Երեկ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնեց իր առաջին քննությունը`Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում: Ի՞նչ տպավորություն ստացաք Սոչիում կայացած հանդիպումներից, արդյոք Հայաստանի ողնաշարն ավելի ուղի՞ղ էր, քան նախկինում`Aravot.am-ի հարցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Լեգիտիմության այն աստիճանն ու պաշարը, որ ունենք, ինքնըստինքյան մեր ողնաշարն ուղղելու, ուղիղ կանգնելու կարեւորագույն պայման է: Լեգիտիմությունը, ըստ էության, դրսեւորվեց ու արտահայտվեց հենց այդ քաղաքում: Այն մեծ ընդունելությունը, որին ականատես եղանք, հասկացանք, որ լեգիտիմության աստիճանը, ոչ միայն մեզ համար, այլ նաեւ հանդիպում ունեցողների համար էլ արդեն իսկ նշան էր նրա, որ գործ ունենք ժողովրդավարական մոտեցումների եւ սկզբունքների հետ»:
Դիտարկմանը`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փոքր-ինչ շփոթված էր, գուցե` կաշկանդված, Վարդան Բոստանջյանը հակադարձեց. «Ոչինչ: Պուտինը`հզոր երկրի`հզոր ղեկավար`մեծ լեգիտիմություն ունեցող… իհարկե, դա պետք է լիներ, դա այս պահին նաեւ հոգեբանական պահ է, բայց դեռ ոչինչ չի նշանակում: Ընդհակառակը, դա իմ գնահատմամբ ու կարծիքով, ավելի դրական է խոսում մեր ղեկավարի համար, որ այդպիսի խոշոր երկրի ղեկավարի հետ ունեցած հանդիպման ժամանակ հնարավոր է նաեւ որոշակի զգուշավորություն»:
Նկատեցինք նաեւ`Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին դիմեց անուն-հայրանունով, մինչդեռ ՌԴ նախագահը որեւէ անգամ անունով չդիմեց մեր ղեկավարին: «Ոչինչ», -ասում է Վարդան Բոստանջյանը`չժխտելով, որ նման դետալները քաղաքականության մեջ երբեմն որոշիչ են լինում:
Մեծ իմաստով, Նիկոլ Փաշինյանի այս հանդիպումները նա «որոնողական է» անվանում. «Առաջին հանդիպում է տեղի ունեցել, ի՞նչ եք կարծում, հզոր երկրի ղեկավարը պետք է ավելի սենտիմենտա՞լ մոտեցումներ ունենար: Չէր լինելու այդպես եւ ցանկալի չի, թեկուզ`արարողակարգային առումով»: Մնացածն, ասում է, հետագա ընթացքը ցույց կտա:
Այլ մանրամասները`տեսանյութում
Սոչիում նաեւ մեկ այլ ուշագրավ բան եղավ. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւ- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան հանդիպում չեղավ: Մինչդեռ, Ղազախստանի նախագահը ԵԱՏՄ-ի առանցքային դերակատարներից է:
Նաեւ, կուլիսային խոսակցություններ եղան այն մասին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, որը մտերիմ հարաբերություններ ունի Նուրսուլթան Նազարբաեւի հետ, զանգահարել եւ խնդրել է, որպեսզի ՀՀ նորընտիր վարչապետին «լավ աչքով նայեն»:
Ի դեպ, սոցիալական ցանցերում հեգնանքի արժանացավ նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ողջագուրումը: Լրագրող եւ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը ժամանակին քննադատում էր ՀՀ իշխանություններին`նմանօրինակ պահվածքի համար: Հիշեցնենք, նաեւ, որ Բելառուսի նախագահը «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի մտերիմներից է:
Վարդան Բոստանջյանը պարզաբանում է`եթե Նազարբաեւի կեցվածքը ազդակ է`ավելի լավ. «Սա արդեն մտածելու տեղիք է տալիս: Եթե տրամադրված չեն բոլոր դրական լիցքերն ուղղել ՀՀ-ին, այո, թող կանխավ մեր ղեկավարությունն իմանա այդ մասին: Իսկ ինչ վերաբերում է` էդ արարողակարգային ինստիտուտին՝ ողջագուրվել-չողջագուրվել, դա առ ոչինչ է ընդհանուր հարաբերությունների կառուցման առումով: Ելնելով տարբեր իրավիճակներից էլ, քաղաքական գործիչը կարող է տարբեր արծարծումներ անել: Լուկաշենկոն կլինի, թե այլ մեկը`ինչո՞ւ եք կարծում, որ նույն ջերմությամբ չպետք է արձագանքել»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Ընդհանուր առմամբ,Վարդան Բոստանջյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը լավ հանձնեց քննությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավորներն առայժմ ձեռնպահ են մնում Նիկոլ Փաշինյանի այս այցի մասին գնահատականներ հնչեցնելուց: