Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի փոքր նկատելի էր Նիկոլ Փաշինյանի անպատրաստվածությունը, բայց դրան փոխարինեց օդանավակայանում ընդունելությունը». Առաքել Սեմիրջյան

Մայիս 15,2018 14:19

«Այդ հանդիպումը կապ չուներ քաղաքական օրակարգի հետ, դա ուղղակի ծանոթացման համար էր»,- «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Պուտին-Փաշինյան հանդիպմանը, հայտարարեց հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը:

Այս առիթով նա մանրամասնեց. «Նիկոլ Փաշինյանը հինգ օր առաջ էր իշխանության եկել, հինգ օրվա մեջ նա հնարավորություն չուներ ոչ միայն ծանոթանալ օրակարգին, այլև մարդկանց հետ, որոնք իր հետ մեկնում էին Սոչի: Նիկոլ Փաշինյանի հետևում կանգնած մարդիկ նույն Սերժ Սարգսյանի մարդիկ էին. ուղղակի Նիկոլ Փաշինյանը հպանցիկ ծանոթացել էր: Մի փոքր նկատելի էր Նիկոլ Փաշինյանի անպատրաստվածությունը, բայց դրան փոխարինեց այն ընդունելությունը, որը տեղի ունեցավ օդանավակայանում: 1990-ականներից հետո սփյուռքում որևէ ղեկավարի այդպես չեն դիմավորել»:

Առաքել Սեմիրջյանը նաև փաստեց, որ սա փաստացի ճանաչման գործընթաց էր. առաջին անգամն էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ արտերկիր:

Հարցին՝ արտաքին քաղաքական համակարգը կարո՞ղ է տարբերվել Սերժ Սարգսյանի օրակարգից, քաղաքական մեկնաբան Հայկ Բալանյանը պատասխանեց՝ խնդիրն այստեղ, այս պահին ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ ՀՀ-ի՝ գետնի վրա հնարավորությունները. «Կարելի էր գնալ ավանտյուրայի և առաջին իսկ հանդիպումը սկանդալի վերածել: Խնդիրը Նիկոլ Փաշինյանը չէ: Նա և ժողովուրդը ժառանգել է մի իրավիճակ, որտեղ Հայաստանն ունի շատ քիչ փաստարկներ այլ դիրքորոշում ներկայացնելու համար»:

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին այդ հավասարակշռությունն ու հարգանքը մենք կորցրել էինք. «Ռոբերտ Քոչարյանը, ինչքան էլ նրան վատ վերաբերվեմ, ատամ ցույց տալու ունակ էր, Սերժ Սարգսյանը դրան էլ ունակ չէր: Մինչև դու այդ բազան, խրամատը չունենաս արտաքին քաղաքականության, տնտեսական, այլ տեքստ այդտեղ ասելը միայն վնասակար կլիներ: ՀՀ-ն արտաքին քաղաքականություն չուներ, քանի որ Էդվարդ Նալբանդյանը ԱԳՆ-ն՝ արտաքին գերատեսչությունը, լահմաջոյանոց էր սարքել: Մենք չունեինք մեղսունակ տնտեսական քաղաքականություն, ՀՆԱ-ն չի աճել, միայն պարտքը վերցրել ենք ու պահել ոնց կա, որ տնտեսությունը չփլվի»:

Պարոն Բալանյանի համոզմամբ՝ կուտակված խնդիրներն առաջին հերթին պետք է սկսել լուծել դեռ մանկապարտեզից զրո հանդուրժողականություն գործ տալու և տղա կանչելու տրամաբանության տարածմամբ:

Անդրադառնալով նոր կառավարության ձևավորմանը՝ պարոն Բալանյանը նկատեց. «Բացի երկու խոշոր կուսակցություններից, որոնք իրենցը չեն և չեն լինելու, այլ խմբերի հետ երկխոսության և նրանց սեփական բազայի ընդարձակման թեկուզ ինտելեկտուալ մակարդակ այս գործընթացում չեմ տեսնում: Դա իրենց ահավոր թուլացնելու է: Հեղափոխության ավյունից և դրայվից պետք է դուրս գալ, քանի որ դեռ բավականին երկար ճանապարհ ունենք անցնելու: Փողոցը շատ լավ է, բայց մարդիկ չեն կարող անընդհատ փողոցում մնալ: Պետք է ենթակառուցվածքներ ունենաս, պետք է այլ քայլեր անել: Իմ կարճ խելքով՝ այդ քայլերը կարծես թե ուշացել է, մինչդեռ կարելի էր լայն համաժողով անել, որպեսզի այդ նոր քաղաքական հենարանը ձևավորվեր»:

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը իրադարձությունների զարգացումը դիտարկեց ՀՀ-ի ինքնիշխանության վերականգնման համատեքստում. «Նորընտիր վարչապետի՝ ՌԴ-ում հնչեցրած արտահայտությունները, որոնք նաև գնահատում են որպես ռուսներին սիրաշահելուն ուղղված, դրանով չպետք է դիտարկել իրավիճակը, այլ կառավարության նշանակումներով»:

Պարոն Խուրշուդյանը նկատեց. «Գոնե իր թիմից նշանակվածներից չեմ տեսնում պրոռուսական գործիչներ: ՊՆ նախարարը եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ, ԱԳ նախարարը եղել է ԵՄ-ի հետ հիմնական բանակցողը, արդարադատության նախարարը ներկայացնում է մի ուժ, որին ռուսական անվանել չի կարելի, կրթության և մշակույթի նախարարներն ազգային մտածողություն ունեցող մարդիկ են: Եթե միտում կա համակարգը փոխելու, ինքնիշխանությանը միտված քայլեր անելու, գործող իշխանությունը ճիշտ ճանապարհի վրա է: Բայց ՌԴ-ից մեր կախվածությունը մեծ է, և պետք է որոշակի կամուրջներ ձևավորվեն ՌԴ-ի հետ»: Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ փոխվարչապետերը ինքնիշխանության ջատագովներ են:

Հովսեփ Խուրշուդյանի համոզմամբ՝ պետք է վերանայել գազային խայտառակ պայմանագիրը, ԵԱՀԿ-ի ներսում ՀՀ-ի նկատմամբ կատարված սահմանափակումների դիմաց որպես զիջում պետք է պահանջել:

Պարոն Խուրշուդյանը վտանգ է տեսնում, որ կարող է Ռուսաստանը ռևանշ կազմակերպել և ոչնչացնել հեղափոխության արդյունքները. «Եթե Նիկոլ Փաշինյանը գնա այն ճանապարհով, որ հրաժարական տա, քանի որ հասունացել է այդ պահը, որ ընտրություններ պետք է կազմակերպվեն, այդ դեպքում, եթե ՀՀԿ-ն մեծամասնություն է, կարող է նոր վարչապետ ընտրելու հարց առաջանալ և Ռուսաստանն աջակցի: Ուստի եթե հինգերորդ շարասյունը դուրս գա, ՀՀԿ-ն մեծ հաջողություն կարող է ունենալ: Ուստի այս համատեքստում եմ դիտարկում ՌԴ-ի հետ զգուշավորությունը ՀՀ-ի ինքնիշխանության վերականգնման հետագա քայլերն անելու համար»:

Հովսեփ Խուրշուդյանը վստահ է՝ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, առանց դրա հնարավոր չէ պահել այն վստահությունը, որը կա այս իշխանությունների նկատմամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031