Լրահոս
Օրվա լրահոսը

3 հարց Նիկոլ Փաշինյանի իջեւանցի ընկերոջը

Մայիս 15,2018 14:12

Վահե Ղալումյանը Իջեւան համայնքի ավագանու անդամ է: Նրան հարցրինք Նիկոլ Փաշինյանի համադասարանցի լինելու, Փաշինյանի անցած քաղաքական ճանապարհի, նրա կողմնակից լինելու մասին: Ղալումյանն ասաց.

«Նիկոլի հետ եղբայրս է համադասարանցի, մենք հասակակիցներ ենք եւ մոտ ընկերներ: Այսօրվա նման հիշում եմ նրա բուհ ընդունվելը ու լրագրողական գործունեության սկիզբը՝ իննսունականների կեսերին: Նիկոլի մասին սկսեցին խոսել, նրա նյութերը կարդացողների եւ նրա գործունեությանը հետեւողների թիվը գնալով մեծանում էր: Մենք հաճախ էինք խոսում իր գործունեության մասին, եւ երբ պատմեց թերթ ստեղծելու իր որոշման մասին, ես պարզապես շշմեցի: Բայց որոշումը կայացված էր՝ «Օրագիրը» ծնվեց ու դժվար, բայց հաստատակամ քայլում էր առաջ:

Քաղաքականության մեջ առաջին քայլը «Այլընտրանքն» էր, «Իմպիչմենտ» դաշինքը, այնուհետեւ՝ 2008-ի նախագահական ընտրությունները, ընդհատակ, բանտ ու այդպես շարունակ:

Նիկոլի հաջողություններն ինձ ոգեւորեցին, 2005թ. որոշեցի առաջադրվել Իջեւան քաղաքի ավագանու անդամ: Ընկերոջս «դաբրոն» ամենակարեւորն էր, Իջեւանի գրանցում ուներ, ընտրություններին էլ եկավ: Ընտրվեցի ու գործընկերներիս հետ սկսեցի ավագանու ըմբոստության մի մեծ պատմություն: Միշտ հետեւել ու հնարավորինս մասնակցել եմ այն քաղաքական գործընթացներին, որոնց Նիկոլը մասնակից է եղել: Վերջին քաղաքական գործընթացներին օր առաջ մասնակից դարձա ու նվիրվեցի: Շարժումը հասավ Իջեւան, մի քանի հազարանոց երթերն ու հանրահավաքները մեր ժողովրդի դիրքորոշումն արտահայտեցին»:

Հարցրինք, թե համաժողովրդական շարժման արդյունքում Հայաստանում եւ մասնավորապես Տավուշի մարզում ի՞նչ փոփոխություններ է ակնկալում: Նա հայտնեց. «Փոփոխությունները ու դրանց արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա: ՀՀ քաղաքացին այլեւս չի հանդուրժի անարդարությունը, ընտրակաշառքը, կոռուպցիան, մենաշնորհն ու կլանային երեւույթները: Տավուշում ժողովուրդը ուրախ է ու որոշակիորեն հպարտ, որ Նիկոլը մեր համերկրացին է» :

Վ. Ղալումյանին հարցրինք՝ իրեն պաշտոն առաջարկվե՞լ է: Նա ասաց՝ չէ, նման բան երբեք չենք քննարկել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը Վահե Ղալումյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031