Գազայի հատվածում մի քանի տասնյակ պաղեստինցիներ են զոհվել իսրայելական զորքերի հետ բախումների հետևանքով, որոնք տեղի են ունեցել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացման օրը:
Պաղեստինցի բժիշկների հաղորդմամբ՝ բախումների հետևանքով զոհվել է առնվազն 55 պաղեստինցի, վիրավորվել՝ շուրջ 2700-ը: Իսրայելցիների շրջանում տուժածներ չկան: Իրավապաշտպանները հաճախ են Իսրայելի բանակին մեղադրում ցուցարարների դեմ մարտական զենք կիրառելու համար:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինվորականների գործողություններն անվանել է ինքնապաշտպանություն՝ ուղղված ՀԱՄԱՍ խմբավորման դեմ, որը վերահսկում է Գազայի հատվածը:
Սպիտակ տունը բախումների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին՝ հայտարարելով, որ բռնություն հրահրել են պաղեստինյան խմբավորման գրոհայինները: Համաշխարհային մի շարք առաջնորդներ իսրայելցի զինվորականներին մեղադրել են ցուցարարների դեմ հրազենային զենք կիրառելու համար:
Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ հրազենային զենք կիրառվել է ոչ թե ցուցարարների դեմ, որոնց ցրել են սովորական մեթոդներով, ինչպես օրինակ արցունքաբեր գազի օգնությամբ, այլ ծայրահեղականների:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Երուսաղեմում տեղի է ունեցել ԱՄՆ-ի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը, որը Թել Ավիվից տեղափոխվել է նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ:
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ