Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազը Վալերի Օսիպյանին հերքում է. «Նույն ոստիկանությունը այդ օրերին 40-ից ավելի հրապարակում ներկայացրեց»

Մայիս 15,2018 14:47

Այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ-ում պատասխանեց լրագրողների հարցերին: Aravot.am-ը հարցրեց՝ Էդմոն Մարուքյանը ձեզ մի շարք գործերով անգործության մեջ մեղադրեց, բացի այդ, կա պահանջ ձեր հրաժարականի, ի՞նչ կասեք այս մասին: Դատախազը պատասխանեց. «Ես ներկայացրեցի փաստարկները բարձրացված հարցերի առնչությամբ, թե ինչ աշխատանք է կատարել դատախազությունը: Ես ուզում եմ մի հարցում հստակություն մտցնել՝ պետական ինստիտուտների մեջ ստեղծվում են անկախ մարմիններ, նրանց կազմավորման գործունեության համար սահմանվում են երաշխիքներ: Գլխավոր դատախազի համար սահմանված է ԱԺ-ի 3/5-րդով ընտրություն: Դրանք պատահական չեն: Մեր երկրում փոխվել է գործադիր իշխանությունը ու եթե գործադիրի փոփոխությունը պետք է մեխանիկորեն բերի անկախ մարմինների ղեկավարների փոփոխության, ուրեմն իրավական մտքի զարգացումը, որը զետեղված է այսօր առաջադեմ բոլոր երկրների սահմանադրություններում, ուղղակի միֆ է»:

Լրագրողների դիտարկմանը, որ մեղադրանքներ կան, որ դուք քաղաքական կախվածություն ունեք նախկին իշխանություններից՝ Արթուր Դավթյանն արձագանքեց. «Ես հստակեցնում եմ, որ ես քաղաքական որեւէ կախվածություն չեմ ունեցել, չունեմ եւ որքան կաշխատեմ՝ երբեք չեմ ունենա»:

Հարցին՝ եթե իրավական առումով բացատրում եք, որ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը ձերբակալվել են ապօրինի հավաքներ կազմակերպելու համար, ինչո՞ւ հենց Սերժ Սարգսյանի հետ ձախողված երկխոսությունից հետո նրանց ձերբակալեցին՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Քրգործի կոնկրետ նյութերով դա որեւէ նշանակություն չունի: Գործի նյութերում տվյալները հետեւյալն են, որ ոստիկանությունը որոշում էր կայացնել հավաքը ապօրինի լինելու պատճառով դադարեցնել հավաքը, պահանջը ներկայացվեց, չդադարեցվեց»:

Հարցին՝ երեկ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ հավաքներն ապօրինի չեն եղել, պարզապես որոշ երթեր եղել են նախապես հայտարարված ուղուց շեղված, սրա՞ հետ կապված ինչ կասեք՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Մեր գործի նյութերը վկայում են, որ առնվազն երեք օրերի հետ կապված այդ կապակցությամբ գործեր հարուցվեցին: Հավաքների ազատության մասին մեր օրենքը սահմանում է, որ երբ անհամաչափ կերպով խախտվում են այլոց իրավունքները, ազատությունները, դրանք այլեւս օրինական չեն: Նույն ոստիկանությունը այդ օրերին շուրջ 40-ից ավելի հրապարակում ներկայացրեց, որտեղ կոնկրետ դեպքերով գնահատական տալով՝ դրանք որակեց անհամաչափ սահմանափակման հանգեցնող հավաքներ: Որոշակի օրերի հետ կապված, այո, հավաքն իրականացվում էր սահմանված երթուղուց դուրս, իսկ ապրիլի 19-ից հետո չկար իրազեկում: Այստեղ ապօրինությունը ոչ երթուղուց շեղվելն է, ոչ էլ իրազեկման բացակայությունը, այլ՝ թե որքանով են սահմանափակվում այլոց իրավունքները»:

Հարցին՝ եթե ձերբակալել էիք ապօրինի հավաք իրականացնելու հիմքով, ապա հետո ինչո՞ւ ազատ արձակեցիք, ի՞նչ իրավական հիմքով՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ձերբակալման անհրաժեշտության բացակայմամբ քննիչը ազատեց»: Թե իրավական հիմքը որն էր, գլխավոր դատախազն այդպես էլ չասաց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031