Տևական ժամանակ է՝ սոցիալական ցանցերում տարբեր օգտատերերի կողմից պահանջ է հնչում պաշտոնազրկել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանին։ Գրառում կատարողները նրան մեղադրում են կաշառակերության մեջ ու նաև հիշեցնում, որ նա մտերմիկ, անգամ քավոր-սանիկական հարաբերությունների ունի Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ։
Այսօր լրագրողները Շիրակի պետական համալսարան այցելած նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե պատրաստվո՞ւմ է արձագանքել, ընթացք տալ այդ գրառումներին։
Նախարարն ասաց, որ այսօր պատրաստվում էր նաև այցելել Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ, սակայն վարչապետի աշխատակազմից իրեն տեղեկացրել են, որ Նիկոլ Փաշինյանը ժամը 13․00-ին իրեն ներկայացնելու է կրթության ու գիտության աշխատակազմին, հետևաբար և Կոնսերվատորիա կգա առաջիկա օրերին։
Նա նաև տեղեկացրեց, որ Կարինե Ավդալյանի հետ դեռ առանձնազրույց չի ունեցել, սակայն մինչ հանդիպումը նրա հետ այսօր հեռախոսազրույց կունենա։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ araratnews.am-ի