Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն այսօր իր դիտարկումներն արեց նոր կառավարության ծրագրին ընդառաջ խաղողագործության եւ գինեգործության ոլորտի հիմնախնդիրների շուրջ, որոնք պետք է լինեն առաջնային:
«Ստալինի մահից հետո սա առաջին պատմական շանսն է, որպեսզի մենք փոխենք մեր դեմքը՝ կապված ճիշտ խաղողագործության եւ գինեգործության հետ: Կոնյակը, որ մեր գինեգործական արտադրության հիմնական մասն է, մղվել է քաղաքական դաշտ եւ լուծել քաղաքական խնդիրներ: Քոչինյանի օրոք դա չկարողացան դուրս բերել քաղաքական դաշտից, Դեմիրճյանի օրոք ճգնաժամն ավելի խորացավ եւ մենք ստացանք մի ժառանգություն, որտեղ կոնյակը դարձավ քաղաքական մի մեծ գործիք ու հիմք դրվեց սխալ խաղողագործության զարգացմանը: Արդյունքում կորցրեցինք այգիներ, գործընթացը գնալով խորացավ, որովհետեւ կոնյակն օգտագործվեց որպես նախընտրական, ստվերային տնտեսության, արտադրողների եւ գյուղացիների վրա ճնշում գործադրելու միջոց եւ գլոբալ առումով դարձավ Հայաստանի վրա ճնշում բանեցնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Այս իրողությունն այս ամբողջ ունեցել է շատ մեծ քաղաքական դեր:
Հիմա իրականությունը փոխվել է, եւ մենք գործ ունենք արդեն ապաքաղաքական գինեգործության հետ, եւ եթե հավատանք այս վերջին մեկ ամսվա գործընթացներին, թվում է՝ մի այլ բան չկա մեզ պահող, որպեսզի մենք ձերբազատվենք 70 տարվա նեգատիվ իրականությունից:
Կարծում եմ՝ մեզ սպասում են լուսավոր ժամանակներ, եթե նոր իշխանությունը տեր կանգնի իր խոսքին: Նախկին կառավարությունն այս ուղղությամբ մեկ քայլ առաջ արել է իր նախորդի հետ համեմատած: Կար որոշակի ծրագիր, որը սակայն գլոբալ առումով արգելակվում էր վերին էշելոններում: Բայց ինչ-որ բան կարողացան շրջանցել, ինչ-որ բան համոզել եւ մենք մի քայլ առաջ էինք, քան Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ: Բայց չեղավ այն, ինչ կարող էր լինել, քանի որ չկար բավարար քաղաքական կամք, որովհետեւ նախորդ երկու կառավարությունների ժամանակ այդ նեգատիվ երեւույթների մեջ նաեւ անդրազգային կապիտալ կար: Այսինքն, մենք կատարում էինք նաեւ դրսի պատվեր:
Ինչ պետք է անի նոր կառավարությունը: Հիմա նա պետք է փորձի խաղողագործության եւ գինեգործության ոլորտում պահել նախորդի որդեգրած քաղաքականությունն այս սեզոնում: Բայց իր ծրագրում պետք է շատ ավելի հեռուն գնա: Պետք է մթերումների հետ կապված ֆինանսավարկային քաղաքականությունը պահի: Քայլեր պետք է ձեռնարկի ինվեստիցիոն քաղաքականության հետ կապված: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում ինվեստիցիաներ չկան քաղաքական պատճառներով: Բայց կա նաեւ տնտեսական պատճառ: Մարդիկ ուզում են ներդրումներ անել՝ այգիներ ու հող չկա: Հողը կամ գյուղացիների մոտ է, կամ անհատ մեծահարուստների, եւ այդ հողի մեծ մասը չի մշակվում: Այսօր կա մոտ 30 հազար հեկտար չմշակվող հող, որոնք պիտանի են եւ իդեալական խաղողագործության համար: Հողի շատ մեծ հեկտարներ կուտակված են մի քանի հոգու մոտ, որոնք 95-96 թվականներից այդ հողերում քայլ անգամ չեն արել: Հողատերեր կան, որ ունեն մի քանի հարյուր հեկտար, բայց իրենց հողի սահմանները չգիտեն: Վերջին օրերին մենք մի քանի տասնյակ զանգ ենք ստացել: Մարդիկ կան, որոնք ուզում են ներդրումներ անել Հայաստանում, ուզում են հասկանալ՝ կարո՞ղ են այգիներ տնկել: Պարզվում է, որ այդ հողակտորները չկան: Մարդն ուզում է մի 20 հեկտարի վրա այգի տնկել, բայց պետք է գործ ունենա կամ մի քանի գյուղացիների, կամ մեծահարուստի հետ, որն այդ փողի կարիքը չունի:
Նոր կառավարությունը պետք է փորձի այդ հողերը ստիպողական ներքաշել շրջանառության մեջ: Իհարկե, ոչ թե սեփականությունը բռնի խլելու եղանակով, այլ հողերը հետ ստանալու մեխանիզմներ մշակելով՝ տալով դրանք շահագործելու կամ կառավարման հանձնելու որոշակի ժամանակ, որպեսզի այդ մարդիկ հասկանան, որ կարող են իրենց հողերը կորցնել:
Պետք է արմատախիլ անի կեղծարարության այն հիմքը, որը գալիս է խաղողի բերքի եւ այգիների բազայի եւ ընդհանուր ռեեստրի բացակայության պատճառով: Կեղծում են բերքի քանակը, բայց դրա մի կողմում նաեւ գյուղացին է: Սա փոխշահավետ մի համագործակցություն է: Դրա համար պետք է այդ բազան շատ արագ ստեղծել, որպեսզի չկարողանան թվեր գրել:
Պետք է անպայման սահմանվի կոնյակի արտահանման նվազագույն գին եւ ավելացվող գումարն ուղղվի գյուղացիներին՝ իրենց այգիներն էֆեկտիվ մշակելու հնարավորություն ստեղծելով: Պետք է շատ արագ վերացվի կոնյակի արտադրության մոնոպոլիան, որը թույլատրել են նախորդ քաղաքական ուժերը՝ այդ ստվերային ռեսուրսները շատ փոքր շրջանակում կենտրոնացնելու համար: Այդ դրամական ռեսուրսների հաշվին պետք է վերացվի գինու վրա ակցիզային հարկը, որպեսզի գինեգործությունը լայնորեն զարգանա:
Սրանք կարճաժամկետ քայլեր են, որ նոր կառավարությունը պետք է կատարի մինչեւ նոր ընտրություններ: Իսկ դրանից հետո արդեն անհրաժեշտ է լինելու գլոբալ առումով զբաղվել ընդհանրապես գյուղատնտեսության զարգացման մեր երկրի համար ընդունելի մոդելի ընտրությունով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ