Հարևան Հայաստանում տեղի ունեցած բուռն քաղաքական իրադարձությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել Վրաստանում: Այս թեման մինչ օրս ակտիվ քննարկվում է հասարակության ամենալայն շերտերում՝ սովորական բնակիչներից մինչև մասնագետներ և փորձագետներ: Ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ վրացի և հայ ժողովուրդները մեկ հազարամյակ չէ, որ ապրում են կողք կողքի, նրանց պատմական ճակատագրերը միահյուսված են միլիոնավոր կենսական թելերով: Բնական է, որ այս գործընթացին չեն կարող կողքից նայել նաև քաղաքական գործիչները, գրում է Eurasia Daily-ն «Հայ-վրացական հարաբերություններ. Թբիլիսին օրինակ կվերցնի՞ Երևանից» խորագրով հոդվածում:
Շփումներ են տեղի ունեցել ամենաբարձր մակարդակով: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հեռախոսով քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հրատապ հարցեր, հայ-վրացական համագործակցության հեռանկարները և Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Բացի այդ, Հայաստանի նախագահը Գեորգի Մարգվելաշվիլիից ստացել է մայիսի 26-ին Թբիլիսի այցելելու հրավեր՝ մասնակցելու Վրաստանի առաջին հանրապետության ստեղծման 100- ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Սակայն չվիճարկելով բարձր մակարդակի շփումները՝ պետք է հիշել, որ Հայաստանը նախագահական կառավարման ձևը փոխարինել է խորհրդարանականով, ինչը նշանակում է, որ երկրում առանցքային քաղաքական կերպարն այսուհետ վարչապետն է: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ է դարձել արդեն բոլորին քաջ հայտնի Նիկոլ Փաշինյանը, որը կարողացավ ամբողջ աշխարհին ապացուցել՝ մեկ մարդը դաշտում մարտիկ է: Հայ ժողովուրդը, հաշվի չառնելով ո՛չ սեփական կառավարության, ո՛չ սեփական խորհրդարանի, ո՛չ միջազգային հանրության կարծիքները, հենց այս մարդուն ընտրեց և հասավ վարչապետի պաշտոնում նրա նշանակմանը: Ժամանակը ցույց կտա՝ արդյոք ժողովուրդը ճիշտ էր, թե սխալ իր ընտրության մեջ, բայց այսօր իրողությունն այդպիսին է:
Հենց սկզբից Նիկոլ Փաշինյանը ակտիվ շփվել է արտաքին քաղաքականության խոշոր խաղացողների հետ, որպեսզի նրանց ծանոթացնի իր ապագա ծրագրերին, պետության արտաքին քաղաքական ուղղությանը: Չնայած Վրաստանը գլոբալ քաղաքականության խոշոր խաղացողներից չէ, դեռևս մինչև ընտրվելը Փաշինյանի նախաձեռնությամբ Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ նրա հանդիպումը Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանդելիձեի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական ավանդական հարաբերությունները, և Փաշինյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում պատրաստ է խորացնել և զարգացնել հարաբերությունները Վրաստանի հետ:
Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ ստացավ իր վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիից, իսկ մի քանի օր անց տեղի ունեցավ նրանց հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերությունները: Փաշինյանը կարծում է, որ հայ-վրացական հարաբերությունները չպետք է կախված լինեն համաշխարհային քաղաքականության գործընթացներից: Նրա խոսքով՝ հաճախ լարվածություն առաջացել է ոչ թե երկկողմ հարաբերությունների շրջանակում, այլ այն պատճառով, որ այդ հարաբերությունները դիտարկվել են լայն աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում, ինչը որոշակի ռիսկեր է ստեղծել:
«Բայց ուրախ եմ, որ և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում կա այդ ռիսկերը կարգավորելու մտադրություն»,-հայտարարել է Փաշինյանը:
Փաշինյանը նաև կարծում է, որ երկու երկրները չպետք է վախենան խոսել իրենց հարաբերություններում առկա խնդիրների մասին, բայց միևնույն ժամանակ ընդգծում է, որ «ստիպված չեն լինում կասկածել, որ փոխադարձ հարգանքի դեպքում, հենց փոխադարձ, ոչ թե միակողմանի, կարելի է և պետք է զարգացնել հարաբերությունները»:
Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների կայունությանը չեն կասկածում նաև վրացի փորձագետները: Նման դիրքորոշում ունի Վրաստանի առողջապահության և արտաքին գործերի նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին, ինչպես նաև Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն, որը հայտարարել է. «Վրաստանում դրական են գնահատում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Հույս ունենք, որ նոր վարչապետը իշխանության կբերի բարեփոխիչների թիմ, որի հետ աշխատանքից մեր կառավարությունը օգուտ կքաղի»:
Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորությունը հայտնի է: Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, ինչքան էլ դա անտրամաբանական թվա Վրաստանի հանդեպ: Ընդհանուր շահերը միավորում են Ռուսաստանին, Հայաստանին և Իրանին, որտեղ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Իրանը՝ վերջինիս շատ կարևոր գործընկեր՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակումը: Հայաստանում իրադարձությունների ֆոնին տպավորություն է ստեղծվում, որ վրացի քաղաքական գործիչները Հայաստանի «թավշյա հեղափոխության» հետ որոշակի հույսեր են կապում՝ արտաքին քաղաքական կուրսի փոփոխության հարցում:
Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով ընդդիմադիր պատգամավոր, մեղադրել է Հանրապետական կուսակցությանը «երկրի ինքնիշխանության մի մասը ինքնակամ Ռուսաստանին փոխանցելու մեջ, որը լինելով Հայաստանի դաշնակից, զինել է Ադրբեջանին»: Ելնելով այս ամենից՝ մարդկանց և փորձագետների մի մասի մոտ աշխատում է պարզ տրամաբանություն, եթե «Սերժ Սարգսյանը ռուսամետ է, Նիկոլ Փաշինյանը կլինի ամերիկամետ»: Թվում է՝ այս տրամաբանությունը շատ պարզ է, բայց իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Մի բան է քննադատել կառավարությունը ընդդիմության աթոռից, մեկ այլ բան՝ ստանձնել իշխանությունը և հսկայական պատասխանատվություն երկրի, պետության, ժողովրդի հանդեպ, որն էլ հենց այդ իշխանությունը տվել է քեզ:
Հայաստանը դարձավ հետխորհրդային առաջին երկիրը, որը ոչ միայն հռչակեց բազմավեկտոր քաղաքականություն, այլ նաև հաջողությամբ կյանքի կոչեց այն: Ստեղծեց որոշակի քաղաքական պարադոքս՝ իր քաղաքականությունը դարձնելով «ամենառուսամետը՝ ամերիկամետերից և ամենաամերիկամետը՝ ռուսամետերից»: Միացյալ Նահանգները, Ռուսաստանին և Իրանին հռչակելով գլխավոր հակառակորդներ և գրեթե թշնամիներ, երբևէ Հայաստանի դեմ ոչ մի պատժամիջոց չի սահմանել: Էլ ո՞ր երկրի հետ են ամերիկացիները նման նրբանկատություն ցուցաբերում: Մենք բազմիցս ականատես ենք եղել՝ որ անգամ իրենց ամենահզոր դաշնակիցների հետ իրենց պահում են առանց ձևականության: Իսկ «հանճարեղ» քաղաքական գործիչ Միխեիլ Սաակաշվիլին իր հերթին խորհուրդ է տվել չլսել Մոսկվային…
Կասկածի տեղիք չի տալիս, որ հայերը կլուծեն իրենց խնդիրները: Նույն Փաշինյանն արդեն հանդիպել է և՛ Հայաստանում ՌԴ դեսպանի հետ, և՛ ՌԴ պետդումայի պատգամավորների պատվիրակության հետ, որոնց, ինչպես նաև Գյումրիում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ չի նախաձեռնի Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից և ՀԱՊԿ-ից դուրս բերելու գործընթաց: Նա վստահեցրել է, որ զարգացնելու է հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եվ ամերիկացիները չեն պատժի դրա համար, ակնհայտ է, քանի որ հարգում են խելամտությունը և ստիպված են հաշվի նստել նրա հետ:
Միևնույն ժամանակ Վրաստանը փորձում է հարգանք վաստակել նրանով, որ երիտասարդներին ուղարկում է աշխարհի հակամարտող տարբեր երկրներ՝ արյուն թափելու ՆԱՏՕ-ի շահերի համար: Վրաստանի իշխանությունները արտաքսում են ռուս դիվանագետին շվեյցարական դեսպանատնից: Դրա համար մեզ գովում են, բացի այդ 105 միլիոն դոլար են տալիս բանակի համար, զենք են բաժանում վրացիներին և ուկրաինացիներին: Իրենք չէ որ պետք է պատերազմեն Ռուսաստանի հետ, իսկ մենք ինչի՞ համար ենք:
Միգուցե արդեն ժամանակն է, որպեսզի դադարե՞նք սովորեցնել հարևաններին, այլ ինքներս խելք սովորենք: Երբ մի քանի տարի առաջ Բիձինա Իվանիշվիլին Հայաստանը որպես օրինակ բերեց, «ազգայնամոլները բերանները բացեցին», պահանջեցին զրկել նրան քաղաքացիությունից, արտաքսել երկրից, իսկ ավելի լավ կլիներ՝ քառատեին: Հետաքրքիր է՝ արդյոք վրացական քաղաքական վերնախավը խելք հավաքե՞լ է այս ընթացքում:
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ