«ՀՅԴ-ն իր ուղեգծի վրա է: Մեր առաջնահերթությունները, որոնք եղել են նախորդ իշխանության հետ կոալիցիա կազմած ժամանակ, նոր իշխանության պարագայում էլ առկա են»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր արձագանքելով լրագրողների դիտարկմանը, որ «Իմ քայլը» ժողովրդական շարժման ժամանակ ՀՅԴ-ն դուրս եկավ ՀՀԿ-ի հետ կոալիցիայից եւ «փափուկ» տեղավորվեց նաեւ ներկայիս իշխանական համակարգում, ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, քաղաքագետ Արթուր Եղիազարյանը:
«Մեր մտահոգությունները փարատվել են, ինչի արդյունքում միացանք ժողովրդական շարժմանը: Կոալիցիան քաղաքական գործընթաց է, ոչ թե ամուսնություն՝ որեւէ ուժի հետ: Երկրում նոր իրավիճակ առաջացավ, որում կոալիցիան ինքնաբերաբար դադարեց գոյություն ունենալ»,-նշեց Արթուր Եղիազարյանը:
Նրա բնորոշմամբ՝ իշխանական կոալիցիայից դուրս գալու պատճառը նաեւ այն էր, որ ՀՀԿ-ի հետ ուղենշած խնդիրների լուծումն առաջ չէր շարժվում. «Ավելին՝ հետընթաց էր նկատվում: Նոր իրավիճակում, երբ լարված մթնոլորտ էր, պետք է մեզ ազատություն տայինք եւ դադարեցնեինք անդամակցությունը կոալիցիային»:
Արթուր Եղիազարյանը վստահեցրեց, որ «Իմ քայլը» շարժման առաջնորդների հետ քաղաքական առեւտրի մեջ չեն մտել. «Որքանով որ նրանք կցանկանան մեր մասնակցությունը տեսնել նոր կառավարության աշխատանքներում, այդքանով կաջակցենք»:
Քաղաքագետը միաժամանակ փաստեց, որ ՀՅԴ-ն չի ուրացել նախորդ իշխանության հետ հարաբերությունները. «Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելը թողել էինք իրենց որոշման վրա, ինչպես կոալիցիոն համաձայնագրում է ասված: Իրենց մարտավարական սխալն էր դա, թե ոչ, իրենց գործն է»:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի մանդատը վայր դնելուն, Եղիազարյանի խոսքով. «Կուսակցական մոտեցում ցուցաբերվեց: Նա կուսակցության որոշումը չկատարեց, որը հանգեցրեց կարգապահական պատասխանատվության»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ