Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանն իր գլխավերեւից հանել է Սերժ Սարգսյանի դիմանկարը

Մայիս 15,2018 16:41

Այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ իր հրաժարականի հիմք չի տեսնում, անգամ այն, որ Փաշինյանի ու իր կարծիքները քաղբանտարկյալ լինել-չլինելու եւ այլ հարցերի հետ կապված տարբերվում են, ըստ նրա, հիմք չէ, որ ինքը հրաժարական տա:

Լրագրողները հիշեցրին, որ Սերժ Սարգսյանն էլ հրաժարական տվեց՝ հրապարակային ճնշման ներքո, շատերը ինքնակամ հետեւեցին Սերժ Սարգսյանի օրինակին, օրինակ, ոստիկանական համակարգում՝ Արթուր Դավթյանն էլ պատասխանեց, թե համադրելի հարցերի մասին չեն խոսում. «Սերժ Սարգսյանը զբաղեցնում էր քաղաքական պաշտոն, ես զբաղեցնում եմ ոչ քաղաքական պաշտոն, դատախազությունը ապաքաղաքականացված մարմին է: Կան դատախազության գործունեության գնահատման չափանիշներ, դա բարձրագույն իշխանությունն է: 12 տարի ես դատախազության համակարգում եմ, իմ ոչ մի պաշտոնային փոփոխության ժամանակ նախաձեռնություն ինքս չեմ ցուցաբերել: Ինձ համար բոլոր նոր պաշտոնների առաջարկները եղել են անսպասելի, այդ թվում՝ գլխավոր դատախազի: Դրանով ես ստանձնել եմ պարտավորություն նաեւ իմ համակարգի առջեւ»:

Մեր հարցին՝ ճի՞շտ ենք հասկանում, որ ինչքան էլ հանրությունը հանդես գա՝ «Մերժիր Արթուր Դավթյանին» պահանջով եւ բողոքի ցույցեր անի, դուք Սերժ Սարգսյանի օրինակին հետեւող եւ հրաժարական տվողը չեք՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես ներկայացրեցի համապատասխան երաշխիքները, ես հարգում եմ իմ երկրի Սահմանադրությունը, այդ երաշխիքներն ու իմ ստանձնած պարտավորությունները»:

Նա ասաց, որ իր համար մեծ հաշվով տարբերություն չկա, թե գործադիրի ղեկավարն ով է, իր պարտականություններն ինքը կատարում է: Հարցին՝ աշխատելաոճն էլ չի՞ փոխվելու՝ նա պատասխանեց. «Ես երբեւէ չեմ ունեցել կաշկանդվածություն: Երեխեք, ես ուզում եմ, որ մենք սեւ ու սպիտակի վերածելու այդ իրավիճակից վեր կանգնենք»:

Նա վստահեցրեց, որ իրենք լուրջ փոփոխություններ, լուրջ թվեր են ունեցել՝ դեպի լավը: Լրագրողները հիշեցրին՝ ՍԱՍ-ի Արտակի ձայնագրությունը հրապարակվեց ու բոլորը տեսան, թե ինչպես է ՀՀԿ-ի թեկնածուն ստորացնում աշխատակիցներին, սպառնում, ո՞վ պատասխանատվության ենթարկվեց ու հիմա ասում եք, թե քաղաքական հրահանգներ չկա՞ն՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Ճիշտ եք, հիմա ասեմ: Այո, այդ գործով ամենալավն այն էր, որ ամեն ինչ բոլորիս հասանելի էր: Տեսանք էդ ամեն ինչը: Այո, այնտեղ ինչ կա, քրգործով հաստատվում է՝ որպես տեղի ունեցած երեւույթ: Բայց հարգելիներս, մեր Քրեական օրենսգրքում դա հանցագործություն նկարագրած չէր: Բաց էր: Հիմա ԱԺ-ում, եթե չեմ սխալվում, մեկ ընթերցում անցել է համապատասխան Քրեական օրենսգրքի փոփոխությունը, որտեղ արդեն նմանատիպ իրավիճակը, այսինքն՝ ծառայողական կախվածության միջոցով ընտրողի իրավունքի վրա ներգործությունը դիտվում է հանցագործություն: Այսինքն, երբ որ այդ տեսակ իրավիճակ կլինի արդեն օրենսդրության փոփոխության արդյունքում, դա կլինի հանցագործություն»:

Բայց Արթուր Դավթյանն ասաց՝ օրենքը հետադարձ ուժ չի ունենա ու Արտակ Սարգսյանի վրա չի ազդի:

Հայտնի է, որ գլխավոր դատախազի սենյակում իր գլխավերեւում Սերժ Սարգսյանի դիմանկարն էր կախած: Այդ մասին ժամանակին խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողները հարցրեցին՝ պատրաստվո՞ւմ եք փոխել ու հիմա արդեն Նիկոլ Փաշինյանի դիմանկարը կախել՝ Արթուր Դավթյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի կամ որեւէ մեկի լուսանկարն արդեն չկա, հանել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031