«Երկար ժամանակ իշխանությունների հետ պայքարի հիմքում դրված էր քաղաքական բովանդակություն ունեցող շարժման ձևակերպումը, բայց նման քաղաքական բովանդակությամբ շարժումները ապագա չեն ունենում, դրա համար մշակվեց մեկ այլ ծրագիր ստեղծել տեխնոլոգիական գործընթաց քաղաքացիական անհնազանդության գործընթաց՝ մերժիր Սերժին»,- այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ նշելով, որ նախկինում էլ էին քաղաքացիական անհնազանդության գործողություններ իրականացվել՝ստուգելու՝ արդյունք կտա նման պայքարի ձեւը, թե՝ ոչ: Ըստ նրա՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը լավ մշակված էր, ու այդ գործընթացում իրենց դերակատարումն ունեցան իշխող թեւի ներկայացուցիչներ, որովհետեւ ոչ բոլորին էր ձեռնտու, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ:
Նրա խոսքով, իշխող թեւի ներկայացուցիչներն էլ սխալվեցին, որովհետեւ կարծում էին, որ ամբողջ շարժումը կավարտվի Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալով. «Ըստ իրենց՝ այս շարժումը Սերժ Սարգսյանի դեմ էր ուղղված, բայց չէին մտածում, որ այս շարժումը ուղղված է քաղաքական համակարգի դեմ: ՀՀ քաղաքական համակարգը վերաֆորմատավորվեց»:
Ըստ նրա՝ առաջիկայում կլինեն նաեւ մարզպետերի ու խոշոր համայնքների ղեկավարների փոփոխություններ. «Նոր իշխանությունը կամրապնդի իր վարչական ռեսուրսները»:
Անդրադառնալով նոր կառավարությանը՝ քաղտեխնոլոգն ասաց. «Սա ժամանակավոր կառավարություն է, անկախ նրանից՝ քանի ամիս կաշխատի: Այն մենաշնորհների վերացման, դատաիրավական համակարգի փոփոխության, որակի հարց պետք է լուծի, դեռ կան գլխավոր դատախազ, ՀՔԾ և Քննչական կոմիտեի ղեկավարներ, որոնք հին իշխանության ներկայացուցիչներն են: Հայաստանը դուրս է գալիս վասալային այդ գործընթացից, դրական է, որ որոշ նախարարներ չհայտնվեցին նոր կառավարությունում՝ Արտաքին գործերի, Սփյուռքի, Պաշտպանության և արդարադատության նախարարները, նրանք նախկին իշխանության խորհրդանիշներն էին, դա դրական էր, իսկ ամբողջովին աշխատանքը դրական կլինի, թե ոչ, կերևա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ