Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շատ հանգիստ մեղադրում եմ ձեզ». Էդմոն Մարուքյանը գլխավոր դատախազին ներկայացրեց նրա անգործությունը

Մայիս 15,2018 13:15

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց 2017-ի գործունեության մասին հաղորդումը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նրան մի շարք հարցեր ուղղեց ու մեղադրանք ներկայացրեց: Նա նախ գլխավոր դատախազին հիշեցրեց՝ «Հիշո՞ւմ եք, որ ես եւ Նիկոլ Փաշինյանը եկանք ձեզ մոտ Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի գործով, երբ նա հացադուլի մեջ էր: Պնդում էինք, որ եթե միջոցներ չձեռնարկվեն ու նա ազատ չարձակվի, շատ հնարավոր է, որ նա մահանա քրեակատարողական հիմնարկում: Միջոցներ չձեռնարկվեց եւ նա մահացավ: Քրգործ էր հարուցված այդ հանգամանքները պարզելու, թե ով էր մեղավոր Արթուր Սարգսյանին այդ վիճակին հասցնելու եւ նրա մահվան մեջ: Սա կարեւոր տեղեկություն է, որը մենք չունենք, ո՞վ է պատասխանատու, ո՞վ է պատասխանատվության ենթարկվել այդ գործով»:

Գլխավոր դատախազը պատասխանեց, որ «Արթուր Սարգսյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում չի մահացել: Նրա խափանման միջոցը վերացված է եղել: Կոնկրետ հիվանդության համար ենթարկվել է վիրահատության, գտնվել է հիվանդանոցում, դուրս է եկել, մահացել է: Այդ փաստով հարուցված է քրեական գործ, գործի քննությունը դեռեւս չի ավարտվել»: Նա ասաց, որ անհրաժեշտ բոլոր նյութերը, բժշկական փաստաթղթերը, քրեակատարողականում բոլոր միջամտությունների, բժշկական օգնության փաստաթղթերը ուսումնասիրվում են եւ քննարկվում են նրա մահվան մեջ մեղավոր անձանց հարցը. «Անխուսափելիորեն գնահատական է դրանց տրվելու»:

Էդմոն Մարուքյանը Արթուր Դավթյանին հիշեցրեց «Զիբիլիքսի» հայտնի գործը: Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Երեւանի քաղաքապետի ընտրություններին բազմաթիվ փաստեր են ներկայացրել, հաղորդում են ներկայացրել. «Ներկայացրել ենք մարդկանց ցուցակներ, որոնք հասցեներով գրված են, թե ոնց են գումար ստանում, պլյուս մինուսներով գրված է, «Փարոսի» ցուցակը կա, ոստիկանության փաստը՝ ՊՊԾ գնդից արված Տարոն Մարգարյանի շտաբ, էլի բազմաթիվ տեղեկություններ, թե ինչպես գնան փող բաժանելու, գումարի վերադարձի ձեւաթուղթ՝ ձայների չապահովման դեպքում: Քրգործը կարճվել է, գործը հիմա դատարանում է: Ըստ էության, այդ հանցագործությունը, որը զանգվածային բնույթ է կրել, կոծկվել է: Դուք պատասխանատվության չեք ենթարկել այդ մարդկանց: Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք»:

Արթուր Դավթյանը պատասխանեց. «Առնվազն ձեր կողմից կոռեկտ չէ կոծկել դեպքի հանգամանքները, դա ուղիղ մեղադրանք է»: Նա ասաց, որ քննություն իրականացվել է, որքանով տվյալներ են եղել: Նա նշեց, որ պետք է նայել, թե իրականացված գործողությունները որքան են անհրաժեշտ՝ քրեաիրավական գնահատականի համար: Ըստ գլխավոր դատախազի, քրեաիրավական փաստեր, տեղեկություններ չեն ստացել: Արթուր Դավթյանն ասաց, որ բողոքարկվել է դատարանում եւ մի քանի օր առաջ դատարանի որոշմամբ խախտում է հայտնաբերվել, որը իրենք չեն ստացել:

Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ նախ, Արթուր Սարգսյանի հետ կապված իր եւ Փաշինյանի՝ դատախազի մոտ գնալուց 20 օր հետո է Արթուր Սարգսյանը ազատ արձակվել ու եթե նրան վերջին պահին ազատ են արձակել, հետո գնացել ու մահացել է, դա չի նշանակում, որ որեւէ մեկը իրենց համակարգից պատասխանատու չէ նրա մահվան համար: Նա հիշեցրեց, որ ինքն ու Փաշինյանը ամեն մեկը 500 հազար դրամ են վճարել VTB բանկում, որ «Հաց բերողին» ազատ արձակեն:

Ինչ վերաբերում է «Զիբիլիքսի» գործին՝ Մարուքյանը հորդորեց Արթուր Դավթյանին, որ գործը կարդա եւ պատկերացումը ճիշտ կազմի: Նա հայտարարեց՝ «Ես շատ հանգիստ մեղադրում եմ ձեզ, ձեր գերատեսչությանը, որ մարդիկ, որոնք զանգվածաբար փող են բաժանել ընտրություններին, նրանք պատասխանատվության չեն ենթարկվել: Դա ձեր գործառույթն է եղել, պարոն Դավթյան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շուշան says:

    Շինծու դատախազ, ինչը ջեռք չի տալիս պատասխաններտ արդարացնում ես, հո բոլորն էլ գիտեն թե դու ով ես, ինչեր ես արել ձեր համակարգի հետ, ձեզ մոտ միայն անարդարություններն ա լավ ստացվում, շինծու գործ բացելն ա լավ ստացվում, դուք միշտ սուտ եք խոսում, մի օրինակ մեջ բերեմ` բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում կան քաղբանտարկյալ, իմ տեղեկություններով մոտ 80 հոգի, ինչպես եք համարձակվում ասել, թե չկան քաղբանտարկյալներ, շատ լավ էլ կան ու բոլորին է հայտնի, պարզապես աշխատում եք ՀՀԿ-ի և քրեաօլիգարխիկ համակարգի համար… դուք միշտ աշխատել եք անարդարությունների վրա… առ այսօր ձեզ մոտ բացակայում է արդարության ուղին… ամենաճիշտ որոշումը կլինի ձեզ հեռացնելը, ձեր փոխարեն պետք է լինի ազնիվ, արդար, խելացի, ուժեղ և ժողովրդավար մեկը ով կստանձնի այդ կարևոր և պատասխանատու պաշտոնը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031