Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր գյուղի բնակիչ 5-ամյա Միլենա Հովհաննիսյանի մահվան դեպքով Եղեգնաձորի բժշկական կենտրոնի ղեկավար Անահիտ Կարապետյանը որոշ մանրամասներ հայտնեց Aravot.am-ին:
Նրա պատմելով, երեխային հիվանդանոց են տեղափոխել ոչ աշխատանքային ժամին. «Եղել է աշխատանքային ժամից հետո, շտապ օգնության մեքենայով ծնողները բերել են մեզ մոտ, հեռու գյուղից են եկել, երեխան արդեն շատ վատ վիճակում է եղել, ըստ հերթապահ անձնակազմի՝արդեն իսկ, երբ իջեցրել են, երեխան մահացած է եղել, որպեսզի ինչ-որ բուժանձնակազմը օգնություն ցույց տված լինի, ծնողներին անմիջապես չասեն, արհեստական շնչառություն են տվել, բայց արդյունք չի տվել»:
Անդրադառնալով Միլենայի մոր՝ Լիլիթ Հովհաննիսյանի պնդումներին, թե երեխային այդ վիճակում անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու փոխարեն հիվանդանոցում սիստեմա են միացրել ու ստամոքսն են մաքրել՝ բուժկենտրոնի ղեկավարն ասաց. «Իրենք ճիշտ չեն ասում, ճիշտ է հիվանդանոցում մենք վերակենդանացման բաժանմունք չունենք, ընդհանրապես Վայոց Ձորում ոչ մի հիվանդանոց վերակենդանացման բաժանմունք չունի, երեխային տարել են ընդունարանին կից սենյակ, որտեղ առաջին բուժօգնություն են ցուցաբերում: Ես դեպքի վայրում չեմ եղել, բայց հերթապահ բժշկի զեկուցմամբ՝ եղել է այն, ինչ ձեզ ներկայացրի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ