Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը հրաժարական տվեց ռեկտորի պաշտոնից․ «Քայլն արել եմ ես» (Տեսանյութ)

Մայիս 15,2018 12:19

Այսօր վաղ առավոտյան Շիրակի պետական համալսարան եկավ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը, որը կարճ հանդիպում ունեցավ բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի, այնուհետ աշխատակիցների հետ ու պատասխանեց լրագրողների հարցերին։

Նա ասաց, որ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ․ իր համար անընդունելի է ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվել են ՇՀՊ-ի ներքին խնդիրները։

«Ես երեկ հանդիպում եմ ունեցել ռեկտոր պարոն Մինասյանի, այսօր նույնպես առանձնազրույց ենք ունեցել, և մենք այս իրավիճակից դուրս գալու գտել ենք մեկ լուծում։ Գիտեք, որ խորհրդի նախագահ պարոն Ցոլակյանը երեկ հրաժարական է տվել: Նախորդ խորհուրդը ձևավորվել էր նախորդ իշխանությունների պայմաններում, կառավարության․կրթության նախարարության ներկայացուցիչները նախորդ իշխանությունների կողմից էին ներկայացված եղել։ Լուծումը հետևյալն է՝ ձևավորվել նոր խորհուրդ, որը ձեր մասնակցությամբ, մեր վերահսկողությամբ, օրենքի տառին համապատասխան կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ։

Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է գնացել, որը շատ ողջունելի է: Այսօր ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի պարոն Երվանդ Սերոբյանը՝ ռեկտորի տեղակալը։ Հաջորդ շաբաթ ես նորից կայցելեմ Գյումրի, առանձին հանդիպում կունենամ ուսանողների և դասախոսների հետ։Նորից եմ ուզում շեշտել՝ սա շատ լուրջ քայլ է պարոն Մինասյանի կողմից իրավիճակը հանդարտեցնելու համար, սա փոխզիջումային տարբերակ է և ողջունելի տարբերակ է, որպեսզի ակադեմիական մթնոլորտը բուհում վերականգնվի, որպեսզի այն լարվածությունը, որը կար տարբեր խմբերի միջև, հանդարտվի», -ասաց նախարարը։

Նախարարը ռեկտորի պաշտոնակատարին խնդրեց դիտարկել հեռացված երկու դասախոսների՝ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի վերականգման հնարավորությունն առաջիկա շաբաթների ընթացքում։

Նա նաև նշեց, որ բոլոր բուհերում խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների, փոխզիջումների միջոցով, պետք է հաշվի առնել, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել և ունենք նոր իրողություններ, որը չպետք է օրինականության դաշտից որևէ մեկին դուրս բերի։

Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ կրթության և գիտության նախարարությունը չունի որևէ կողմնապահություն այս հարցերում, նախարարությունը բոլոր շահագրգիռ կողմերի տրամադրության տակ է, բացառապես աշխատելու է՝ ելնելով ոլորտի շահերից և որևէ մեկին առավելություն չի տալու։

Սահակ Մինասյանը ևս ելույթ ունեցավ։ Նրան հարց ուղղեցին, թե կմասնակցի՞ արդյոք ռեկտորի նոր ընտրություններին, վերջինս ասաց․ «Հետոյի մասին կասեմ հետո»։

Այն հարցին էլ , թե պարտադրված հրաժարակա՞ն էր սա, թե՞ ինքնակամ, պարոն Մինասյանն ասաց․ «Ես կարծում եմ նախարարի խոսքից հետո հարց չկար տալու, պարզ էր, որ քայլն արել եմ ես»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031