Հազարավոր քաղաքացիներ, երեւի նույնիսկ շունչները պահած, սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին, կանայք՝ հատկապես: Մարդիկ Փաշինյանի, «լայֆերի» տակ հումորներ, գովազդներ, սիրո խոստովանություններ են գրում, Փաշինյանի չդադարող հազի դեմ ժողովրդական միջոցներ են առաջարկում: Մարդիկ սպասում են Փաշինյանի՝ «Բարի գիշեր, ժողովուրդ»-ին, ու մինչեւ հաջող չի անում, նրա էջից դուրս չեն գալիս:
«Բա Դուք խիղճ ունե՞ք։ Կարելի էր չէ՞ գիշերը մեզ բարի գիշեր մաղթել նոր քնել։ Շատ վատ ենք քնել»,-հումորով գրել է օգտատերերից մեկը:
Փաշինյանը շատերի համար կուռք է դարձել. ֆեյսբուքի օգտատերերը նրան «սրտիկում են», գրում են՝ «ջիգյար վարչապետ, պաչում եմ», «բարի լույս, հրաշքս», «Գանձս»: Մեկի համար Փաշինյանը «ջիգյար է» ու «թագավոր», մյուսի համար՝ սուրբ. «Հարգարժան Նիկոլ ջան, ցավդ տանեմ, դու մեր Նոյն ես եւ Հիսուս Քրիստոսը»:
Փաշինյանի ուղիղ եթերները, եթե ոմանց «տունը քանդի»՝ չզարմանաք. «Բարեւ վարչապետ: Տղաս փոքր է, ասում է՝ մամ, էս ձաձան ո՞վ է, որ ամեն գիշեր խոսում է հետդ»:
Վարչապետի էջում կան մեկնաբանություններ, որոնք արդեն «հիթ են» դարձել ու «անխնա» տարածվել.«Մի հազացեք, պարոն Փաշինյան, կախում ա», «Վաճառում եմ Նիսան Տիդա, փողոց փակած ավտո ա»:
Ճարպիկները Փաշինյանի «լայֆերի» տակ «անվտանգ» ու մարմնի հիգիենայի ծառայություններ են առաջարկում՝ ասենք՝ ոտքերի ամենաանվտանգ մազահեռացում:
Ամենաշատ «լայքած» ու «մեմ» դարձած մեկնաբանությունները Փաշինյանին առաջարկվող հազի դեմ միջոցներն են՝ դոշաբ ու սխտոր:
Օգտատերերից մեկը գրել է՝ «Paron Pashinyan dzez mezaguyn barevner»: Չէ, բայց բարեւը գույն չունի:
Aravot.am-ն առանձնացրել է զվարճալի մեկնաբանությունները:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ