Մայիսի 15–ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ ավանդական այցով Արցախ ժամանած դպրոցի ունկնդիրներին։
Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի դիվանագիտական գործունեության առանձնահատկությունները, ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների հիմնական գործառույթները: ԱԳՆ ղեկավարը անդրադարձել է նաև Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին՝ մասնավորապես, Արցախի միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին:
Մասիս Մայիլյանը գոհունակությամբ է նշել արտաքին քաղաքականության բնագավառում երկու հայկական պետությունների միջև համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման գործում համակարգված աշխատանքի կարևորությունը:
Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ