Aravot.am-ը Հայաստանին միջուկային վառելիք մատակարարող «Տվել» ընկերության փոխնախագահ Օլեգ Գրիգորեւից հետաքրքրվեց, թե ի՞նչ նորություններ կան Հայաստանի համար, արդյոք եկող տարվա համար ՀԱԷԿ-ին՝ հայկական ատոմակայանին, վառելիքը կմատակարարվի նախորդ պայմանավորվածությունից ավելի ցածր գնով, հատկապես, որ երեկ Սոչիում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Կարեն Ղահրամանյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին վառելիքի գնի շուրջ բանակցություններ են ընթանում:
Պարոն Օլեգ Գրիգորեւն ասաց, որ ամենագլխավոր նորությունը երեկ ցուցադրվել է հեռուստատեսությամբ եւ այն Ռուսաստանի նախագահի հանդիպումն է Հայաստանի վարչապետի հետ:
«Այդ լավ հարաբերությունների ֆոնին, մեզ մոտ հաստատ ամեն ինչ լավ է: Իրականում ՀԱԷԿ-ի մեր գործընկերների հետ ունենք շատ լավ, բարիդրացիական, երկար տարիների եւ կառուցողական հարաբերություններ: Մենք տարաձայնություններ չունենք: Ինչ հարց, որ ծագում է, կառուցողական քննարկումների արդյունքում լուծում է ստանում»,-ասաց Օլեգ Գրիգորեւը:
Պարոն Գրիգորեւը մեր հարցերին պատասխանեց այսօր Սոչիում տեղի ունեցող «Ատոմէքսպո 2018» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված ասուլիսում:
«Տվել»-ի փոխնախագահը նշեց, որ օրինակ՝ անցյալ տարի վառելիքի մատակարարման հետ կապված մի հարց էր առաջացել, որը պայմանավորված է եղել այլ երկրներով մեզ տրամադրվող տարանցիկ ճանապարհով. «Վառելիքը մատակարարելու նախատեսված ժամանակի համար տարանցիկ ճանապարհ չէին տրամադրում, այդ իսկ պատճառով մենք պայմանավորվեցինք պահուստային խմբաքանակի մատակարարման համար, այն արդեն տրամադրվել է, անվտանգությունը երաշխավորված է»:
Մեր հստակեցնող հարցին, թե գնի շուրջ բանակցությունների արդյունքում վառելիքի գները կնվազե՞ն, պարոն Գրիգորեւն ասաց, որ երեկ հանդիպել են ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի հետ եւ մոտ ապագայում 2019 թվականի համար պայմանագիրը կստորագրվի. «Գների բարձրացում տեղի չի ունենա, քանի որ պայմանագրով բոլոր բանաձեւերը ադապտացված են շուկայում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին, երբ գներն իջնում են, մեզ մոտ ավտոմատ իջնում են»:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե գնի շուրջ բանակցություններն ինչ արդյունք տվեցին, եկող տարվա համար ավելի քի՞չ կվճարենք այսօր «Ատոմէքսպո 2018» ցուցահանդեսին ներկա ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ասաց, որ միջուկային վառելիքի պարագայում կա համապատասխան մեթոդոլոգիա, այդուհանդերձ, գները միտում ունեն նվազելու. «Մեթոդոլոգիայով ամեն երկու տարին մեկ է գները փոխվում, եւ քանի որ այս պահին գինը նվազում է, 2019-ի համար կլինի ներկայիս նվազած գնով»:
Ինչ վերաբերում է ճանապարհների պատճառով ՀԱԷԿ-ի վառելիքի մատակարարման համար առաջացող խնդիրներին, ապա պարոն Վարդանյանն էլ նշեց, որ այն պահուստավորել ենք եւ մեր երկիրը 20 ամսվա վառելիք ունի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Սոչի-Երեւան