2018 թ. մայիսի 11-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը, ապա քննարկվեցին կողմերի միջնորդությունները: Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը հետաձգել էր մեղադրող Ս․ Խաչատրյանի միջնորդությամբ, քանի որ վերջինս նպատակ ուներ գործով տուժողների, վկաների, ամբաստանյալի ցուցմունքների հիմքով հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Դատարանը հայտարարեց, որ գործի նախաքննություն իրականացրած քննիչների և ռազմական ոստիկանության աշխատակիցների արարքում ենթադրյալ հանցակազմի առկայության հիմքով հարուցված քրեական գործերի վարույթը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է: Մ․ Ոսկանյանի շահերի պաշտպան Կ․ Բարսեղյանը հայտնեց, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում տրված ցուցմունքով Մ․ Ոսկանյանը հանցագործության դեպքի մասին տվյալներ է հայտնել, որոնք, ըստ որոշման բովանդակության, չեն քննարկվել և կարծիք հայտնեց, որ գործով մեղադրողը պետք է այդ մասով ևս զեկուցագիր ներկայացնի իրավասու մարմիններին։
Մեղադրող Ս․ Խաչատրյանը նման անհրաժեշտություն չտեսավ։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը միջնորդեց գործով պարզված կոնկրետ հանգամանքի շուրջ լրացուցիչ հարցաքննել տուժողի իրավահաջորդ Հ․ Ավետիսյանին: Միջնորդությունը բավարարվեց, և Հ․ Ավետիսյանը լրացուցիչ հարցաքննվեց։ Ամբաստանյալ Հ․ Քալաշյանի պաշտպանի միջնորդությամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 364․1-րդ հոդվածի մասով իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքով գործի վարույթը կարճվեց վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Ամբաստանյալներ Հ․ Մուրադյանի և Մ․ Ոսկանյանի պաշտպանի միջնորդությունը՝ նախաքննություն իրականացրած քննիչին, տուժող Գ․ Խաչատրյանի ընտանիքի անդամներին, ուղեկալի պետի տեղակալ Հ․ Վարդևանյանին և զորամասի հրամանատարական անձնակազմին հարցաքննելու վերաբերյալ, դատարանը մերժեց։ Դատական նիստի ընթացքում հրապարակվեցին Կ․ Բարսեղյանի կողմից դատարան ներկայացված փաստաբանական հարցումները, դրանք որպես ապացույց քննարկելու միջնորդությունը ևս մերժվեց:
Կ․ Բարսեղյանը խնդրեց ժամանակ տրամադրել այլ միջնորդություններ ներկայացնելու համար և հետաձգել դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2018 թ․ մայիսի 24-ին՝ ժամը 11։00-ին։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ