Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Ռիխարդ Գրինդելը քննադատել է Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Մեսութ Օզիլին եւ Իլկայ Գյունդոգանին Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թաիպ Էրդողանին այցելելու եւ նրա հետ լուսանկարվելու համար:
Էրդողանն այժմ աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում: Լոնդոնում նա հանդիպել է Թուրքիայի հավաքականի եւ «Էվերթոնի» հարձակվող Ջենեկ Տոսունի եւ վերը նշված երկու ֆուտբոլիստների հետ:
«ԳՖՄ-ն հարգում է մեր խաղացողների հատուկ կարգավիճակը եւ այլ երկրի ծագում ունենալը, սակայն հավատարիմ է արժեքներին, որոնք պարոն Էրդողանը չի պահպանում: Լավ չէ, որ մեր ազգային թիմի ֆուտբոլիստները որպես գործիք օգտագործվել են նրա նախընտրական կամպանիայի համար», – իր թվիթերում գրառել է Գրինդելը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ