Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է հարուստներին դեմ». Էդմոն Մարուքյանը պարզաբանում է, թե որ օլիգարխները չպետք է մտնեն իշխանություն

Մայիս 15,2018 00:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ պաշտոնը ստանձնելը հայտարարել էր, որ նոր կառավարության մեջ օլիգարխներ չպետք է լինեն: Փոխվարչապետ  Արարատ Միրզոյանը նույնպես հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրաված չեն լինելու:

Այս առնչությամբ Aravot.am-ը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ սա չի՞ նշանակում, որ, օրինակ, Գագիկ Ծառուկյանին պետք է իշխանությունից կիլոմետրերով հեռու պահել: Նա պատասխանեց. «Ես չգիտեմ հայտարարությունն ինչ կոնտեքստում է արվել, չեմ կարող ասել, թե ինչ են նկատի ունեցել: Ըստ էության, կարող են օլիգարխները չլինեն, կարող են լինել նրանց մարդիկ, մասնակցեն ընտրություններին: Հազար ու մի բան կարող է լինել, եկեք չշտապենք»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը, որպես «Ելք» խմբակցության անդամ, ամեն ինչ անելու է, որ նույն պատկերը չլինի, ինչ միշտ եղել է, փոփոխությունները մարդիկ զգան: Հարցին՝ չե՞ք թողնելու, որ օլիգարխներ մտնեն խորհրդարան՝ նա պատասխանեց. «Ո՞նց կարելի է, եթե մեկը առաջադրվել է, մասնակցում է ընտրություններին, իրավական ի՞նչ ընթացակարգ կա չթողնելու: Ես չգիտեմ այդ հայտարարությունը, որ օլիգարխներ չեն լինելու, ինչ իմաստով է արվել: Ենթադրում եմ, որ խոսքը գնացել է որոշակի բենեֆիթներ ունեցող օլիգարխների մասին՝ մարդն ունի մոնոպոլ հնարավորություն իշխանության կողմից տրված, սրանք պիտի սահմանափակվեն, թե չէ որ մեկը հարուստ է՝ դա նորմալ է, դա լավ է, թող հարուստները շատ լինեն Հայաստանում, տնտեսությունը զարգացնեն, իրենց փողերը այստեղ ներդնեն, չտանեն դուրս: Ո՞վ է հարուստներին դեմ, վերջին հաշվով ամբողջ աշխարհում՝ զարգացած երկրներում հարուստներն են տնտեսությունն առաջ մղում: Բայց մեկը, եթե ունի ավելի բացառիկ հնարավորություն, քան մյուսները, դա արդեն խախտում է»:

Մեր դիտարկմանը՝ մոնոպոլ ասում եք, ոնց որ թե մենակ Սամվել Ալեքսանյանի կանաչ լո՞ւյսն է մարելու՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես նման բան չասացի՝ բոլորը, ովքեր ունեն մոնոպոլիաներ, որոնք տրված են իշխանության կողմից,որոնք անօրինական են եւ սահմանափակում են մյուսների իրավունքներն ու հնարավորությունները, պետք է սահմանափակվեն՝ առանց խտրականության, ով ուզում է նա լինի: Մեր խմբակցությունում, գիտեք, որ օլիգարխ չկա, չի էլ լինի: Ես կարծում եմ, որ հարուստ լինելը, գործարար լինելը լավ բան է: Կարող են նաեւ հարուստներ լինեն, որոնք քաղաքականությամբ զբաղվում են, բայց նրանք չպիտի տարբերվեն մյուս քաղաքականությամբ զբաղվողներից: Սա է իմ պատկերացրածը՝ այդ հայտարարության համատեքստում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031