Մայիսի 16-24-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի մարդու իրավունքների փառատոն, որը կազմակերպում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն ՄԱԿ֊-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցությամբ։
«Հոդված 3 իրավունքի փառատոնը» կրում է «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագիրը՝ նպատակ ունենալով հասարակության, մասնավորապես երիտասարդների շրջանում, բարձրացնել մարդու իրավունքների մասին իրազեկվածության մակարդակը, դառնալ նոր գիտելիք ստանալու այլընտրանքային հարթակ, ձևավորել մարդու իրավունքների գնահատման և վերարժևորման մշակույթ։
Փառատոնի օրերին իրականացվելու են իրավունքների վերաբերյալ հանդիպումներ և քննարկումներ Երևանի համալսարաններում, այգիներում, »Հոդված 3 » ակումբում, լուսանկարների և գեղանկարների ցուցահանդես-մրցույթ, քաղաքային QUEST մրցույթ-խաղ, թատերական ներկայացում, թեմատիկ STREET ART, որի ընթացքում Երևանի Թումանյան-Սպենդիարյան խաչմերուկի մոտ գտնվող շենքերից մեկի կամարանցումը նկարազարդվելու է արևմտահայ հրապարակախոս, գրող Զապել Եսայանի պատկերով։ Նախատեսված է նաև երկօրյա միջոցառումներ Գավառում։
«Հոդված 3 իրավունքի փառատոնը» կմեկնարկի բացօթյա համերգով նվիրված մարդու իրավունքներին մայիսի 16-ին ժամը 19:00 Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։ Համերգին ելույթ կունենա «Լավ էլի» և «Որդան Կարմիր» ռոք խմբերը, մարդու իրավունքներին նվիրված stand- up ելույթով հանդես կգա նաև Արմենիա հեռուստաընկերության Stand Up հաղորդման դերասան Շաֆի Ալ Կապրիոն։
Մայիսի 16-ին, 18։00, Շ․ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա նաև ՄԱԿ-ի ՄԻՀՀ-ի 70 ամյակին նվիրված և փառատոնի շրջանակում հայտարարված մրցույթների նկարների համադրմամբ ցուցահանդեսի բացումը։
Փառատոնի միջոցառումների ժամանակացույցն այստեղ է։
Մամուլի հաղորդագրություն