«Այս նորամուծության շնորհիվ Չեռնոբիլի եւ Ֆուկուսիմայի ատոմակայանների պես ծանր վթարները կկանխվեն»,-ներկայացնելով միջուկային էներգետիկայի ոլորտում կատարած նոր գյուտը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը: Նրա խոսքով, ատոմի էլեկտրոնային թաղանթը պատելով ցիրկոնիում-մոլիբդենի շերտով, նոր թաղանթ է ստեղծում, ինչը հնարավորություն է տալիս բարձր ջերմաստիճանի դեպքում գոլորշու հետ ռեակցիայի մեջ չմտնել, որն էլ էականորեն նվազեցնում է ծանր վթարների ռիսկը. «Եթե հասնեն վերջնական արդյունքի եւ այդպիսի ծածկույթ ապահովեն, ատոմակայանների անվտանգությունն էականորեն կբարձրանա եւ կարող ենք վթարային երեւույթներից խույս տալ»:
Պարոն Պետրոսյանին հանդիպեցինք Սոչիում մայիսի 14-16-ը կազմակերպված «Ատոմէքսպո 2018» միջազգային ցուցահանդեսում, որտեղ նա ծանոթանում էր միջուկային էներգետիկայի նորություններին:
Մեր հարցին, թե վառելիքը նոր, ավելի անվտանգ տեխնոլոգիայով ստանալն արդյոք չի՞ բարձրացնի էլեկտրաէներգիայի գինը, պարոն Պետրոսյանն ի պատասխան ասաց, որ այն ծախսատար չէ եւ որեւէ ազդեցություն սակագնի վրա չի ունենա:
Հիշեցնենք, որ Հայաստանը ՀԱԷԿ-ի համար միջուկային վառելիքը ձեռք է բերում «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր ձեռնարկություն հանդիսացող «Տվել» ընկերությունից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ