Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո՛, խոշտանգում եղել է, նախաքննությունը պարզել է». Աշոտ Կարապետյանը՝ Գրիշա Վիրաբյանի մասին

Մայիս 14,2018 19:20

14 տարի առաջ դաժան ծեծի և խոշտանգման ենթարկված նախկին ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանի գործով երկար տարիների լռությունից հետո Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը որոշեց խոսել:

«Այո՛, խոշտանգում եղել է, նախաքննությունը պարզել է, բայց խոշտանգողը ոչ թե Աշոտ Կարապետյանն է, այլ այն անձինք, որոնք այս պահին դատարանում հարց ու պատասխան են իրականացնում»,- Aravot.am-ին ասաց Աշոտ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Վիրաբյանի պնդմամբ, հենց Աշոտ Կարապետյանն է իրեն խոշտանգել ընդդիմադիրների կազմակերպած ցույցերին մասնակցելու համար։

Դեռ 2012 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած նախադեպային վճռով հաստատվել է՝ Գրիշա Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգման։ ՄԻԵԴ-ը նաև պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը՝ վերաբացել հայաստանյան դատարաններում այդպես էլ լիարժեք քննություն չանցած աղմկահարույց գործը և պատժել 2004-ին ընդդիմության հանրահավաքների մասնակից Գրիշա Վիրաբյանին դաժան ծեծի ենթարկած ու խոշտանգած ոստիկաններին։

Եվրոպական դատարանի վճռից տարիներ անց գործը վերաբացվել է, նախաքննությունն արդեն ավարտվել է, երկու ոստիկանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, իսկ Աշոտ Կարապետյանի մասով քննիչը քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է ընդունել՝ հանցակազմի բացակայության հիմքով, ինչը Վիրաբյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը բողոքարկել է: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ թեեւ ՄԻԵԴ-ի որոշման մեջ արձանագրվել է խոշտանգման փաստը ու խոշտանգողի անուն նշված չէ, սակայն, խոշտանգումը վերագրվում է Աշոտ Կարապետյանին ու իրենք բողոքարկել են քննիչի որոշումը՝ թերի քննություն իրականացնելու հիմքով:

«Արդեն հասկանում եմ, որ ճշմարտությունն ապացուցելու ժամանակն է եկել, միշտ համբերել եմ, լռել եմ, որ ճշմարտությունը, ի վերջո, կխոսի Գրիշա Վիրաբյանի մեջ, եւ ինքը կդադարի իմ դեմ գործունեություն ծավալել, բայց հիմա հաղթանակելով ճշմարտությունը՝ ես հասկացա, որ ճշմարտությունը պետք է նաեւ բարձրաձայնել»,- այսպես բացատրեց Վիրաբյանի գործով տարիների իր լռությունը Աշոտ Կարապետյանը:

Նա պնդում է, որ այս տարիների ընթացքում Վիրաբյանն անհիմն իրեն մեղադրելով՝ արատավորել է իր պատիվն ու բարրի համբավը, բայց ինքը չի պատրաստվում պատիվ պահանջել դատական կարգով. «Սխալը սխալով պետք չէ պատասխանել, եթե ինքը սխալ է անում, պախարակում ոստիկանին, թեկուզ եւ մյուսների մասով, այս գործով 15-16 ոստիկան է ցուցմունք տվել, ինչու հենց Աշոտ Կարապետյանի վրա շեշտադրում անում: Չեմ ուզում չարին չարով պատասխանել, այլ բարությամբ ցույց տալ, որ պետք է ճշմարտության համար պայքարել ոչ թե չարությամբ, այլ՝ բարությամբ… Ես չեմ հասկանում այս միտումը, որ արվում է ոստիկանության գեներալ-մայորի նկատմամբ, իմ կարծիքով, իմ անունն է տալիս, որ հնչեղություն ունենա ու համացանցում ինքը դառնա երեւացող մարդ»:

Գրիշա Վիրաբյանի պաշտպան, փաստաբան Արա Ղազարյանը նաեւ մեզ հայտնեց, որ Վիրաբյանի գործով Աշոտ Կարապետյանը վերաբացված գործով առերեսումից հրաժարվել ու հեռացել է: Աշոտ Կարապետյանը բացատրեց՝ չի հեռացել, այլ. «Դա գործընթացային առումով միգուցե այդպես եք ասում, բայց ես ոչ թե հրաժարվել եմ նրա հետ տետ-ա-տետ նստելուց, այլ հրաժարվել եմ գործընթացային առումով մնացած հարցերին պատասխանելուց, քանի որ ակնհայտ շոու էր կատարվում, դիվիդենտներ ձեռք բերելու համար: Ւսկ ես ունենալով իմ իրավունքները, հասկանալով դատավարական նորմերը, օգտվելով 2003 թվականին տված առերեսման արձանագրության հիմքերից՝ ասել եմ, որ այդ հարցերին չեմ պատասխանում, որովհետեւ բազմիցս ասել եմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Բնական է, որ հասարակ ոստիկանի անունը շոշափելու դեպքում ոչ մի հնչեղության չէին հասնի։ Հասարակն հնարք, որը հեշտ բացահայտվելու է

  2. Հարություն says:

    Միանգամայն համաձայն եմ Ա.Կարապետյանի հետ, և համոզված, որ վերջինս անկեղծ է և անմեղ` կոնկրետ նաև այս փաստով: Այս վերջին մի քանի օրերին որքան բանբասանքներ
    ու հորինված պատմություններ լսեցինք նրա հասցեին: Պետք չէ հանիրավի վարկաբեկել մարդուն` առանց հիմնավոր ապացույցների…
    Միգուցե այս աղմուկն իրոք անհրաժեշտ էր Գ.Վիրաբյանին` քաղաքական ապաստան ստանալու Եվրոպայում…?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031