Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիբանանահայությունը վտանգված է, ներգաղթ կազմակերպեք». Արման Նավասարդյանի կոչը Սփյուռքի նախարարությանը

Մայիս 15,2018 15:16

«Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական բախման չեն գնա, բացառում եմ դա: Իրանի հետ պատերազմի մեջ մտնելը «կատաստրոֆա» կլինի ԱՄՆ-ի եւ տարածաշրջանի համար: Բայց Թրամփի քայլը տարավ նրան, որ Իրանն անպայման կունենա միջուկային զենք»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱՄՆ նախագահի՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշմանը, ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Փոխարենը, նա մեկ այլ խնդիր մատնանշեց, որը սպառնում է հայությանը: Նավասարդյանը նշեց՝ լիբանանյան «Հիզբալլահ» շարժման եւ Իսրայելի ներկայիս առճակատումը Լիբանանում կարող է բերել պատերազմական գործողությունների:

«Սա վախեցնող է մեզ համար: Տարածաշրջանում վիճակն այնպիսին է, որ Սիրիայի մոդելը կարող է գործել Լիբանանի պարագայում: Լիբանանում ներքին իրավիճակն է բավականին լարված: Մոտ երկու միլիոն փախստական կա Սիրիայից, պաղեստինյան փախստականների ճամբարներն էլ ռումբի պես են գործում: «Հիզբալլահն» էլ «պետություն» է Լիբանանի ներսում»,-նկատեց Արման Նավասարդյանը եւ հավելեց,-«եթե նման իրավիճակում ռազմական գործողություններ լինեն, հայկական համայնքը ոտնատակ կլինի»:

Նավասարդյանը ՀՀ սփյուռքի նախարարության ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ լիբանանահայերի ներգաղթ պետք է կազմակերպել. «Նրանց մի մասը, մոտավոր թիվ չեմ կարող ասել, պատրաստ է գալ Հայաստան: Անձամբ եմ խոսել իրենց հետ»:

Հավելենք, որ տարբեր տվյալներով՝ Լիբանանում հայության թիվը քաղաքացիական երկարատեւ պատերազմի հետեւանքով կտրուկ նվազել է՝ 250 հազարից հասնելով մոտ 40 000-ի:

Արման Նավասարդյանն անդրադարձավ նաեւ Զոհրաբ Մնացականյանի՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելուն եւ ասաց. «Հաջող նշանակում է, երեսուն տարի է՝ ճանաչում եմ նրան: Նա աճեց, բարձրացավ: Նա մասնագիտացված դիվանագետ է եւ լավ բանակցող, աշխատասեր, համեստ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031