«168 ժամի» հետ զրույցում ռուսական «Վալդայ» քաղաքագիտական ակումբի ներկայացուցիչ, ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը Փաշինյան-Պուտին հանդիպումը գնահատեց հաջողված և արդյունավետ։
Ըստ նրա՝ հստակ շեշտադրումներ հնչեցին ՀՀ վարչապետի կողմից, որպեսզի ՌԴ-ում տարընթերցումներ չլինեն Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Դրանք, Լուկիանովի պնդմամբ, տեղին էին և ժամանակին, քանի որ Ռուսաստանում կան իշխանական տարբեր խմբեր, տարբեր շահեր, որոնք իրենց հերթին՝ տարբեր մտահոգություններ են փորձում հաղորդել ՌԴ իշխանություններին, դրանք էլ թուլացնում են հարաբերությունների հիմքը։
«Շեշտադրումներից կառանձնացնեի այն հատվածը, որը վերաբերում էր հայ-ռուսական հարաբերությունների բնույթին, որ այդ հարցում կա կոնսենսուս Հայաստանում, և այդ հարաբերությունները պահպանվելու են։ Վարչապետը բավականին վստահ էր խոսում և հստակ։ Կարելի է ասել, որ պաշտոնական մակարդակում փարատվեցին բոլոր մտավախությունները։ Ուշագրավ էր, որ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի դիրքորոշման համար, այնինչ Ռուսաստանի դիրքորոշումը հենց այդպիսին էլ պետք է լիներ։ Բայց Փաշինյանը երևի թե նկատի ուներ այն, որ տեղի չունեցավ այն, ինչ Ուկրաինայի դեպքում, երբ ՌԴ իշխանությունները մեծ սխալ գործեցին՝ պաշտպանելով հեռացող նախագահ Յանուկովիչին, միջամտելով և կտրուկ դիրքորոշում հայտնելով։ Կարելի է ասել, որ այսօր այս հաջողված հանդիպումը կայացավ, քանի որ Ռուսաստանն անցել է ուկրաինական պատերազմով և որոշ դասեր է քաղել։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի կորցնի Հայաստանին՝ որպես կարևոր գործընկեր, Ռուսաստանը պետք է աշխատի բոլոր իշխանությունների հետ և ցանկացած իշխանության հետ։ Ավելին՝ ես գտնում եմ, որ ՌԴ իշխանությունները պետք է համագործակցություն ունենան ողջ քաղաքական դաշտի հետ, այդ պարագայում երկրի ներքին զարգացումները չեն լինի անակնկալ և կանխատեսելի կլինեն ՌԴ ղեկավարության համար»,- ասաց Լուկիանովը։
Ռազմական փորձագետ և քաղաքագետ Պավել Ֆելգենգաուերը նշեց, որ առանձնահատուկ ոչինչ չարձանագրվեց այդ հանդիպումներում։ «Կարևոր արձանագրումն այն է, որ Հայաստանի եվրասիական գործընկերները ճանաչեցին ՀՀ-ում տեղի ունեցած գործընթացները, ընդունեցին Փաշինյանին՝ որպես վարչապետ։ Սակայն այս թեմայով մանիպուլյացիաները շատ էին։ Կարևոր էր, որ ջարդվեց այն միֆը, որ Ռուսաստանը միջամտում է, թույլ չի տալիս, որ գունավոր հեղափոխություններին ՀԱՊԿ ուժերն են միջամտում, և այլն, և այլն։ Իրականությունը ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքական ուժերը ժողովրդի հետ որոշեցին քաղաքական ապագան, որի հետ նախագահ Պուտինը հաշվի է նստում»,- ասաց Ֆելգենգաուերը։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում