔՆ-ն ձևավորել է առաջարկությունների փաթեթ, որը ներկայացնում է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին՝ պահանջելով, որ Կառավարության ծրագիրը մեծապես հիմնվի այդ առաջարկությունների վրա: Սույն փաթեթը նախատեսում է մեկ տարվա կտրվածքով իրականացվող գործողությունների շարք՝ բաժանված առաջնահերթ կարճաժամկետ գործողությունների (2 ամիս) և երկարաժամկետ գործողությունների ( 10 ամիս)։
Պահանջում ենք, որ Կառավարության ծրագրի մշակման գործընթացի շրջանակներում երաշխավորվի մասնակցայնության սկզբունքի ապահովումը, այն է՝ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ բոլոր խմբերի երեխաների (ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող, գյուղաբնակ, ազգային և էթնիկ փոքրամասնություններ ներկայացնող և այլ խմբերի), ծնողների և խնամակալների, ուսուցիչների, կրթության ոլորտի անհատ փորձագետների, կրթության ոլորտի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և միավորումների գործուն մասնակցությունը։
Ըստ առաջնահերթության՝ առաջարկությունները բաժանել ենք երկու մասի.
- Առաջնահերթ փոփոխություններ, որոնք պետք է կատարել առաջիկա 1-2 ամիսների ընթացքում,
- Փոփոխություններ, որոնք պետք է կատարել առաջնահերթ փոփոխություններն իրականացնելուց հետո:
Բաժին 1. Առաջնահերթ փոփոխություններ (2 ամիս)
Առաջնահերթ փոփոխությունները նախաձեռնության կողմից առանձնացված այն առաջարկություններն են, որոնք անհրաժեշտ է իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ համակարգի հետագա աշխատանքի արդյունավետ իրականացումն ապահովելու, ինչպես նաև խարխլված սոցիալական արդարության վերականգնման հիմքերը դնելու համար:
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը գտնում է, որ ՀՀ կրթական նոր օրակարգի հիմքում անհրաժեշտ է դնել սոցիալական արդարության և կրթության իրավունքի սկզբունքները: Հայստանում սկսված համաժողովրդական շարժման հիմնական պատճառը մեր երկրում հաստատված և խորը արմատավորված սոցիալական անարդարությունն է: Ուստի շարժման արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժը պետք նախ և առաջ քայլեր ձեռնարկի այդ խնդրի լուծման ուղղությամբ:
Առաջնորդվելով սոցիալական արդարության և կրթության իրավունքի սկզբունքներով՝ նախաձեռնությունը պահանջում է, որ կառավարությունն անհապաղ քայլեր ձեռնարկի կրթության ոլորտում սոցիալական արդարությունը վերականգնելու ուղղությամբ: Սոցիալական անհավասարությունը որակյալ կրթություն ստանալու ճանապարհին եղած ամենամեծ խոչընդոտն է Հայաստանում: Ամենաաղքատ քվինտիլի բնակչության ծախսը կրթության ոլորտի ծառայությունների վրա 19 անգամ զիջում է միջին մակարդակին։ Ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների Բարձրագույն կրթական հաստատություններում ոչ աղքատ տնային տնտեսությունների համախառն ընդգրկվածությունը կազմել է 50%, աղքատ (առանց ծայրահեղ աղքատների) տնային տնտեսություններինը` 34% և ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններինը` 17%: Բարձրագույն կրթական հաստատություններում համախառն ընդգրկվածությունն ամենաաղքատ քվինտիլում կազմել է 29%, երկրորդում` 43%, երրորդում` 41%, չորրորդում` 52% և ամենահարուստ հինգերորդում` 64%: Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների 75.9%-ը ոչ աղքատ տնային տնտեսություններից են, 23.4%-ը` աղքատ (առանց ծայրահեղ աղքատների) և 0.7%-ը` ծայրահեղ աղքատ: [1]
Կրթության ոլորտի համակարգային բարեփոխման հրամայականից ելնելով՝ պահանջում ենք իբրև ոլորտային քաղաքականության կառուցման հենակետ ամրագրել կրթության իրավունքահեն և սոցիալական արդարության մոտեցումները։
Զուտ կրթական համակարգի, կամ դպրոցների առկայությունը դեռ բավարար չէ պետության կողմից՝ քաղաքացիների կրթության իրավունքի ապահովման համար: Ուստի պահանջում ենք, որպեսզի պետությունը որդեգրի կրթական համակարգի կառուցման իրավունքահեն մոտեցում:
ՄԱԿ-ի կողմից ամրագրված այս մոտեցումը ենթադրում է, որ
- կրթությունը պետք է լինի մատչելի յուրաքանչյուրի համար, այսինքն, յուրաքանչյուր երեխա ունի կրթության իրավունք, որի իրացման համար պետք է ապահովվի կրթության ինչպես աշխարհագական/ֆիզիկական մատչելիությունը, այնպես էլ սոցիալական և մշակութային մատչելիությունը:
- կրթությունը պետք է լինի որակյալ, այսինքն յուրաքանչյուր երեխա ունի իրավունք ստանալու այնպիսի կրթություն, որը նրան հնարավորություն կտա լիարժեք կերպով բացահայտել իր ներուժը, զարգացնել ամենազանազան կարողությունները, դարձնել մրցունակ աշխատաշուկայում:
- կրթությունը պետք է լինի երեխայակենտրոն, ներառի գիտելիքի մատուցման լայն մեթոդաբանություն, կարևորի յուրաքանչյուր երեխայի անհատականությունը և անհատական կարիքները:
- կրթական մթնոլորտը պետք է կառուցված լինի հավասարության, սոցիալական արդարության և անձի արժանապատվության պաշտպանության և բռնության բացառման սկզբունքների վրա, այսինքն յուրաքանչյուր երեխա ունի իրավունք սովորելու այնպիսի կրթական մթնոլորտում, որտեղ նրա արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանված են, որտեղ տիրում խտրականությունից և բռնությունից զերծ միջավայր:
- Անհապաղ իրականացվող գործողություններ
Սոցիալական արդարության վերականգնումը երկարատև ու հետևողական ջանքեր է պահանջում: Սակայն մի քանի անհապաղ փոփոխությունների միջոցով հնարավոր է շոշափելի և տեսանելի արդյունքներ արձանագրել: Ուստի պահանջում ենք ապահովել անվճար մանկապարտեզների հասանելիությունը ամբողջ երկրի տարածքում՝ հաղթահարելով Երևան/մարզեր սոցիալական խզումը և այդպիսով ապահովել կանանց՝ հատկապես մարզերում, աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունը:
Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների` 2016թ.-ին հանրապետությունում նախադպրոցական հաստատություններում ընդգրկվածությունը (0-5 տարեկան երեխաների թվաքանակից) կազմել է 28.9%, քաղաքային բնակավայրերում` 35.6% իսկ գյուղականում՝ 17.2%: Իսկ 2016թ.-ին հանրապետությունում 3-5 տարեկանների նախադպրոցական հաստատություններում ընդգրկվածությունը կազմել է կեսից ավելի` 52.4%:[2] Ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների` նախադպրոցական հաստատություններում համախառն ընդգրկվածությունը (մինչև 6 տարեկան երեխաների թվաքանակից) կազմել է 32% և տարբերվում է ըստ աղքատության մակարդակի: Ոչ աղքատ տնային տնտեսություններում այն կազմել է 34%, աղքատ տնային տնտեսություններում (առանց ծայրահեղ աղքատների)` 29%, ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններում` 27%: Նախադպրոցական հաստատություններում համախառն ընդգրկվածությունը (մինչև 6 տարեկան երեխաների թվաքանակից) տարբերվում է ըստ սպառման ագրեգատի քվինտիլային խմբերի: Առաջին քվինտիլային խմբում այն կազմել է 25%, երկրորդում՝ 37%, երրորդում՝ 34%, չորրորդում՝ 29%, հինգերորդում` 37%: Նույն հետազոտության տվյալները վկայում են, որ 2016թ.-ին, ընդհանուր առմամբ, մինչև 6 տարեկան 10 երեխայից գրեթե 7-ը չի հաճախել նախադպրոցական հաստատություն: Պատասխաններից երևում է, որ որպես հիմնական պատճառներ նշել են, որ երեխայի մայրը չի աշխատում` 63.8%, մանկապարտեզ չկա` 4.0%, դրանից օգտվելը թանկ է` 2.6% կամ նախադպրոցական հաստատությունը փակ է` 1.1%:[3] Մատչելիության կարևոր ցուցանիշներից է ամենամոտ նախադպրոցական հաստատության հեռավորությունը տնային տնտեսությունից: Ըստ 2016թ.-ի հետազոտության տվյալների, գյուղաբնակ տնային տնտեսությունների 57.5%-ը պատասխանել է, որ նախադպրոցական հաստատությունը գտնվում է մինչև 1 կմ հեռավորության վրա (ամենաաղքատ և ամենահարուստ քվինտիլների համապատասխանաբար՝ 55.6% և 59.5%-ը): Միևնույն ժամանակ տնային տնտեսությունների 4.3%-ը պատասխանել է, որ այն գտնվում է 10 կմ-ից հեռու: Ամենահարուստների 2.4%-ը և ամենաաղքատների 6.8%-ը պատասխանել է, որ մոտակա նախադպրոցական հաստատությունը գտնվում է ավելի քան 10 կմ հեռավորության վրա: [4]
Մարզերում անվճար մանկապարտեզների ապահովումը պետական բյուջեի տեսանկյունից լիովին իրատեսական նպատակ է։ Այն նաև կլինի ակտիվ և ոչ միայն պասիվ սոցիալական քաղաքականության դրսևորում՝ բարելավելով երեխաների կրթական գործընթացի շարունակականությունն ու միաժամանակ նպաստելով կանանց և գյուղական ընտանիքների տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։
Ուստի պահանջում ենք ՀՀ ամբողջ տարածքում անվճար մանկապարտեզների ապահովում պետական ֆինանսավորման համապատասխան ձևաչափի ընտրության միջոցով՝ մարզերի և Երևանի ծայրահեղ սոցիալական խզումը հաղթահարելու և տնտեսական լրացուցիչ խթան ստեղծելու նպատակով։ Այս բարեփոխումը հնարավոր է իրականացնել երկու փուլով.
ա) առաջիկա մեկ ամսում պետական դոտացիայի միջոցով անվճար դարձնել մարզերում գործող բոլոր պետական մանկապարտեզները,
բ) առաջիկա մեկ տարում նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել ՀՀ նախադպրոցական տարիքի բոլոր երեխաների համար՝ ապահովելով անհրաժեշտ շենքային և այլ պայմաններով:
- Կրթության ֆինանսավորմանն առնչվող առաջարկություններ
- Մեծացնել կրթական բյուջեի մասնաբաժինը և կատարել բյուջետային վերաբաշխումներ
Պահանջում ենք վերանայել պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և կրթության ֆինանսավորման թիրախ սահմանել ՀՆԱ-ի 3 %-ը, ինչպես նաև երկարաժամկետ թիրախ սահմանել 4.5%-ը: Պահանջում ենք այս փոփոխությունն արտացոլել 2019թ. պետական բյուջեի կառուցվածքում:
Սոցիալական և իրավական հիմնավորում. Կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է (ՀՀ Սահմանադրություն, հոդված 38): Կրթության իրավունքի լիարժեք իրացումը այն կարևոր մեխանիզմն է, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անհատին, երեխային ոչ միայն կրթվել և զարգանալ, այլև խուսափել մի շարք շահագործումներից, մանկական աշխատանքից և ամենակարևորը զգալիորեն նվազեցնել արդեն հասուն տարիքում աղքատության մեջ հայտնվելու ռիսկերը, իսկ այն երեխաների համար, ովքեր արդեն իսկ ապրում են աղքատ ընտանիքներում՝ հաղթահարել աղքատությունը և կոտրել, այսպես կոչված՝ «աղքատության շղթան»: Հայաստանում բնակչության 30%-ն աղքատ է, իսկ մանկական աղքատությունը կազմում է 34%, ընդ որում ծայրահեղ աղքատության մեջ ապրում են մինչև 18 տարեկան երեխաների 2.5%-ը: Պետության կողմից աղքատության և հատկապես մանկական աղքատության հաղթահարումը չի կարող իրականացվել առանց յուրաքանչյուր անհատի և երեխայի՝ կրթության իրավունքի լիարժեք իրացման, յուրաքանչյուրի համար մատչելի և որակյալ կրթության հավասար հնարավորությունների ապահովման: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի, տարրական և ցածր կրթություն ունեցողներից 2015թ.-ին 61%-ն աղքատ է եղել, և այս թիվը աճել է 2010թ.-ի 45%-ի նկատմամբ։ Իսկ, օրինակ, միջնակարգ կրթություն ստացածների ցուցանիշը 2010թ.-ի 44%-ից 2015թ.-ին նվազել է՝ դառնալով 35%: Ակնհայտ է, որ կրթության բարձր մակարդակը դրականորեն է ազդում անհատի աղքատության մակարդակը հաղթահարելու վրա:
Տնտեսական հիմնավորում. Առկա ժողովրդագրական անկման պայմաններում անհրաժեշտ է ոչ թե իջեցնել, այլ բարձրացնել առանձին քաղաքացու արտադրողականության աճ ապահովող գլխավոր ներդրումը՝ կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված պետական ծախսերը։
- Կրթության ոլորտի ֆինանսավորման բարձրացմանը զուգահեռ, սահմանել մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն կրթությանը հատկացված ֆինանսական միջոցների կառուցվածքում փոփոխություններ և վերաբաշխումներ, որպեսզի ֆինանսապես երկարաժամկետ կտրվածքով հնարավոր լինի.
ա) Բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը, ապահովել ուսուցիչների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանությունը։ Ներկայումս ուսուցիչները Հայաստանի Հանրապետության ամենացածր վարձատրվող մասնագետներից են: Լայնորեն խախտվում են նաև ուսուցիչների աշխատանքային իրավունքները։ Պահանջում ենք, որ պետությունը ուսուցիչների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության գործուն երաշխիքներ ստեղծի: Սա կլուծի կրթական համակարգի մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կրկնուսուցման պրակտիկան, լրացուցիչ կոռուպցիոն երևույթներն ու վարչական կամակայականությունները:
բ) Ապահովել անվճար նախադպրոցական կրթություն՝ հաղթահարելով Երևան/մարզեր սոցիալական խզումը, ապահովել նախակրթարանների պատշաճ շենքային պայմանները (մանրամասն, տես՝ 1.1.)։
գ) Ապահովել հանրակրթական ուսումնական հաստատությունների պատշաճ շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները, երաշխավորել հանրակրթարանների լիարժեք ֆիզիկական մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար: Անհրաժեշտ է կապիտալ ներդրումներ կատարել ՀՀ դպրոցներում հիմնանորոգման և արդիականացման նպատակով՝ կենտրոնանալով մարզային դպրոցների վրա և պահպանելով սոցիալական արդարության սկզբունքը: Պահանջում ենք նաև ապահովել դպրոցների լիարժեք ֆիզիկական մատչելիությունը, ինչպես նաև դպրոցների շենքային պայմանները հարմարեցնել հաշմանդամություն ունեցող երեխաների համար։
դ) Ապահովել հանրակրթության հասանելիությունը բոլոր երեխաների համար՝ անկախ բնակության վայրից, սեռից, տարիքից, սոցիալական կարգավիճակից, էթնիկ պատկանելությունից և այլն՝ երաշխավորելով յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումը։ Այս առումով անհրաժեշտ է.
- ստեղծել գործուն մեխանիզմներ, որոնց շնորհիվ նյութական աջակցություն կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացման համար,
- կարգավորել մանկական աշխատանքի հիմնախնդիրը՝ կրթության իրավունքի իրացման տեսանկյունից,
- երաշխավորել դասավանդման և ուսումնական բոլոր նյութերի, այդ թվում՝ դասագրքերի անվճար տրամադրումը երեխաներին,
- լուծել նախկինում հատուկ կրթական հաստատություններ հաճախող և այժմ ներառական ուսուցում իրականացնող դպրոցներ տեղափոխված երեխաների առջև ծառացած ֆինանսական խնդիրները։
ե) Հատկացումներ նախատեսել կրթության բովանդակության, դասագրքերի, դասավանդման մեթոդների արդիականացման համար: Հայաստանում հանրակրթության բովանդակությունը չի հիմնվում մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության սկզբունքների վրա։ Կրթական բովանդակությունը հաճախ խտրական է: Ավելին, խտրական մոտեցումներով է իրականացվում դասապրոցեսը, իսկ դասավանդողների մոտեցումները չեն հիմնվում սոցիալական արդարության պահպանման հրամայականի վրա: Պահանջում ենք վերանայել թե՛ դասագրքերը, և թե դասավանդման մոտեցումներն ու մեթոդները՝ ապահովելով դրանց գաղափարական համապատասխանությունը ժողովրդավարական սկզբունքներին և բովանդակային համապատասխանությունը արագ առաջընթաց ապրող գիտատեխնիկական զարգացումներին։
- Իրավական դաշտին առնչվող առաջարկություններ
- Վերանայել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»՝ այն կառուցելով ՀՀ սահմանադրության 38-րդ հոդվածով ամրագրված կրթության իրավունքի դրույթների շուրջ և առաջնորդվելով ցկյանս ուսումնառության մոտեցումներով:
- Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը՝ ուղարկված լրամշակումների, կրկին դնել հանրային քննարկման՝ ներառելով քաղաքացիական հասարակության, ուսանողների, կրթության փորձագետների կողմից ներկայացված փոփոխությունների առաջարկությունները:
- Չեղարկել «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությունը»:
- Չեղարկել տարկետման տրամադրման իրավական կարգի փոփոխությունները: Քննարկումների լայն դաշտ ստեղծել և կասեցնել «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքի կիրարկմանն ուղղված գործընթացները, մինչև ուսումնասիրություններ, հետազոտություններ չարվեն օրենքի հետևանքով կրթությանն ու գիտությանը հասցվող վնասների երկարաժամկետ ռիսկերը և դրանց հետևանքները գնահատելու, կառավարելիության մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:
- Այլ առաջարկություններ
- Նախատեսել կրթության ոլորտում իրականացված ծրագրերի համապարփակ աուդիտ:
- Դպրոցներից հանել կաթողիկոսի կամ նախագահի նկարները: Փոխարենը դպրոցներին հնարավորություն ընձեռել սեփական ընտրությամբ/նախաձեռնությամբ փակցնելու ՀՀ սահմանադրության, դպրոցի կանոնադրության, Երեխայի իրավունքների կոնվենցիայի և նմանատիպ այլ փաստաթղթերից հատվածներ/կետեր:
Բաժին 2. Երկարաժամկետ կտրվածքով առաջարկվող փոփոխություններ ( 10 ամիս)
- Վերանայել նախադպրոցական կրթության կազմակերպմանն առնչվող հիմնական փաստաթղթերն ու քաղաքականությունները՝ ներառելով հետևյալ պահանջները.
- Հետևել, որ անվճար մանկապարտեզները հասանելի լինեն ամբողջ երկրի տարածքում:
- Նվազեցնել խմբասենյակում երեխաների թիվը՝ ավագ խմբում 20-25, վաղ տարիքի խմբերում 15-20: Որպեսզի սա սոցիալական լարվածություն չառաջացնի, կարելի է գերբեռնված խմբերում համատեղ աշխատող երկրորդ դաստիարակի հաստիք ավելացնել:
- Վերջապես իրականացնել դաստիարակների և տնօրենների որակավորման և տարակարգերի շնորհման հարցը և բացառել ոչ մասնագետ կադրերի մուտքը մանկապարտեզ:
- Հետևել, որ մանկապարտեզներն իրական լիցենզավորում անցնեն և լրացուցիչ կրթական ծառայությունները չվերածվեն հիմնական գործառույթի՝ խոչընդոտելով կամ երկրորդ պլան մղելով երեխաների նախադպրոցական որակյալ կրթության կազմակերպումը:
- Հետևել, որ վերապատրաստող կազմակերպությունները առաջնորդվեն միասնական մոտեցումներով և իրականացնեն պարբերական վերապատրաստումներ հանրապետության ողջ տարածքում:
- Վերանայել աշխատավարձերը և սոց. փաթեթի մեջ նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին նույնպես ընդգրկել:
- Վերանայել հանրակրթությանն առնչվող հիմնական փաստաթղթերն ու քաղաքականությունները՝ հաշվի առնելով հետևյալ պահանջները.
- Մշակել և ներդնել կառավարման խորհուրդների ակտիվացմանն ուղղված մեխանիզմներ՝ այսպիսով խրախուսելով ժողովրդավարության իրականացումը դպրոցներում:
- Փոփոխել և թեթևացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերը՝ շեշտը դնելով ազատ կամարտահայտման, քննադատական մտածողության, նախաձեռնողականության և ստեղծագործականության զարգացման վրա: Ամբողջությամբ վերանայել Ավագ դպրոցների կրթական ծրագիրն ու բովանդակությունը: Պարտադիր առարկաների ցանկից հանել Հայ եկեղեցու պատմություն առարկան՝ փոխարենը կամընտրական սկզբունքով ավելացնելով արվեստի պատմություն և/կամ այդ առարկայի դասաժամերի հաշվին ավելացնելով/ուժեղացնելով հասարակագիտություն առարկան:
- Բացառել առաջին դասարանի երեխաների ուսումնական ծանրաբեռնվածությունը՝ շեշտը դնելով խաղային մեթոդների վրա:
- Բարձրացնել տեխնիկական սպասարկման աշխատակիցների (հատկապես մաքրուհիների) աշխատավարձները՝ բացառելով դասասենյակների մաքրության համար կատարվող դրամահավաքչությունը:
- Կրթական համակարգից հանել ամենօրյա գնահատումները: Ստեղծել բազա, որը հասանելի կլինի և՛ ծնողներին, և՛ ուսուցիչներին, և՛ աշակերտներին: Տվյալ բազայում ներառել տարբեր աստիճանների բարդության վարժություններ (օրինակ՝ մաթեմատիկայից) որտեղից ուսուցիչը կընտրի վարժություններ և թեսթերի միջոցով վերջնական գնահատումները տեղի կունենան:
- Ուսումնական հաստատությունների ֆինանսական հաշվետվողականության և ծախսերի թափանցիկության մեխանիզմներ կիրառել, հատկապես դոնոր համայնքի և վարկային միջոցների պարագայում:
- Փոքրացնել դասարաններում աշակերտների թիվը:
- Ստեղծել կապ համայնքում գործունեություն ծավալող բոլոր ծառայությունների, երեխաների պաշտպանությամբ զբաղվող կառույցների, համայնքապետարաններում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների և դպրոցի միջև։ Այս կառույցները պետք է համագործակցեն դպրոցների հետ, տան ինֆորմացիա կրթությունից դուրս մնացող երեխաների մասին, կամ հակառակը՝ դպրոցը պետք է տեղեկացնի ռիսկային իրավիճակում գտնվող երեխաների ու ընտանիքների մասին։
- Վերանայել բարձրագույն կրթությանն առնչվող հիմնական փաստաթղթերն ու քաղաքականությունները՝ հաշվի առնելով հետևյալ պահանջները.
- Ապահովել ակադեմիական ազատության և ազնվության իրականացումը ՀՀ բարձրագույն կրթության հաստատություններում:
- Ապահովել բարձրագույն կրթության արդիականացումը և համապատասխանեցումը շուկայի պահանջներին:
- Սահմանել իրավական կարգավորումներ բուհերում ուսանողական խորհուրդների՝ մասնավորապես ուսանողական խորհրդի նախագահի, ֆակուլտետների ՈՒԽ նախագահի կուսակցականացվածության բացարկման հիմքով (ԵՊՀ օրինակով): Հիմքը՝ ԵՊՀ ՈՒԽ կանոնադրություն Կետ: 5.8 (ՈՒԽ նախագահ չի կարող առաջադրվել ՀՀ որևէ քաղաքական կուսակցությանը անդամակցող թեկնածու):
- Լրամշակել բուհերի կառավարման մարմինների անդամների ընտրության չափանիշները:
- Բարձրագույն կրթության հաստատությունների շենքային պայմանները հարմարեցնել հաշմանդամություն ունեցողների համար, ապահովել կրթության բովանդակության մատչելիություն ու հասանելիություն ԿԱՊԿՈՒ ուսանողների համար:
- Ապահովել դասախոսների գիտական աշխատանքների, ԱՈՒՄՓ փաթեթների հեղինակային իրավունքների պաշտպանությունը, (ակադեմիական ազնվություն և ազատություն):
- Ներդնել և զարգացնել ուսանողների ու ակադեմիական անձնակազմի շարժունության խրախուսման մեխանիզմներ՝ ուժեղացնելով օտար լեզուներով դասավանդումը:
- Նույնականացնել ուսանողական վարձավճարի համակարգը՝ քվոտաները բաշխելով բուհ-աշխատաշուկա-ուսանողի կարիք շրջափուլի հիման վրա:
- Ներդնել և զարգացնել բուհերում առկա ցկյանս ուսումնառության մեխանիզմներն ու ծրագրերը:
- Ապահովել բուհերում մասնագիտական ու ակադեմիական հայալեզու գրականության, ուսումնական նյութերի առկայությունը
- Բովանդակության հասանելիությունն ապահովելու նպատակով էլ-գրադարանի /Էլեկտրոնային գրադարանի/ ձևավորում և շրջանառում, ուսանողներին անվճար ապահովում
- Բուհերում կարիերայի կենտրոնների աշխատանքների վերակազմակերպում՝ շեշտադրում կատարելով աշխատաշուկա-գործատու-ուսանող-բուհ կապի ապահովմանն ուղղված աշխատանքների զարգացմանը
- Ուսանողների պրակտիկաների կազմակերպման ընթացակարգերի փոփոխություններ՝ ներառելով իրենց մասնագիտությունների համապատասխան հաստատություններում երկարաժամկետ, պարբերական պրակտիկաների պլանավորում և իրականացում
- Մագիստրոսական կրթական ծրագրերում հետազոտական աշխատանքների բազմազանության ապահովում, հետազոտահետ մագիստրոսական կրթության կազմակերպում
- Ուսումնաօժանդակ անձնակազմի կարողությունների զարգացմանն ուղղված ռազմավարության մշակում և իրականացում:
- Բուհ ընդունելության գործող համակարգի բարելավում
- Ընդունելության գործող համակարգի բարեփոխումները պետք է դիտարկել կրթական համակարգի բոլոր աստիճաններում որակի վերահսկողության փոխհամաձայնեցված մոտեցումների ներդրման համատեքստում: Առավել պետք է կարևորվեն կրթության յուրաքանչյուր աստիճանի ելքին, այլ ոչ՝ մուտքին ներկայացվող պահանջները:
- Անհրաժեշտ է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք հետադարձ դրական ազդեցություն կարող են ունենալ կրթության որակի վրա: Մասնավորապես, անհրաժեշտ է թեստերում ընտրովի և կարճ պատասխան պահանջող առաջադրանքների կրճատման հաշվին ավելացնել ընդարձակ պատասխան պահանջող առաջադրանքներ, մշակել և ներդնել մասնագետների կողմից դրանց ստուգման օբյեկտիվ մեխանիզմներ: Անհրաժեշտ է նաև շարունակել առաջադրանքների բանկի կատարելագործումը՝ բաց ներկայացնելով դրա միայն մի մասը: Նման մոտեցումը ներկայումս առկա է շատ երկրներում:
- Անհրաժեշտ են ուսումնասիրություններ ՀՀ բուհեր դիմորդների թվի նվազման վրա տարբեր գործոնների ազդեցության աստիճանը պարզելու համար: Չպետք է ստեղծել արհեստական խոչընդոտներ՝ կանխելու դիմորդների հոսքը Հայաստանում գործող արտասահմանյան բուհեր: Առողջ մրցակցային դաշտի ապահովումը կարող է խթանել ՀՀ պետական բուհերի հզորացումը: Կրթության ոլորտի քաղաքականությունը մշակողներին ոչ միայն չպետք է անհանգստացնի բուհ դիմողների քանակի նվազումը՝ ի հաշիվ միջին մասնագիտական հաստատություններ դիմողների, այլև պետք խրախուսվի պետության կողմից՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ:
- Անհրաժեշտ է դպրոցի, միջին մասնագիտական հաստատության և բուհի կողմից դիմորդների մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ տարվող աշխատանքների համալիր ծրագրի մշակում և իրականացում:
Բաժին 3. Սոցիալական արդարության սկզբունքի պահպանում կրթության ոլորտում
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը գտնում է, որ ՀՀ կրթական նոր օրակարգի հիմքում անհրաժեշտ է դնել սոցիալական արդարության սկզբունքը: Հայստանում սկսված համաժողովրդական շարժման հիմնական պատճառը մեր երկրում հաստատված և խորը արմատներ գցած սոցիալական անարդարությունն է: Ուստի շարժման արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժը պետք նախ և առաջ քայլեր ձեռնարկի այդ խնդրի լուծման ուղղությամբ: Ուստի պահանջում ենք.
3.1. Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում նախատեսել տվյալների հավաքագրում սովորողների սոցիալական բնութագրիչների մասով:
3.2. Մշակել բարձրագույն կրթության համակարգում խոցելի խմբերի ներկայացվածության հատկանիշներ:
3.3. Մշակել սովորողների աջակցության առավել համակարգված մոտեցում, որը հիմնված կլինի ոչ թե առաջադիմության, այլ կարիքի վրա:
- Մշակել դպրոցում կրկնուսուցման պահանջի նվազեցման ինտեգրված ռազմավարություն:
- Բարձրագույն կրթության ֆինանսավորման արդյունավետությունն ու շարունակականությունը դիտարկվել բուհերի և սովորողների տեսանկյունից:
- Վերանայել քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները:
- Խթանել բոլորի համար կրթական հավասար հնարավորությունները հասարակության սոցիալական նորմերի խորաքնին ուսումնասիրության արդյունքում – կրթության սոցիալական չափումը բարելավելը ներառում է նաև սովորողների գենդերային (իգական և արական), ինքնության (սեռական, քաղաքական և կրոնական) և պատկանելության (սոցիալ- տնտեսական նկարագիր) տարբերությունների դրական ճանաչում և մշակութային հասկացում: Երկարաժամկետ կտրվածքում ցանկալի է, որ բարձրագույն կրթությունը ոչ թե արտացոլի հանրային նորմերը, այլ վերոթվարկյալ առումներով դերային տիպար դառնա հասարակության այլ հատվածների համար:
- Կրթության բովանդակության մշակման մեջ ևս պահպանել սոցիալական արդարության սկզբունքը՝ համալիր բովանդակություն, քննադատական վերլուծության գործիքներ, սոցիալական փոփոխության գործիքներ, բազմամշակութային խմբային դինամիկայի վերաբերյալ իրազեկվածություն, անհատական վերաիմաստավորում:
ԿՔՆ-ն կարևորում է, որ նշված պահանջները համապատասխանաբար ներառվեն նաև կարճաժամկետ և միջնաժամկետ ծախսերի ծրագրում, Լիազոր մարմնի ֆինանսավորման որակական ինդիկատորներին վերաբերվող փաստաթղթերում և համապատասխանաբար ներդաշնակեցվեն։
ԿՔՆ-ն նաև կարևորում է, որ կրթական քաղաքականությունը և կրթության ֆինանսավորումը կառուցվեն ցկյանս ուսումնառության հայեցակարգի շրջանակներում՝ հավասար և շարունակական կրթական հնարավորություններ տրամադրելով ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից, սեռից, ազգայինպատկանելությունից, հատուկ կարիքներից և բնակության վայրից:
Հանդիսանալով անկախ և ինքնակազմակերպման հիմունքներով գործող հարթակ, հարկ ենք համարում ընդգծել, որ նշված փոփոխություններն ու վերադասավորումները կարող են հաջողություն ունենալ որոշումների կայացման բոլոր մակարդակներում մասնակցային խորհուրդների և գլխավոր շահառուի՝ Հայաստանի հասարակության ակտիվ ներգրավման պայմաներում:
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հետևելու է Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև կրթական կառույցների աշխատանքներին՝ նախաձեռնության կողմից որդեգրված սկզբունքներին համապատասխան, բացահայտելով և բարձրաձայնելով ոլորտում առկա խնդիրները, պահանջելով այդ խնդիրներին հնարավորինս արդյունավետ լուծումներ տալը, նպատակ հետապնդելով ապահովելու հանրության ամենալայն շերտերի ներգրավվածությունն ու ներկայացվածությունը կրթական համակարգի բարեփոխման գործընթացներում։
Կրթական քաղաքացիական նախաձեռնություն
14-ը մայիսի, 2018թ․
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը բաց հարթակ է կրթության ոլորտի բոլոր շահառուների համար: Հարթակում ընդգրկված են 9-ը մասնագիտական կազմակերպություններ, կրթության փորձագետներ և ավելի քան 150 անհատ քաղաքացիներ: Հարթակում ընդգրկված կազմակերպություններն են.
- Հանրային քաղաքականության ինստիտուտ
- Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ
- «Հոդված 3» ակումբ
- Թրանսպերանսի Ինթերնեյշնալ
- «Բուն» կրթա-մշակութային հիմնադրամ
- Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան
- Թուխմանուկ ՀԿ
- Կրթական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն
- Մարդու իրավունքների հետազոտության կենտրոն
ԿՔՆ-ն ակտիվ համագործակցում է հետևյալ խմբերի ու կազմակերպությունների հետ.
- Մեդիալաբ
- Ֆոկուս արթ
- Քաղաքական դիսկուրս
- Դասավանդիր Հայաստան
- Ամփոփ մեդիա
- Ֆեյսբուքյան ծնողական խմբեր՝ Մանկապարտեզներ և երեխաներ, Դպրոց, խմբակներ, պարպմունքներ
- ԵՊՀ Ռեստարտ