«Ինչպե՞ս կարող է փոխվարչապետ նշանակվել մի անձ, որը 400-ից ավելի քաղաքացիների աշխատանքային իրավունքներն է ոտնահարել»,-Aravot.am-ին վրդովված ասաց Արման Սիմոնյանը՝ դժգոհելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից:
Արման Սիմոնյանը «Արդշինբանկի» նախկին աշխատակից է: Նա պնդում է, որ ներկայիս փոխվարչապետ, նախկինում «Արդշինբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանի թողտվությամբ խախտվել են իր աշխատանքային իրավունքները:
Սիմոնյանի պատմելով՝ աշխատելով «Արդշինբանկում»-ում, ունեցել է 100 արձակուրդային օր, որի դիմաց չի վճարվել: Ընդ որում, ըստ Սիմոնյանի, նման խնդիր ունեն մոտ 500 նախկին եւ ներկա աշխատակիցներ: Այս խնդիրը Սիմոնյանը բաց նամակով ներկայացրել է ՀՀ վարչապետին:
Ապա բանկը պարզաբանում է ներկայացրել, հղում անելով աշխատանքի պետական տեսչության որոշմանն ու աշխատանքային օրենսգրքին : Այս պարզաբանումը վրդովվեցրել է Սիմոնյանին:
Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բանկի պարզաբանումն անհիմն է, ապա առավել մանրամասն ներկայացրեց դրանք: Ըստ Սիմոնյանի, իր արձակուրդային օրերի չվճարված գումարը կազմում է մոտ 5 միլիոն դրամ, դատարանում փորձում է վերականգնել իր իրավունքները. «Բանկը ճնշումներ է գործադրում դատարանի վրա, եւ մենք տարբեր ատյաններում պայքարի մեջ ենք: Արդեն կա նախադեպ, նույն խնդրով բանկի 3 աշխատակիցներին չվճարված արձակուրդների համար դատարանի վճիռ կա՝ գումարը վճարել: Այս նախադեպի հիման վրա էլ պահանջում ենք մեր գումարներն էլ վճարել, սակայն քանի տարի է դատարանները անհիմն որոշումներ են կայացնում»:
Սիմոնյանն ասաց, որ երբ 2010 թվականին փոփոխություն կատարվեց աշխատանքային օրենսգրքում, այն ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծել աշխատողների համար, այդ թվում չօգտագործված արձակուրդային օրերի վճարման համար: Սակայն բանկը՝ ի դեմս ներկայիս փոխվարչապետ Գրիգորյանի, հաշվի չի առել այդ փոփոխությունը, նշելով, թե այն չի տարածվում այս դեպքի վրա:
Մինչդեռ Սիմոնյանը ոլորտի այն ժամանակվա նախարարի պարզաբանումը ներկայացրեց, ըստ որի, բանկը կամայական որոշում է կայացրել, օրենքը հետադարձ ուժ ունի եւ տարածվում է նաեւ Սիմոնյանի դեպքի վրա:
«Մեզ, ասենք՝ ուրբաթ օրը արձակուրդի հրաման էին տալիս, բայց երկուշաբթի գործի էինք գնում, այսինքն՝ հասանելիք արձակուրդային օրերին աշխատելու համար պետք է վճարեն: Հետո 2010-ին օրենսգրքում կատարվեց փոփոխություն, պարտադրվեց գործատուներին արձակուրդային օրերին աշխատելու համար վճարել: Ու եթե բանկն ու Գրիգորյանը պնդում են, թե այս փոփոխությունը հետադարձ ուժ չունի, այդ դեպքում ինչո՞ւ են նույն պահանջով ու խնդրով 3 աշխատակիցներին դատարանի որոշմամբ վճարել: Ի՞նչ է, օրենքը տարբեր մարդկանց դեպքում տարբեր ձե՞ւ է մեկնաբանվում: Նախարարը հրաման եւ ուղեցույց է ներկայացրել տարաձայնությունները փարատելու համար, այդտեղ հստակ նշված է՝ օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մեր դեպքի վրա»,-ասաց Սիմոնյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Ի՞նչ կապ ունի ներկայիս վարչապետն այս խախտումների հետ, եթե դատարաններն են հօգուտ բանկի որոշումներ կայացրել, մեր այս հարցին ի պատասխան Սիմոնյանն ասաց. «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այն ժամանակ լինելով բանկի վարչության նախագահը՝ ստորագրել է այն փաստաթղթերի տակ, որոնք օրենքի խախտումներով են: Մենք վրդովված ենք նրա նշանակումով, որովհետեւ նա հանդիսանալով բանկի վարչության նախագահ, այս տարիների ընթացքում այս ամբողջ գործընթացը կոծկել է, շրջանցել է ՀՀ բոլոր օրենքները, իրավական ակտերը»:
Մանրամասն՝ տեսանյութում
2013 թվականից Սիմոնյանը դատարաններում փորձում է վերականգնել իր իրավունքները, բայց, ինչպես ինքն է վստահեցնում՝ դատարաններն աշխատում են հօգուտ բանկի: Սիմոնյանը վստահեցրեց՝ մի քանի անգամ բանկի ղեկավարներին նամակ է գրել, բայց պատասխան չի ստացել. «Երբ աշխատանքի տեսչությանը նամակ էի գրել, ինձ առաջարկեցին՝ արի 1,5 միլիոն դրամ ստացի՝ գործը փակենք, տեսչությունից դիմումդ հետ վերցրու: Բայց ես հրաժարվեցի, որովհետեւ ինձ պետք չի անօրինական ճանապարհով գումար ստանալ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Արման Սիմոնյանը մեզ ներկայացրեց նույն խնդրով բանկից տուժած աշխատակիցների ստորագրությունները, որոնք եւս վրդովված են Մհեր Գրիգորյանի՝ փոխվարչապետի պաշտոնին նշանակումով:
«Մհեր Գրիգորյանը մինչ այդ էլ ՎՏԲ բանկում է աշխատել, էդ ինչո՞ւ իրեն ու իր հետ տարած աշխատողներին արձակուրդայինների համար վճարել են, իսկ մեզ ինքը չի վճարել: Այդ ինչպե՞ս եղավ, որ նույնը օրենքն իր վրա տարածվում է, մեր վրա՝ ոչ»,-դժգոհեց Արման Սիմոնյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ