Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին կուռք ու հաջողության, երջանկության, առողջության երաշխիք դարձնելն առաջին հերթին հարվածում է իրեն. «Իրատես»

Մայիս 15,2018 10:56

Նշանակված է նոր կառավարությունը: Դուք չեք տեսնի հավերժ նախարարների հոգնած ու անթափանց դեմքերը: Դուք կառավարության կազմում կտեսնեք մի քանի ծանոթների և հիմնականում անծանոթների: Կառավարության կազմը հայելու պես արտացոլում է քաղաքական փոփոխությունների պատկերը` հեղափոխական ալիքի վրա իշխանության եկած երիտասարդներ ՔՊ-ից` դուք կհասկանաք հեղափոխության էությունը` «չմո» երկիրը երկիր է դառնում, երբ «Գարդասիլի» ագրեսիվ ու անհամոզիչ գովազդակիրն առողջապահության նախարար է, կհասկանաք` ի՞նչ է մշակույթը` մշակույթի նախարարը և հենց դուք, որ ակնածանք ու պարկեշտություն եք ունեցել ձեր ու մշակույթի մեջ տարածություն տեսնելու, բայց անգլերեն չեք սովորեցրել ապագա վարչապետին ու հիմա պիտի հաշտվեք, որ ձեր մշակույթի անունը… Լիլիթ է, դուք կունենաք փոխվարչապետներ, նախարարներ ու պաշտոնյաներ, որ չեն ծառայել բանակում (Արարատ Միրզոյան, Տիգրան Ավինյան, Մխիթար Հայրապետյան, Արայիկ Հարությունյան, Էդուարդ Աղաջանյան), բայց կծառայեն ձեզ:

Կունենաք ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի բազմիցս նախարարություն ու պաշտոն փոխատեղածներ, որ, որքան էլ քաղաքական իրավիճակով ու իրադարձային լուծումների անհրաժեշտությամբ բացատրվեն, նոնսենս են: Այս կառավարության վարչապետ լինելը սխրանք է, որ նույնիսկ Հերակլեսը չէր գործել: Նիկոլ Փաշինյանի նշանակումների` ներառյալ ոստիկանապետի ու ԱԱԾ պետի, գնահատականները հակասական են:

Դա նորմալ է` ով էլ նշանակվեր, նույնն էր լինելու: Կա մարդկանց խումբ, որ իր կարծիքն է հայտնում` առանց իրողությունների հետ շփման կետերի: Կա այլ խումբ, որ սպասում է քայլ արվի, որ քննադատի: Կա երրորդ խումբ, որ ամեն ինչով հիացած է ու լավագույն սպասումների մեջ: Բայց կա նաև հասարակական ընդհանրական կարծիքին դեմ չգնալու խելամտություն: Նոր ոգի ու նոր սիմվոլ տարփողեց ու չբերեց ՀՀԿ-ն, բերեց հայկական թավշե հեղափոխությունը, որի ավանդույթներով չի բացառվում, որ «Մերժիր Սերժին» կարգախոսին հաջորդի «Նիկոլին նետիր պոլին» կարգախոսը, երբ ՔՊ նախարարները սկսեն խոսել ու գործել` ԱԺ-ում վստահության քվե ստանալուց հետո: Եթե Նիկոլն իրեն կամիկաձե է զգում, Հայաստանը փորձադաշտ չէ:

Ձերբազատվեք մտքից, որ այս կառավարությունը ձախողվեց` Հայաստանի վերջն է, տեղական մասշտաբի Ֆուկույամա մի խաղացեք` սա պատմության ավարտը չէ: Ընթացք է, որի հաջողությունն ու ձախողումը 50:50 են: Կձախողվի՞ այս կառավարությունը, կգա նորը: Խորհրդարանական կառավարման պարագայում Հայաստանի չափահաս բնակչությունը կհասցնի 6 ամիսը մեկ ինչ-որ նախարար լինել:

Հեղափոխությունը պետք չէ անձնավորել ու բոլոր հույսերը, հավատը, ապագան ու հեռանկարը կապել մեկ անձի հետ: Նիկոլ Փաշինյանին կուռք ու հաջողության, երջանկության, առողջության երաշխիք դարձնելն առաջին հերթին հարվածում է իրեն: Ո՞վ ասաց, որ նա անսխալական է ու անփոխարինելի: Նրա ամբողջ շարժման նպատակն ապացուցելն էր, որ անփոխարինելիներ չկան: Անտրամաբանական է` տարեց անփոխարինելիին փոխարինել երիտասարդ անփոխարինելիով ու հաջողություն ակնկալել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031