14 տարի առաջ դաժան ծեծի և խոշտանգման ենթարկված նախկին ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանը պատրաստվում է հետ վերցնել իր բողոքը՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Գրիշա Վիրաբյանը պնդում էր, որ Աշոտ Կարապետյանն իրեն խոշտանգել է ընդդիմադիրների կազմակերպած ցույցերին մասնակցելու համար։
Հիշեցնենք, նաեւ, որ դեռ 2012 թվականին Եվրոպական դատարանի կայացրած նախադեպային վճռով հաստատվել է՝ Գրիշա Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգման։ ՄԻԵԴ-ը նաև պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը՝ վերաբացել հայաստանյան դատարաններում այդպես էլ լիարժեք քննություն չանցած աղմկահարույց գործը և պատժել 2004-ին ընդդիմության հանրահավաքների մասնակից Գրիշա Վիրաբյանին դաժան ծեծի ենթարկած ու խոշտանգած ոստիկաններին։
Եվրոպական դատարանի վճռից տարիներ անց գործը վերաբացվել է, նախաքննությունն արդեն ավարտվել է, երկու ոստիկանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, իսկ Աշոտ Կարապետյանի մասով քննիչը քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է ընդունել՝ հանցակազմի բացակայության հիմքով, ինչը Վիրաբյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը բողոքարկել է: Մայիսի 24-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի նստավայրում նախատեսված է բողոքի քննությունը:
«Փաստաբանը կգնա նիստին, մինչ այդ ես հայտարարություն եմ անելու, կներկայացնի իմ հայտարարությունը, բնական է՝ իմ հայտարարություն անելուց հետո ինձ էլ ինչ է մնում անել, նորից շարունակե՞մ բզբզալ բոլորին, մարդիկ ինձնից են հոգնել, ես էլ իրենցից: Հիմա դրական եմ տրամադրված ամեն ինչի նկատմամբ»,- պատասխանելով մեր հարցին, թե պատրաստվո՞ւմ է բողոքը հետ վերցնել՝ Aravot.am-ին ասաց Գրիշա Վիրաբյանը՝ շեշտելով, որ ներում է բոլոր իրեն խոշտանգողներին:
Անդրադառնալով Աշոտ Կարապետյանի հայտարարությանը, թե Վիրաբյանի նկատմամբ խոշտանգում եղել է, բայց ինքը չէ խոշտանգողը՝ Վիրաբյանը շարունակեց. «Եթե ուրիշ ոչ մի բան էլ չլինի, Աշոտ Կարապետյանն այդ ժամանակ որպես մարզային վարչության պետի տեղակալ ինքն էլ է պատասխանատվություն կրում, եթե նույնիսկ ինքը հրաժարվում է ասել, որ ինձ հարվածել է»:
Ինչո՞ւ է որոշել երկար տարիների պայքարը դադարեցնել ու ներել բոլորին՝ մեր հարցին Գրիշա Վիրաբյանը պատասխանեց. «Իմ բարոյական քայլն եմ կատարում, ես չեմ ուզում, որ մարդիկ դատվեն իմ պատճառով, Աստված իրենց հետ: Ապացուցեցի, որ անմեղ եմ, իմ գործով քաղաքական ենթատեքստ է եղել: Ես 2004 թվականից պայքարել եմ, ով կդիմանար այսքան»:
Հարցին, թե շարունակո՞ւմ եք պնդել, որ Աշոտ Կարապետյանը ձեզ խոշտանգել է, թե՞ փոխել եք ձեր դիրքորոշումը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես ասել եմ այն, ինչ կա քրեական գործում 2004-ին: Չեմ ուզում նոր հայտարարություններ անել: Ամեն ինչ ասված է»:
Մեր հարցին, թե ձեր վերջին չկայացած առերեսումից հետո Աշոտ Կարապետյանի հետ հանդիպե՞լ եք կամ առանձնազրույց ունեցել եք այս հարցով որոշակի պայմանավորվածության գալու համար, նա ասաց, որ Կարապետյանը ներկայիս արդարադատության նախարար Զեյնալյանի միջոցով փորձել է հանդիպում կազմակերպել, բայց չի ստացվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ