Նոր կառավարությունը ժամանակավո՞ր է, թե՞ ոչ: Այս հարցը ոչ միայն մեդիա-փորձագիտական տիրույթում հնչող հարցերից է, այլ նաև հանրային, քաղաքացիական շրջանակներում: Լինելո՞ւ են արտահերթ ընտրություններ, ու ե՞րբ են դրանք լինելու: Հարց, որը, ըստ էության, չունի պատասխան, թեև արտահերթ ընտրությունը հենց սկզբից եղել է թավշյա հեղափոխության հռչակած «ճանապարհային քարտեզի» հանգրվաններից մեկը, այսինքն՝ վերջինը, որից հետո ենթադրաբար քաղաքական գործընթացները պետք է մտնեին գերազանցապես քաղաքական ինստիտուցիոնալ բնույթ կամ այսպես ասած՝ լիովին վերադառնային դահլիճ:
Սակայն երևում է, որ հարցի պատասխանը չունի ինքնին հենց հեղափոխությունը, որը առնվազն կիսով չափ՝ գործադիր իշխանության մասով այլևս իշխանություն է կամ մեկ-երրորդով՝ նկատի ունենալով նաև, որ դեռ կա ոչ միայն օրենսդիր, այլ դատական իշխանության թևը: Իհարկե, դատական իշխանությունը անկախ իշխանությունն է, սակայն խնդիրն այն է, որ նույնիսկ այդ մասով իրավիճակը դեռևս հարաբերական-հակասականության մեջ է:
Մի բան երևի թե հստակ է, որ իրավիճակն անկասկած չի կարող լինել երկարատև, մինչև հաջորդ ընտրական հերթական փուլ՝ 2022 թվական, որովհետև այն չունի կայուն մակարդակում երկար ձգվելու ռեսուրս: Կա գործադիր իշխանություն, որը չունի խորհրդարանական կայուն մեծամասնություն, և ըստ այդմ՝ հնարավոր չէ տևական ժամանակ պահել պետությունն այդ ականի վրա: Դրա մի տարբերակ կա միայն՝ եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա նույնքան երկար պահել իր հանրային գերբարձր վստահությունը և մեկ բառով կարողանա հանրությանը աջակցության կոչել այս կամ այն քաղաքական սաբոտաժի դեմ կամ նախաձեռնության օգտին:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում