«Ազգ-բանակ 2017» համաժողովին Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը հանձնարարեց հանրապետության դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին այնպես անել, որ ուսումն ավարտելիս «յուրաքանչյուր դպրոցում լինեն երեխաների տասնյակներ, ովքեր կերազեն դառնալ սպա»։ Մկրտչյանը նաև հայտարարել էր՝ Հայաստանի կրթական համակարգի մեծագույն առաքելությունը պետք է լինի «ազգ-բանակ» գաղափարախոսությունը յուրաքանչյուր ընտանիքին հասանելի դարձնելը։
Թեև մինչ այդ հայտարարությունը ևս դպրոցներում հաճախ են իրականացվել ռազմական-հայրենասիրական բնույթ ունեցող միջոցառումները, սակայն 2017 թվականից դրանք աննախադեպ աճ են գրանցել։ ԿԳՆ-ի և Պաշտպանության նախարարության համագործակցությամբ դպրոցներում անց են կացվել ռազմական խաղեր, բացվել են հրաձգարաններ։ Գաղափարախոսության քարոզչությանը մասնակցել է նաև ոստիկանությունը՝ դպրոցներում ներկայացնելով Վիգեն Սարգսյանի առաջարկած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, դրանց «առավելությունները»։
2018 թվականի մարտին Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրեց «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությանը հավանություն տալու ՀՀ կառավարության որոշման» նախագիծը, որը միտված էր լրացնելու դպրոցներում արդեն իրականացվող ռազմական քարոզչության «բացերը»։ Այսպես կոչված «ռազմահայրենասիրական դաստիարակության» զարգացմանը նպաստել են նաև մարզային իշխանությունները։ 2018-ի մարտին Շիրակի մարզի իշխանությունները պարգևատրել են այն ուսուցիչներին, ում աշակերտներն աչքի են ընկել «հայրենիքի համար զոհվելու պատրաստակամությամբ»։
«Իրազեկ քաղաքացիների միավորման» պրոպագանդայի մոնիթորինգի թիմը 2016 թվականի հոկտեմբերից 2018 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում մշտադիտարկում է իրականացրել ուսումնական հաստատություններում հայեցակարգի քարոզչության եղանակների վերաբերյալ։ Զեկույցում ներկայացված են մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում քարոզչության իրականացման վերաբերյալ փաստեր և աշակերտների ռազմականացմանը միտված միջոցառումների բազմաթիվ օրինակներ։
Զեկույցն այստեղ։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»