Այսօր լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ գլխավոր դատախազը այդպես էլ չկարողացավ իրավական հիմքեր նշել, թե ինչու ձերբակալեցին Նիկոլ Փաշինյանին եւ ինչու Սերժ Սարգսյանի հետ ձախողված բանակցություններից հետո բաց թողեցին: Ըստ նրա, միայն քաղաքական դրդապատճառներով է շարժվել գլխավոր դատախազը:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ պատգամավորները ձերբակալվել են՝ կոնկրետ քաղաքական հրահանգի արդյունքում, որը Արթուր Դավթյանը ժխտում է: Այստեղ, ըստ նրա, քրեաիրավական գործընթաց չկա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կիսո՞ւմ եք հանրային պահանջը, որ գլխավոր դատախազը պետք է հրաժարական տա: Հիշեցնենք, որ նման պահանջով է հանդես գալիս «Հիմնադիր խորհրդարանը», իսկ գլխավոր դատախազն ընտրովի պաշտոն է, խորհրդարանն է ընտրում: Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ բոլոր այն պաշտոնյաները, որոնք չեն համապատասխանում նոր իրողություններին, պետք է հրաժարական տան. «Հստակ փաստեր եմ ներկայացնում, որ գնացել ենք Արթուր Դավթյանի մոտ, ասել ենք՝ եթե Արթուր Սարգսյանին ազատ չարձակեք, նա կմահանա, դուրս չի գալու հացադուլից: Խնդրել ենք իրեն, 20 օր անցել է, նոր վիճակը շատ է վատացել, մեզ կանչել են, ասել են՝ եթե էլի պատրաստ եք վճարել այդ 500 հազար դրամը, ազատ կարձակենք: Գնացել ենք Փաշինյանի հետ երկուսով 1 մլն դրամ ենք վճարել, ազատ են արձակել, մարդը մահացել է հիվանդանոցում: Մոտ երկու տարի է անցել, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Ասում է՝ ով մահանա, պետք է մե՞նք պատասխան տանք, բա ո՞վ պետք է պատասխան տա»:
Նա ասաց, որ «Զիբիլիքսի» գործով էլ ակնհայտ փաստեր են եղել, այդ գործը ո՞նց կարելի էր կարճել, քրգործ չհարուցել. «Ակնհայտ է դառնում, որ իրավապահ համակարգը ծառայել եւ ծառայեցվել է քաղաքական իշխանությանը, այդ թվում եւ պարոն Դավթյանը»:
Հարցին՝ նա այդքանից հետո հրաժարական չի տալիս, դուք ի՞նչ եք պատրաստվում անել, անվստահություն հայտնելու նախագիծ չե՞ք պատրաստվում ներկայացնել՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ դա իրենց խմբակցությունում չի քննարկվել. «Համենայնդեպս, մեծամասնությունից ավելի ձայնով է ընտրվում գլխավոր դատախազը: Եթե գլխավոր դատախազը հրաժարական կտա, կսկսի պրոցես, բայց մենք մեր օրակարգում չունենք ինչ-որ պաշտոնյաներին անվստահություն հայտնելու հարցեր, բայց կոնկրետ հիմա հարցեր ունենք, որոնք ներկայացնում ենք՝ պատասխանները չի գոհացնում որեւէ մեկին»:
Նա եւս մեկ անգամ հերքեց, որ գլխավոր դատախազ կարող է դառնալ ինքը: Մարուքյանը հավատացրեց, որ այդ պաշտոնին ինքը չի հավակնում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ