Այսօր Սոչիում մեկնարկել է «Ատոմէքսպո 2018» միջազգային ցուցահանդեսն ու համաժողովը, որին ներկա է նաեւ հայկական պատվիրակությունը:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Կարեն Ղահրամանյանն (լուսանկարում՝ աջից) անդրադառնալով միջուկային վառելիքի ձեռքբերման գներին, որոնք նախորդ երկու տարիներին Հայաստանին տրվել է, այսպես ասած, զեղչով, ասաց, որ այս պահին քննարկման փուլում է 2019-ի համար մատակարարվող վառելիքի պայմանագիրը եւ հույս հայտնեց, որ եկող տարվա համար 2018-ի համեմատությամբ, վառելիքի գինը ավելի կնվազի: Նրա խոսքով, տարեցտարի վառելիքի գները նվազելու միտում ունեն: ՀԱԷԿ-ի համար միջուկային վառելիքը Հայաստանը ձեռք է բերում «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր ձեռնարկություն հանդիսացող «Տվել» ընկերությունից:
Թե որքան ենք վճարում, կողմերն այդ մասին տեղեկատվություն չեն հրապարակում՝ ասելով, որ կոմերցիոն գաղտնիք է:
Փոխնախարարը նաեւ ասաց, որ էքսպոի շրջանակներում կազմակերպված կլոր սեղանների ժամանակ քննարկելու են նաեւ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կյանքը երկարացնելու ծրագրի կատարման ընթացքը. «Չորրորդ տուրբոգեներատորն արդեն կանգնել է վերանորոգման, հունիսի 1-ից կկանգնի 3-րդ տուրբոգեներատորը, մեր ռուս գործընկերների հետ մենք կքննարկենք այդ աշխատանքների ընթացքը»:
Մեր հարցին, թե էներգետիկայի ոլորտի պատասխանատուներն այդպես էլ հստակ չեն պատասխանում, թե ատոմակայանի որոշ էներգաբլոկների կանգառի ժամանակ հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա, պարոն Ղահրամանյանը պատասխանեց՝ «Մենք պետք է առավելագույնն անենք, որպեսզի օր առաջ ատոմային էլեկտրակայանը մտնի ցանց: Ամեն իր կանգնած օրը մեր էներգահամակարգին հետ է գցում մոտ 60 միլիոն դրամով: Մենք ամեն ինչ անում ենք, որ այն ժամկետները, որոնք նախատեսված են, ատոմակայանը մուտք անենք համակարգ»:
Փոխնախարարը նաեւ հայտնեց, որ այս տարվա ապրիլի կեսից արդիականացման նպատակով կանգնեցված 4-րդ տուրբոգեներատորը ցանց կվերադառնա այս տարվա օգոստոսի 1-ին: Իսկ 3-րդը ցանց կվերադառնա դեկտեմբերին:
Ատոմակայանի արդիականացման աշխատանքների համար ընդհանուր առմամբ հատկացվել է 300 միլիոն դոլար, որից 270 միլիոնը վարկային միջոցներ են, 30 միլիոնը՝ դրամաշնորհ: Կարեն Ղահրամանյանի հավաստմամբ, արդիականացումից հետո ՀԱԷԿ-ը կարող է 10-12 տարի անվտանգ աշխատել:
«Ատոմէքսպոր 2018 ցուցահանդեսը» կազմակերպել է «Ռոսատոմ» ընկերությունը, որը տեղի կունենա մայիսի 14-16-ը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Սոչի-Երեւան