Մայիսի 11-15-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կազմակերպվեց “Էթնոխոհանոց անիվների վրա” խոհարարական արվեստին նվիրված տոնավաճառը, որը կազմակերպվել էր Պլովդիվում գործող “Միասին” հիմնադրամի նախաձեռնությամբ։ Տոնավաճառին ներկայացված էին իտալական, ռուսական, հայկական, հրեական և թուրքական հացատեսակներն ու այդ երկրների ավանդական խոհանոցների բազմաթիվ այլ նմուշներ:
Մայիսի 13-ին տոնավաճառում հայկական ավանդական խոհանոցի օրն էր, որի բացման արարողությանը մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Պլովդիվի Հայ մշակութային տեղեկատվական կենտրոնի հիմնադիր և “Միասին” հիմնադրամի անդամ Աղավնի Գևորգյանը ներկայացրեց հայկական տաղավարի առանցքը հանդիսացող հայկական լավաշը՝ նշելով, որ այն ունի 3000 տարվա պատմություն և 2014թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Ներկայացվեցին նաև հայկական քաղցրավենիքն ու աղցանը, ղարաբաղյան ավանդական ժենգյալով հացն ու չորացրած մրգերով հատուկ փլավը, ձավարով ՙՙանուշ ապուրը»:
Տոնավաճառի բազմաթիվ այցելուներ հնարավորություն ունեցան համտեսելու հայկական ուտեստներ։ Միջոցառման ամբողջ ընթացքում հնչում էր հայկական երաժշտություն:
Մամուլի հաղորդագրություն