Պարզաբանում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների համակարգող` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից, Մանրածախ բիզնեսի տնօրինության Երևանի տարածաշրջանի տարածքային վարչության պետի տեղակալ (թեև հրապարակված հոդվածում իր կողմից նշվել է վարչության պետ) Արման Օնիկի Սիմոնյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված բաց նամակի վերաբերյալ:
2010թ. օգոստոսի 07-ից գործողության մեջ է դրվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 24.06.2010թ. ընդունված օրենքը, որի համաձայն վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում այս օրերի համար գործատուն վճարում է օրենսգրքով սահմանված կարգով միջին աշխատավարձ: 24.06.2010թ. ընդունված օրենքին հետադարձ ուժ չի տրվել:
Բացի այդ, 23.07.2012թ. գրությամբ և 29.05.2013թ. որոշմամբ առկա է ՀՀ աշխատանքի պետական տեսչության դիրքորոշումը, ըստ որի օրենքի նշված փոփոխությունը հետադարձ ուժ չունի, որին համապատասխանում են «Արդշինբանկ» ՓԲԸ գործողությունները:
Ներկայումս Բանկի 19 նախկին աշխատակիցների կողմից ներկայացված հայցադիմումների հիման վրա առկա են թվով 5 դատական գործեր, որոնք գտնվում են քննության փուլում: Նշված գործերով աշխատակիցների պահանջը վերաբերում է մինչև 2010 թվականն ընկած ժամանակաշրջանի համար չօգտագործված, սակայն նախկինում արդեն իսկ վճարված արձակուրդային օրերի համար կրկին անգամ վճարելուն:
Հարկ է նշել, որ առկա են նաև թվով 3 ավարտված գործեր և դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտեր, որոնցից միայն մեկով է բավարարվել նախկին աշխատակիցների հայցը, որը Բանկի կողմից պատշաճ կատարվել է: Թիվ ԵԿԴ/5303/02/15 և թիվ ԵԿԴ/3569/02/16 գործերով աշխատակիցների հայցերը մերժվել են: Ինչ վերաբերում է դիմումատու Արման Օնիկի Սիմոնյանին, ապա վերջինիս հայցը ևս թիվ ԵԿԴ/1396/02/16 գործի շրջանակներում առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է և ներկայումս գործը գտնվում է վերաքննիչ դատարանում` քննության փուլում:
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով դատարաններն (առաջին ատյան և վերաքննիչ) արձանագրել են, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավակարգավորմանը, որը լրացվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 24.06.2010 թվականին ընդունված և 07.08.2010 թվականին ուժի մեջ մտած ՀՀ օրենքով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 12-րդ հոդվածի հիմքով չի կարող տրվել հետադարձ ուժ:
«Արդշինբանկ»