Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո առաջիկայում Հայաստան կայցելի ԱՄՆ-ի Հայ իրավաբանների միության խորհրդի անդամ Գարո Ղազարյանը: Այս մասին նա հայտնել է HorizonArmenianTv-ով հեռարձակվող «Երեկոն Մայք Սարյանի հետ» հաղորդման շրջանակում:
Անդրադառնալով հավաքների ժամանակ ոստիկանության գործողություններին՝ նշել է, որ այդ օրերին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շատ ակտիվ է արձագանքել ոստիկանության գործողություներին:
«Առաջիկայում Հայաստան այցելելիս ես և իմ թիմը պետք է պարտադիր հանդիպենք Օմբուդսմանի հետ»,- ասել է Գարո Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքում հավաքներ նախաձեռնելու օրվանից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է շուրջօրյա ռեժիմով։ Այդ օրերին թեժ գծին ստացվել է հավաքների մասնակիցների իրավունքներին առնչվող 459 ահազանգ: Իրականացվել է նաև ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի շուրջօրյա դիտարկում: Ոստիկանության բաժիններ և ձերբակալվածներին պահելու վայրեր կատարած 70 այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել բերման ենթարկված 974 անձի հետ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ձերբակալվածի կարգավիճակ ունեցող 22 անձի հետ: Այցերի ընթացքում բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների, համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել են խախտումներ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի՝ այցերի արդյունքում արձանագրված խնդիրները, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված բողոքներն ամփոփվել են և սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում, ըստ իրավասության, ուղարկվել են համապատասխան, այդ թվում՝ քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն ունեցող մարմիններին:
Մամուլի հաղորդագրություն