Լրահոս
Օրվա լրահոսը

Ծես եւ «ռազմավարական կարեւորություն»

Մայիս 15,2018 22:00

Առաջին շաբաթն իր պաշտոնում չբոլորած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարեց իր առաջին արտասահմանյան այցը. դա աշխատանքային այց էր Ռուսաստան, ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու, ինչպես նաեւ երկկողմ հանդիպումներ կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների հետ անցկացնելու նպատակով:
Աչք ծակող «քաղաքական-ծագումնաբանական» կոնտրաստը չխանգարեց նոր վարչապետին, որպեսզի մեծ հաշվով առանց որեւէ դիսկոմֆորտի` նույն սեղանի շուրջ ներկայացնի Հայաստանը հետխորհրդային առաջնորդներին, որոնք իշխում են ժամանակներից, երբ, ասենք, ՀՀ փոխվարչապետերը դեռ անչափահաս էին: Անչափահաս էր նաեւ նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ մեր ամենաերիտասարդ նախարարը նույնիսկ չէր էլ ծնվել, երբ, ասենք, Նուրսուլթան Նազարբաեւը նշանակվեց Ղազախստանի Կոմկուսի առաջին քարտուղար եւ այդ օրվանից ղեկավարում է մինչ օրս:

Իսկ «պարտխոզակտիվ»-ի անիմաստ եւ անհոգի բառապաշարով համեմված ողջ մթնոլորտը կրկնվում է հանդիպումից հանդիպում, որն ավելի շատ ծես է հիշեցնում կամ ռուս դասական Նիկոլայ Վասիլեւիչ Գոգոլի «Մեռած հոգիները» ստեղծագործության բեմականացում՝ ամեն անգամ ի ցույց դնելով, թե որքան են այդ մարդիկ հեռու նրանցից, ում տարիներով եւ տասնամյակներով կառավարում են, որքան են հեռու 21-րդ դարից, եւ որքան են ոչ ադեկվատ:

«Կուզեի նշել, որ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միությունը զարգանում է բավականին դինամիկ»,- հայտարարեց գագաթնաժողովին Վ.Պուտինը եւ որպես իբր հիմնավորում՝ հավելեց. «2017 թվականին մասնակից երկրների համախառն ներքին արտադրանքն աճել է 1,8 տոկոսով, արդյունաբերական արտադրությունն ավելացել է 1,7 տոկոսով, իսկ գյուղատնտեսականը՝ 2,5 տոկոսով»:

Հասկանալի է, որ նույն տարում 7,5 տոկոսանոց աճի մասին հայտարարած՝ Սերժ Սարգսյանի-Կարեն Կարապետյանի կառավարությանը հրաժարական պարտադրած Նիկոլ Փաշինյանի համար նման «բավականին դինամիկ» պատկերն ու զեկույցները դրա մասին այլ ասոցիացիա չեն կարող առաջացնել, քան այն նույն իշխանության հետ, որն այլեւս չկա:
Սակայն պարզ է, որ ժառանգելով քսան տարի շարունակ այսպիսի ճահճի մեջ թաթախած երկիրը՝ նոր իշխանությունը, որը խորհրդարանական կառավարման պայմաններում նույնիսկ խորհրդարանական մեծամասնություն չունի, բայց ունի «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ «ռազմավարական դաշնակցի» կողմից մինչեւ ատամները զինված Ադրբեջանի հետ, այլ բան չի մնում ասելու, քան ասում է պարոն Փաշինյանը. «Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին լիակատար հանձնառությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում»:

Սակայն սրանից չի հետեւում, որ ամեն ինչ կարգին է, եւ մնում է «է՛լ ավելի զարգացնել եւ խորացնել» այն ամենը, ինչն ուղղակի չի՛ կարող ոչ զարգանալ, ոչ էլ խորանալ հենց այն նույն համակարգային արատների պատճառով, որոնք խեղդել եւ խեղել են Հայաստանը՝ հասցնելով իր Անկախության 27-րդ տարում նոր հեղափոխության: Մյուս կողմից՝ սա իրողություն է, որի հետ չի կարող հաշվի չնստել մեր երիտասարդ կառավարությունը: Եվ պարզ է, որ տարին երկու անգամ այս եվրասիական «ծեսին» մասնակցելով՝ պետք չէ ավելին ակնկալել, քան այն, որ երկիրը զերծ մնա արտաքին միջամտությունից, համակարգային բարեփոխումներն ի վերջո դառնան իրականություն: Պարզ է նաեւ, որ ժամանակը մեծ չէ, եւ համաժողովրդական մանդատն ունի եւ կարող է ունենալ միայն ժամանակավոր բնույթ: Ի վերջո, կոռուպցիոն համակարգերն ապամոնտաժված չեն, ամբողջական ճյուղեր մնում են մոնոպոլիստների ձեռքում, որոնց հաշվապահությունը հասու չէ ՀՀ պետական մարմիններին, ունենք, մեղմ ասած, խնդրահարույց դատական, քննչական, դատախազական մարմիններ: Այո, այլեւս «նախկինները» դեռ որոշ ժամանակ շոկի մեջ կլինեն, բայց պետք չէ հույս ունենալ, որ դա շատ երկար կտեւի:
«Հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը ոչ ոք երբևէ չի դրել և, կարծում եմ, չի դնի կասկածի տակ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպմանը:

Եվ այսպիսով՝ «ռազմավարական կարեւորություն»: Այո, այն անժխտելի է, սակայն շատ բազմիմաստ: Ռացիոնալ քաղաքականության տեսակետից այն անժխտելի է, քանի Հայաստանը չի կարգավորել իր հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, իսկ Վրաստանը չի անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի Ռուսաստանը վարում է տարածաշրջանային այն քաղաքականությունը, որը վարում է, իսկ Արեւմուտքը դրան առանձնապես դիմագրավելու եւ զսպելու ջանքեր գործադրելու մտադրություն առանձնապես չի ցուցաբերում, քանի Եվրոպան ի՛նքն է մտածում օր առաջ ձերբազատվելու սահմանափակումներից եւ պատժամիջոցներից Մոսկվայի հետ հարաբերություններում, «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումն էլ քննարկում է «առանց կարմրելու»: Այո՛, սա է իրողությունը:

Եվ մինչ Հայաստանի քաղաքականապես ակտիվ հանրության զգալի մասը զբաղված է այս կամ այն նորանշանակ նախարարի կողմից ժամանակին արված այս կամ այն, հաջող կամ անհաջող արտահայտությունը քննարկելով եւ արդեն իսկ քարկոծելով ու «ոսկորները լվանալով», պարզ է մի բան. ժամանակը սկսել է իր հետհաշվարկը: Հայաստանի երիտասարդ կառավարությանը կարճ ժամանակ է տրված հին համակարգն անդառնալիորեն ջարդելու, զսպումների եւ հակակշիռների, թափանցիկության, հետադարձ կապի իրական մեխանիզմներն անդառնալիորեն ներդնելու համար:
Հետեւաբար «ռազմավարական կարեւորություն» ունի ձեռքերի ազատությունը, որն ինքն իրեն կկարողանա ապահովել նոր կառավարությունը, քանի չի բախվել փոփոխությունների հակառակորդների՝ ներսի եւ դրսի դաշինքին: Եվ ապացուցելու կարիք չկա, որ դրսին դիմագրավել հնարավոր է, երբ ապահովագրված ես ներսից… Իսկ առանց ներսի «մատրիցայի» շուտափույթ փոփոխության դա գրեթե անլուծելի խնդիր է: Իսկ առանց արտահերթ ընտրությունների՝ ուղղակի անլուծելի: Իսկ մինչ այդ՝ այո, առայժմ ծես եւ «ռազմավարական կարեւորություն»:

Ռուբեն Մեհրաբյան

«Առավոտ»

15.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031