Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ է, որ կառավարության անդամները հայտնի չեն, այլ բան է կոմպետենտությունը». Ազատ Արշակյան

Մայիս 14,2018 17:17

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ լավ է, որ ՀՀ նոր կառավարության անդամները հայտնի չեն: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Արշակյանն այս առիթով պարզաբանեց. «Հայտնի լինել նշանակում է կենսագրությունում մտած լինել նախորդ ռեժիմի կատարած գործունեության մեջ: Լավ է, որ նրանք նոր մարդիկ են»:

Սակայն պարոն Արշակյանը բարձրացրեց կոմպետենտության հարցը. «Հիմա արդեն ուրիշ խնդիր կա. «Կառավարության անդամները կոմպետե՞նտ են, թե՞ ոչ: Դա արդեն ինձ անհանգստացնում է: Ազնիվ, լավ մարդը պարտադիր չէ, որ լավ մասնագետ լինի և գործը լավ կատարի: Վարչապետը վստահ է՝ ինքը մենակ է ղեկավարելու, իսկ նոր նշանակված կառավարության անդամները նրան օգնելու են: Պիտի խոսենք այն մասին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է ՀՀ-ն ղեկավարել իր օգնականներով, քանի որ նրանք՝ կառավարության անդամները, հիմա Փաշինյանի օգնականներն են»:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Սարուխանյանի համոզմամբ՝ նոր վարչապետի իրավունքն է կազմել այնպիսի կառավարություն, ում հետ ինքն ավելի հարմարավետ կզգա և ավելի արդյունավետ կաշխատի: Բավականին երիտասարդ կառավարություն է, կարելի է կարծիք հայտնել միայն այն ժամանակ, երբ հասկանանք, թե ուր է փորձում տանել մեր երկիրը: Եթե իրենց ծրագրում չլինի նոր սահմանադրությունը վերացնելու ուղի, ուրեմն այս ամբողջը չի կարելի հեղափոխություն կոչել, այլ ընդամենը իշխանափոխություն, իշխանավորին փոխել, բայց երկիրը շարունակելու է իր ուղին կոռումպացված, փտած օրենքներով: Երիտասարդ կադրեր են, կարող է արագ հմտանան իրենց գործունեության մեջ»:

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը հայտարարեց՝ բոլորս այնպես պիտի անենք, որ այս կառավարությունը հաջողի, այնուհետև անդրադարձավ ոստիկանապետի և ԱԱԾ ղեկավարի նշանակմանը: ԱԱԾ պետի մասին ասաց. «Նա իր վրա վերցրեց սարսափելի ծանր գործ: Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչով պետք է նա զբաղվի: Անհամապատասխանություն էր: Նա անվտանգության ղեկավարի ուսերին դրեց տասը տարվա անդադար թալանի բացահայտման խնդիրը: Հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանը պարտադիր կնայի ողջ համակարգը և այնտեղ փոփոխություններ կմտցնի կոնկրետ սպայական անձնակազմի թվի վերաբերյալ: Պետք է այստեղ նոր միավոր ստեղծել»:

Դառնալով ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակմանը՝ Գուրգեն Եղիազարյանը ողջունեց այն, ակնկալեց բեղմնավոր աշխատանք. «Վարչապետն էլ ուղիղ ձևով ուշադրությունը հրավիրեց, որ մենք քրեածին միջավայր չպետք է ունենանք: Ոստիկանությանը տարիներ շարունակ ուղղորդել են այս հանրահավաքից այն հանրահավաքը: Հրապարակներում տեսել եմ քրեական հետախուզության աշխատողների, որոնք փոխանակ զբաղվեին քրեածին տարրերով, զբաղվում էին մեզանով: Հուսով եմ՝ նոր ոստիկանապետն այդ ամենից գլուխ կհանի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031