Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց 2017-ի գործունեության մասին հաղորդումը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Արթուր Դավթյանին հարցրեց՝ համաժողովրդական շարժման ընթացքում կասկածելի քաղաքացիական շորերով մարդկանց կողմից բռնությունների կիրառման, մեքենաներ ջարդելու տարբեր դեպքեր են եղել, քրգործեր կա՞ն հարուցված: Նա նաեւ հարցրեց Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ Արարատ Միրզոյանի ձերբակալման մասին՝ նշելով, որ Փաշինյանին առեւանգել էին, հնարավորություն չեն ունեցել անգամ այցելել նրան: Մարուքյանը հարցրեց՝ ինչի՞ համար են նրանք ձերբակալվել ու ի՞նչ միջնորդություն է ներկայացրել Արթուր Դավթյանը՝ նրանց անձեռնմխելիությունից զրկելու համար:
Գլխավոր դատախազը պատասխանեց, որ նրանք ձերբակալվել են՝ ապօրինի հավաքներ անելու համար՝ Քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածով: Ձերբակալումից հետո ԱԺ-ի կողմից կիրառված օրենսդրությամբ ապահովվել է զանգի իրավունք: Վարույթ իրականացնող քննիչը վերադասի թույլտվությամբ դա կարող է երկարաձգել 12 ժամ. «Որքանով ինձ հայտնի է, ժամային ամբողջ ընթացքը ապահովվել է: Իմ կողմից նշված փաստով հարուցված քրգործով ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել ԱԺ: Միջնորդությունը ներկայացվել է միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Այնուհետեւ հանրությանը հայտնի իրադարձությունները տեղի ունեցան: Այն ժամանակվա վարչապետի պաշտոնակատարը գրավոր դիմեց ինձ՝ համապատասխան հիմնավորումներով պայմանավորված, ստեղծված իրավիճակի լարման հաղթահարման հետ կապված չնախաձեռնել խորհրդարանում քննարկումներ: Դրա հետ կապված նամակ ուղղեցի ԱԺ, որ այդ հարցը օրակարգից հանվի»:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ Արթուր Դավթյանը քաղաքական նկատառումներով է պատգամավորներին ձերբակալել եւ գլխավոր դատախազի խոսքից էլ պարզ է դառնում, որ քաղաքական նկատառումներից ելնելով էլ նրանց ազատ են թողել. «Ես խնդրում եմ ասեք՝ ո՞վ է ձեզ ասել, որ պատգամավորներին ձերբակալեք, ո՞ւմ կողմից է եղել հրահանգ»:
Արթուր Դավթյանը պատասխանեց, թե ոչ մի քաղաքական նկատառում չի եղել. «Նայելով ձեր աչքերի մեջ՝ ասում եմ՝ ինձ ոչ ոք ոչ մի բան չի հանձնարարել: Ես իրականացրել եմ մասնագիտական գործողությունը»:
Իսկ թե ինչու հետո որոշեցին միջնորդությունը հետ վերցնել՝ նա պատասխանեց, որ երբ Կարեն Կարապետյանն իրեն դիմել է, արդեն պարզ էր, որ քաղաքական մարմինը միջնորդությունը չէր բավարարելու. «ԱԺ մեծամասնություն խմբակցության ներկայացուցիչը՝ ՀՀԿ փոխնախագահը դիրքորոշում է հայտնում, գտնում է, որ միջնորդությունը չքննարկվի: Սա ի՞նչ է նշանակում իմ համար, որ միջնորդությունը մերժվելու է, իմաստը ո՞րն էր այդ միջնորդության շարունակության»:
Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ