ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԳԴՀ զարգացման և տնտեսական համագործակցության նախարարությունում ՀՀ հարցերով ռեֆերենտ Յոհաննես Դոպֆելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Կլաուս Վենդերբերգերը, Ֆիզիկատեխնիկական դաշնային կառույցի ծրագրի համակարգող տիկին Յանին Ֆիշերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Աննե Քեմփան, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին Զառա Չատինյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բեատե Ռիխտերը, Վրաստանում ԳԴՀ դեսպանության ներկայացուցիչ Դանիել Հասսը։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Պապիկյանը խորհրդանշական է համարել իր պաշտոնավարման առաջին իսկ օրը հյուրընկալել իր գերմանացի գործընկերներին։ «Ես շատ ուրախ եմ, որ իմ պաշտոնավարման առաջին իսկ օրը հյուրընկալեցի ձեզ: Թե ես, և թե նորաստեղծ կառավարությունը շատ բարձր ենք գնահատում հայ-գերմանական առկա տնտեսական հարաբերությունները, գերմանական կառավարության աջակցությամբ տնտեսական և տեղական կառավարման ոլորտում նախորդ տարիների ընթացքում արձանագրված մեծ հաջողությունները: Շատ բարձր եմ գնահատում Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ ՀՀ մարզերում տեղական ինքնակառավարման զարգացմանն ուղղված բոլոր այն ծրագրերը, որոնք նախարարության կողմից որդեգրվել են վերջին տարիների ընթացքում»,- ասել է նախարարը:
Սուրեն Պապիկյանը հավելել է նաև, որ Հայաստանը թևակոխում է ժողովրդավարության զարգացման մի նոր փուլ և այս համատեքստում մենք կարևորում ենք համայնքների ինքնուրույնությունը և կառավարման ապակենտրոնացումը: «Ես լիահույս եմ, որ մենք կշարունակենք համագործակցությունն այս ոլորտում և Գերմանիայի միջազգային համագործակցության, Եվրոպական միության աջակցությամբ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության օգնությամբ մենք կկարողանանք կյանքի կոչել մեր առջև դրած նպատակները: Տեղական ժողովրդավարությունը և ինքնակառավարման ապակենտրոնացումը, կարծում եմ, մեր կառավարության համար առաջիկա տարիներին պետք է լինի անկյունաքարային»,- նշել է նախարարը:
ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Կլաուս Վենդերբերգերը դեսպան Քիսլերի և իր անունից սրտանց շնորհավորել է նախարարին նոր պաշտոնի ստանձնման առիթով՝ մաղթելով ամենայն հաջողություն և մեծ ծրագրեր: «Այս նախարարությունն այն կառույցն է, որը մեծ դեր ունի մեր երկկողմ համագործակցության ասպարեզում: Հավանաբար, պատահականություն է, որ մենք առաջին պատվիրակությունն ենք, որին Դուք հանդիպել եք պաշտոնավարման առաջին օրը, բայց մենք դրա մեջ խորը իմաստ ենք տեսնում: Տեղական ինքնակառավարումը մեր երեք հիմնական ուղղություններից մեկն է, որոնց շրջանակում համագործակցում ենք Հայաստանի հետ և իմ փորձառությունից կարող եմ ասել, որ Հայաստանի համայնքներում շատ մեծ ոգևորությամբ են մարդիկ ընդունում մեր աջակցությամբ իրականացված ծրագրերը և ունեն դրական արձագանք»,-ասել է փոխդեսպանը: Փոխդեսպանը նաև տեղեկացրել է, որ իրենք մեծ ուշադրությամբ են հետևել վերջին շաբաթների հայաստանյան իրադարձություններին և շնորհավորել է հայ ժողովրդին քաղաքական այսօրինակ վերափոխումները Սահմանադրության շրջանակներում խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու կապակցությամբ՝ նշելով, որ դա մեծապես դրականորեն կազդի Հայաստանի վարքի վրա ինչպես միջազգային մակարդակում, այնպես էլ Գերմանիայում։
ԳԴՀ զարգացման և տնտեսական համագործակցության նախարարությունում ՀՀ հարցերով ռեֆերենտ Յոհաննես Դոպֆելը իր հերթին ևս շնորհավորելով նախարար Պապիկյանին, համաձայնել է փոխդեսպանի այն տեսակետին, որ Գերմանիայում հանրությունը մեծ ուշադրությամբ հետևում էր տեղի ունեցող իրադարձություններին և ուրախ է, որ հայ ժողովուրդը կարողացավ Սահմանադրության շրջանակներում հասնել հարցի խաղաղ հանգուցալուծմանը: Յոհաննես Դոպֆելը ընդգծել է տեղական ինքնակառավարման ոլորտում հայ-գերմանական երկար տարիների համագործակցության փորձը և հույս հայտնել, որ ապակենտրոնացման, համայնքների զարգացման և դրանց աջակցության ցուցաբերմանն ուղղված ծրագրերից բացի հնարավոր կլինի նաև արդյունավետ համադրմամբ համագործակցել նաև բնապահպանության ոլորտում՝ սահուն կերպով շարունակելով գործող ծրագրերը:
Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ վերահաստատել է փոխադարձ համագործակցության պատրաստակամությունը և նշել, որ երկրում ձևավորված քաղաքական մթնոլորտը ունակ է նպաստել ապակենտրոնացման, ներքին ժողովրդավարության հաստատման և տեղական ենթակառուցվածքների զարգացման բոլոր ծրագրերին։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն