Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետհեղափոխության» առանձնահատկությունները

Մայիս 15,2018 09:59

Իմ կյանքի օրոք Հայաստանում եղել է 3 իշխանափոխություն: 1990 թվականին կոմունիստներին փոխարինեցին ՀՀՇ-ականները, 1998-ին ՀՀՇ-ին փոխարինեց այդ իսկ իշխանության ներսում ձեւավորված խումբը, որը վառ արտահայտված կուսակցական պատկանելություն չուներ, բայց ի վերջո հանգեցրեց ՀՀԿ-ական իշխանության: Եվ, վերջապես, 2018-ին իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը, որն այս պահին ունի ՀՀ քաղաքացիների եւ աշխարհում սփռված հայերի մեծամասնության անվերապահ աջակցությունը:

Ընդհանուր առմամբ, բոլոր տեսակի վերապահումներով, այդ իշխանափոխությունները դրական էին գոնե այն առումով, որ փոփոխությունն ավելի լավ է, քան լճացումը, նոր իմպուլսները, նոր մոտեցումները հնարավորություն են ստեղծում վերանայելու մոտ անցյալը, դասեր քաղելու եւ փորձելու գնալ առաջ: Խոսքը հատկապես առաջին եւ երրորդ իշխանափոխությունների մասին է, երբ գործընթացին անմիջականորեն մասնակցում է հասարակությունը:

Սակայն 28 տարի շարունակ այդ գործընթացներին հետեւող մարդկանց համար կարեւոր են վերապահումները, մտահոգությունները, որոնք պետք է ընկալել ոչ թե որպես «չուզողության» դրսեւորում, ոչ թե որպես պայծառ հեղափոխական տրամադրությունը փչացնելու փորձ, այլ որպես բարեկամական խորհուրդ, հիշեցում, նախազգուշացում, զգոն լինելու հորդոր: Եվ այսպես, 1990 թվականին ամեն թփի տակ փնտրում էին «թաքնված կոմունիստների», 1998-ին՝ «ռեւանշի ձգտող ՀՀՇ-ականների», իսկ հիմա՝ «ծպտյալ ՀՀԿ-ականների»: Այդպես է, իհարկե, ոչ միայն Հայաստանում, այդպես էր ցանկացած հեղափոխությունից հետո՝ ֆրանսիական, ռուսական եւ այլն: Հեղափոխությունից հետո շատերին թվում է, որ աշխարհը բաժանվում է երկու մասերի՝ «հաղթած ժողովրդի» եւ «տապալված հրեշի» (մնացած որակումներն այստեղ չեմ գրում՝ տեղ խնայելու համար): Դա անխուսափելի ժամանակաշրջան է՝ պարզապես ցանկալի է, որ Հայաստանում այն կարճ տեւի:

«Հետհեղափոխության» բացասական դրսեւորումներից է հաղթանակած թիմի վստահությունն իր անսխալականության մեջ: Ավելին՝ եթե նրանք նույնն են անում, ինչ անում էին նախորդները, դա միանգամայն ընդունելի են համարում, որովհետեւ իրենք լավն են, արդար են եւ բարոյաքաղաքական առումով տարբերվում են նախորդներից: Օրինակ՝ երբ նոր իշխանության ներկայացուցիչները սկսում են ընտրություններ կեղծել, նրանք ասում են՝ «մերն ուրիշ է, մեզ կարելի է, բա ի՞նչ անենք, հո իշխանությունը չե՞նք տա այն անիծյալ կոմունիստներին (ՀՀՇ-ականներին, ՀՀԿ-ականներին)»: Նույնը՝ բոլոր մնացած արատները, որոնք գոյություն են ունեցել «նախորդ հանցավոր ռեժիմի» ժամանակ:

Բարեկամներիցս մեկն ասել է. «Հեղափոխությունն այն ժամանակ հնարավոր կլինի հաղթած համարել, եթե հաջորդի հաջորդ, այսինքն` արդեն հերթական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու նրան աջակցող ուժերը պարտվեն»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. henri says:

    Իմ պարագաս ալ գրեթէ նոյնն է-
    Ես ալ ապրած եմ այդ երեք հանգրուանները և ամբողջութեամբ կը բաժնեմ ձեր տեսակէտը;
    Լաւագոյն լուծումը պիտի կայանար որ Շարժումին տկարանալու պարագային մեր նմաններուն
    յանձնէին իշխանութիւնը ???
    Մօտիկ բարեկամ մը ըսաւ – սիրելիս հակառակ փորձառութեանդ ,մի քանի ամիս ետք, դու ալ կը
    դառնաս իրենց նման ; /այլեւս չեմ մտածեր այդ մասին/.

  2. Ruben says:

    «Тот, кто платит, тот и заказывает музыку»

    Ո՞վ կարող է պատասխանել երկու հարցի.՝

    1. Ու՞մ է ենթակա (ենթարկվում, ո՞ր պետական մարմնին, 1993-2018) հանրապետության կենտրոնական բանկը:

    2. Փաշինյանը երբեւէ որեւէ բան ասե՞լ է կենտրոնական բանկի մասին եւ բանկի նախագահին փոխելու վերաբերյալ:

  3. Հ.Շ. says:

    « աշխարհում սփռված հայերի մեծամասնության անվերապահ աջակցությունը »

    սա, կամայական հաստատում է.

    արդեօք նկատի ունէք բացառապէս ֆէյսպուքեա՞ն «իրականութիւնը»… այդ իսկ վիճելի է, թուաբանականօրէն.

    դարձեալ, լռութիւնը չփոթվում է հաւանութեան հետ. բայց «աջակցութի՞ւն»… սփիւռքից քանի՞հատ հայ գնաց Հայաստան, ցոյցերի ընթացքին… կամ նոյնիսկ այսօր իսկ… իսկ դրսում դեսպանատուներու առջեւ ցոյց կատարողները, որոնք արդէն իսկ գաղութների ընդհանուր թիւին համեմատաբար սակաւաթիւ էին, Հայաստանից փախած հայերն էին…

    նոյնիսկ կան շատեր որոնք խորապէս դժգոհ էին նախկին վարչակարգէն, սակայն համաձայն չեն կատարուածին հետ. խելքը գլխին ոեւէ հայ չի կրնար չտեսնել այս աստիճան անկայունութեան, քաոսային վիճակի վնասները, վտանգները.

    այս պահին, Հայաստանում պետութիւն չկայ. բացառանէս փողոցի ուժի միջոցաւ խորհրդարանին պարտադրուած «վարչապետ» մը կայ, եւ իր կազմած հետեւաբար նոյնքան անիրաւացի «կառավարութիւն».

    այսպէս, օրէնսդիր իշխանութիւնը փողոցի պատանդն է. իրաւացի գործադիր իշխանութիւն չկայ. եւ դատարաններու նկատմամբ, զերո յարգանք.

    ո՞ւր է պետութիւնը…

  4. Հ.Շ. says:

    իսկ եթէ «վարչապետին» պաշտօնին երաւացիութիւնը հիմնուած պիտի սեպենք արտաքին պետութիւնների ճանաչումով, հետաքրքիր է… ուրեմն երբ նիւթը կը վերաբերի Հայոց Պետութեան էական իրաւացիութեան, օտարների խօսքը աւելի բարձր է քան թէ Հայաստանի Սահմանադրութիւնը, արտաքին կարծիքը կը գերադասէ Օրէնքի Գերակայութեան տարրական չափանիշները իսկ, Հայաստանում

    պարզ է…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031